ԼՂՀ ԱԳՆ ղեկավարի խորհրդականի ելույթը՝ մոսկովյան «կլոր սեղանին»


ԼՂՀ ԱԳՆ ղեկավարի խորհրդականի ելույթը՝ մոսկովյան «կլոր սեղանին»

  • 23-03-2012 17:30:33   |   |  Քաղաքական
Մարտի 21-ին Մոսկվայում, Ռազմավարական հետազոտությունների ռուսաստանյան ինստիտուտում անց է կացվել միջազգային գիտագործնական «կլոր սեղան» «Թուրքական գործոնը Մերձավոր Արեւելքում եւ հետխորհրդային տարածքում»: Միջոցառման նպատակն էր` ՌԴ ազգային անվտանգության համատեքստով գիտագործնականորեն իմաստավորել արդի Թուրքիայի քաղաքականությունը Մեծ Կովկասի տարածաշրջանում եւ նախկին ԽՍՀՄ տարածքում: Քննարկվել են հետեւյալ թեմաները. միջազգային անվտանգության հիմնախնդիրները Թուրքիա եւ Մեծ Մերձավոր Արեւելք տարածաշրջանային համատեքստում, թուրքական պետության անկայունության ներքին գործոնները, Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը, Թուրքիայի դիրքորոշումը, Կովկասում ՌԴ, Թուրքիայի եւ տարածաշրջանի մյուս պետություների մասնակցությամբ ինտեգրման նախագծերի հեռանկարները, Թուրքիայի կրոնական եւ հասարակական-քաղաքական ազդեցությունը հետխորհրդային տարածքում եւ Ռուսաստանի թուրքաբնակ տարածաշրջաններում: «Կլոր սեղանի» աշխատանքին մասնակցել են 60-ից ավելի փորձագետներ եւ լրագրողներ, կարդացվել է 13 զեկուցում, մասնակիցներից շատերը ելույթներով հանդես են եկել բանավեճերի ժամանակ: Համաժողովում ներկայացվել են ռուսաստանյան առաջատար գիտական ինստիտուտներ եւ վերլուծական կենտրոններ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից հանդես է եկել ԼՂՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական, պատմագիտության թեկնածու Ռուբեն Զարգարյանը` «Լեռնային Ղարաբաղն ու Ռուսաստանը ինտեգրման նախագծերում եւ Թուրքիայի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության մեջ» զեկուցմամբ, որն ակտիվորեն պաշտպանել են «կլոր սեղանի» մասնակիցներն ու վարողները: Իր ելույթում Ռ. Զարգարյանը վերլուծության է ենթարկել Արեւելամիջերկրածովյան շրջանակներում ինտեգրման նախագծերին ԼՂՀ եւ Ռուսաստանի մասնակցության հեռանկարները: Ընդգծվել է, որ ղարաբաղյան պետության բարեհաջող կազմավորումը մեկն է այն գործոններից, որոնք ձեւավորում են տարածաշրջանի կայունության եւ զարգացման համակարգը: Ռ.Զարգարյանի զեկուցման մյուս թեման նվիրված էր ԼՂՀ եւ Հայաստանի նկատմամբ պաշտոնական Թուրքիայի վարած առճակատման քաղաքականությանը: Ընդսմին, զեկուցողը նշել է, որ Թուրքիայի համար շատ ավելի շահեկան կլիներ, եթե նա իր հակաղարաբաղյան եւ հակահայկական դիրքորոշումը փոխարիներ ԼՂՀ եւ Հայաստանի հետ համագրրծակցելու քաղաքականությամբ: Նկատելով, որ մի շարք թուրք քաղաքագետներ հայտարարում են, թե Թուրքիան ըմբռնում է ԼՂՀ անկախության անշրջելիությունը, Զարգարյանն ընդգծել է` Թուրքիան, իբրեւ վստահության միջոց եւ բարի կամքի դրսեւորում, լիովին կարող էր ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը եւ նրա հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ, ինչը կնպաստեր հակամարտության կարգավորման առաջընթացին: Ռ. Զարգարյանի ելույթի երրորդ թեման վերաբերում էր ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական հարցերին, Ադրբեջանի ապակառուցողական եւ ագրեսիվ քաղաքականությանը, ԼՂՀ միջազգային-իրավական դիրքորոշմանը: Զեկուցողը նշել է, որ ԼՂՀ յոթ վերաինտեգրված շրջանների նկատմամբ Ադրբեջանի տարածքային նկրտումները պետք է դիտարկել իբրեւ անընդունելի եւ ոչ տեղին, որոնք խոչընդոտում են ԼՂՀ եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրմանը: Նրա խոսքերով, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելը, ագրեսիան վերսկսելու` Բաքվի վարչախմբի հարաճուն սպասռնալիքները, ինչպես նաեւ ադրբեջանական կողմի սահմանային ռազմական սադրանքների աճը կարող են իբրեւ դաս ծառայել այն իմաստով, որ միայն ու միայն բանակցությունները բավարար չեն խաղաղության ապահովման եւ կարգավորման համար եւ անհրաժեշտ է պատասխանատվությամբ վերաբերվել միջազգային իրավունքին: «Բաքվի վարչախումբը ցուցադրաբար անտեսում է միջազգային իրավունքը, ձեռնարկում հակաիրավական քայլեր, որպեսզի կասկածի տակ դրվեն ԼՂՀ ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը»,-ասել է ԼՂՀ ԱԳՆ ղեկավարի խորհրդականը, նշելով, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության քաղաքակիրթ եւ հաստատուն կարգավորումը պետք է հիմնվի հետեւյալ 5 սկզբունքների վրա. ԼՂՀ կարգավիճակի որոշում` որպես Լեռնային Ղարաբաղի ժողովրդի բացառիկ իրավունք, միջազգային հանրության կողմից ԼՂՀ պետական անկախության լիակատար ճանաչում, ԼՂՀ եւ Ադրբեջանի Հանրապետության անկախության փոխադարձ ճանաչում, Լեռնային Ղարաբաղի տարածքային ամբողջականության վերականգնում, վեճերի խաղաղ լուծում եւ ուժ կամ ուժի սպառնալիքի չգործադրում: ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ զեկուցման մեջ ընդգծվել է` անհրաժեշտ է ի վերջո ԼՂՀ անկախությունը ճանաչել որպես մի գործոն, որով պայմանավորված են ոչ միայն Կովկասյան տարածաշրջանի, այլեւ Արեւելելամիջերկրածովյան Նեոբյուզանդական քաղաքակրթության տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play