Պաշտպանը կոչ է անում բնապահպան ակտիվիստներին՝զերծ մնալ ՀՀ օրենսդրությանը հակասող գործողություններից


Պաշտպանը կոչ է անում բնապահպան ակտիվիստներին՝զերծ մնալ ՀՀ օրենսդրությանը հակասող գործողություններից

  • 28-03-2012 18:41:31   | Հայաստան  |  Իրավունք
Մարտի 28-ին Մաշտոցի պուրակում տաղավարների տեղադրման դեմ բողոքող բնապահպան ակտիվիստները բաց նամակ են հղել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ տեղեկացնելով, որ մարտի 31-ին ապամոնտաժելու են կրպակները, նաեւ պահանջելով ապահովել կրպակներն ապամոնտաժող 10 քաղաքացիների ազատ մոտեցումը տաղավարներին` դրանց ապամոնտաժման աշխատանքները կատարելու համար, ապամոնտաժման աշխատանքների ժամանակ ապահովել հասարակական կարգի պահպանությունը եւ աշխատանքներ իրականացնող անձանց անվտանգությունը: Հնարավորինս աջակցելով Մաշտոցի պուրակում տաղավարների տեղադրման գործընթացում բնապահպան ակտիվիստների գործունեությանը եւ հայտնելով խնդրին համատեղ լուծումներ գտնելու պատրաստակամությունս` միեւնույն ժամանակ կոչ եմ անում նախաձեռնության մասնակիցներին զերծ մնալ սեփական նախաձեռնությամբ մասնավոր իրավաբանական անձի պատկանող տաղավարների ապամոնտաժման գործողություններից, որոնք կարող են գնահատվել որպես ՀՀ օրենսդրության պահանջներին ուղղակիորեն հակասող գործողություններ` հանգեցնելով համապատասխան իրավական հետեւանքների: Հորդորում ենք մեր համաքաղաքացիներին շարունակել իրենց համոզմունքների եւ հայացքների համար պայքարը` բացառապես իրավական գործընթացների շրջանակներում եւ օրենքով չարգելված բոլոր միջոցներով: Մինչեւ տվյալ խնդրի վերաբերյալ առաջիկա շաբաթներին հանրությանը իմ վերջնական իրավական գնահատականը ներկայացնելը, որպես ընդհանուր սկզբունք բոլոր իրավիճակների համար, անհրաժեշտ եմ համարում նշել, որ նույնիսկ ապօրինի գործողություններին չի կարելի հակազդել ապօրինությամբ: Մաշտոցի պուրակում տաղավարների տեղադրման իրավաչափության հարցը դեռեւս գտնվում է մեր ուսումնասիրման եւ քննարկման փուլում, պատրաստակամ ենք շարունակել համագործակցությունը քաղաքացիական նախաձեռնության կազմակերպությունների եւ անձանց հետ` խնդրի կարգավորման համար իրավական լուծումներ գտնելու նպատակով: Կարեն Անդրեասյան ՀՀ մարդու իրավունքների պաշտպան
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play