Մոլդովայի բնապահպանության ոլորտի փորձագետները ԵԱՀԿ աջակցությամբ ուսումնասիրում են բնապահպանական տեղեկատվության կենտրոնների փորձը Հայաստանում


Մոլդովայի բնապահպանության ոլորտի փորձագետները ԵԱՀԿ աջակցությամբ ուսումնասիրում են բնապահպանական տեղեկատվության կենտրոնների փորձը Հայաստանում

  • 28-10-2010 13:04:30   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի, 2010թ. – Մոլդովայի շրջակա միջավայրի պահպանման փորձագետները ուսումնասիրեցին բնապահպանական տեղեկատվության Օրհուս կենտրոնների հիմնադրման եւ գործունեության հայկական փորձը ԵԱՀԿ ջանքերով կազմակերպված ուսումնասիրության այցի ընթացքում: Մոլդովայի բնապահպանության նախարարության եւ մերձդնեստրյան շրջանի «Էկոսպեկտրում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները այցելեցին Երեւանի, Դիլիջանի, Գավառի եւ Հրազդանի բնապահպանական տեղեկատվության Օրհուս կենտրոնները: ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ գործող այս կենտրոնները հանրությանը տրամադրում են շրջակա միջավայրի մասին տեղեկատվության մատչելիություն եւ խթանում են հասարակության մասնակցությունը շրջակա միջավայրին առնչվող որոշումների կայացման գործընթացներում` ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի Օրհուսի կոնվենցիայի համաձայն: Հայաստանյան Օրհուս ցանցի, քաղաքացիական հասարակության անդամները եւ պետական մարմինների ներկայացուցիչները ներկայացրեցին Օրհուսի կոնվենցիայի իրագործման սեփական փորձը: « Հանրային մասնակցությունը որոշումների կայացման գործընթացում ժողովրդավարության հիմնաքարերից է, եւ Օրհուսների ցանցը շրջակա միջավայրի պահպանման ասպարեզում ժողովրդավարության խթանման արդյունավետ գործիք է: Գոհունակությամբ կարող եմ նշել, որ Հայաստնում Օրհուս կենտրոնների հիմնադրման եւ գործունեության փորձը համարվում է հաջողակ, եւ մենք ուրախ ենք ներկայացնել մեր փորձն այս ոլորտում», - ասաց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար դեսպան Սերգեյ Կապինոսը: Մոլդովայի շրջակա միջավայրի նախարարության հանրային տեղեկատվության հարցերով ավագ խորհրդատու Ռուսլան Սոչիրկան հավելեց. «Այս այցը հիանալի հնարավորություն է ուսումնասիրելու մեր հայ գործընկերների` բնապահպանական հանրային տեղեկատվության Օրհուս կենտրոնների կենսունակ ցանցի ներդրման ծավալուն փորձը եւ ընդարձակելու գործակցությունը ԵԱՀԿ տարածաշրջանում»: Մոլդովայի պետական մարմինները նախատեսում են հիմնադրել Օրհուս կենտրոն, մինչդեռ 2011 թվականին Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում տեղի կունենա Օրհուսի կոնվենցիայի մասնակիցների հանդիպումը: ԵԱՀԿ առաքելությունը ֆինանսավորել է փորձագետների այցը` ի պատասխան Մոլդովայի բնապահպանության նախարարության հայցի:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play