Ա. Աշոտյան. «Բուհական ընդունելության քննությունների օտար լեզուների շարքում ավելացվել է նաև ռուսաց լեզուն»


Ա. Աշոտյան. «Բուհական ընդունելության քննությունների օտար լեզուների շարքում ավելացվել է նաև ռուսաց լեզուն»

  • 04-04-2012 15:00:40   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում ապրիլի 4-ին բացվել է հանրակրթական ուսումնական հաստատությունների ռուսաց լեզվի ուսուցիչների ասոցիացիայի 2-րդ համագումարը, որին մասնակցել են ՀՀ կրթության եւ գիտության նախարար Ա. Աշոտյանը, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան Վ. Կովալենկոն, ՌԴ կրթության եւ գիտության նախարարության ներկայացուցիչներ, բուհերի եւ դպրոցների ռուսաց լեզվի մասնագետներ: Ողջունելով համագումարի մասնակիցներին` ՀՀ կրթության եւ գիտության նախարարը նշել է. «Ռուսաց լեզուն համաշխարհային մշակութային եւ քաղաքակրթական ժառանգության մաս է, եւ ներկա դարաշրջանում ցանկացած մարդու համար, իր մայրենիի հիմքի վրա մի քանի օտար լեզուների, այդ թվում ռուսերենի, իմացությունը նրա ապագայի հաջողության գրավականներից մեկն է: Ռուսաստանի Դաշնությունը մեզ համար կրթական բարեփոխումների իրականացման գործում խոշոր գործընկեր է, եւ պատահական չէ, որ վերջին տարիներին երկկողմանի ծրագրերի իրականացումը զարգացման միտում ունի»: Ա. Աշոտյանը ներկաներին տեղեկացրել է, որ այս տարվանից բուհական ընդունելության քննությունների օտար լեզուների շարքում ավելացվել է նաեւ ռուսաց լեզուն: 2009 թվականին հիմնված հանրակրթական ուսումնական հաստատությունների ռուսաց լեզվի ուսուցիչների ասոցիացիայի 2-րդ համագումարի նպատակն է հանրագումարի բերել կատարված աշխատանքը եւ ուրվագծել հետագա խնդիրները: Համագումարի ընթացքում քննարկվել են դպրոցներում ռուսաց լեզվի դասավանդման, ռուսաց լեզվի ուսուցիչների մասնագիտական հմտությունների բարձրացման, դասավանդման նոր մեթոդիկաների կատարելագործման հետ կապված խնդիրներ: Համագումարին մասնակցել է ՀՀ մարզերի 150 ուսուցիչ: ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում ռուսաց լեզվի դասավանդման գործում ունեցած մեծ ավանդի համար ռուսաց լեզվի մի շարք ուսուցիչներ պարգեւատրվել են ՀՀ կրթության եւ գիտության նախարարության պատվոգրերով: ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան Վ. Կովալենկոյի կողմից պատվոգիր է հանձնվել նաեւ կրթության եւ գիտության նախարար Ա. Աշոտյանին` միջազգային, հումանիտար, հասարակական կապերի զարգացման գործում ակտիվ գործունեության համար:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play