Կարեն Վարդանյան. «Ուզում ենք 2018թ.-ին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը հրավիրել Հայաստան»


Կարեն Վարդանյան. «Ուզում ենք 2018թ.-ին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը հրավիրել Հայաստան»

  • 06-04-2012 19:02:08   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

2012թ.-ին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության առաջնային նպատակներից է լինելու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կոնսոլիդացիայի շարունակությունը: Այս մասին ապրիլի 6-ին կայացած ԻՏՁՄ 12-րդ համագումարում հայտնեց միության Գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը` ներկայացնելով 2012թ.-ի հիմնական նպատակներն ու իրականացվելիք ծրագրերը: Ըստ նրա, հետագա համագործակցության եւ համախմբվածության խնդիրն ակնհայտ է նաեւ այն առումով, որ ներկայումս ոլորտում գործում է 350 ընկերություն, եւ որոշակիորեն դանդաղել են միությանն անդամակցելու աճի տեմպերը: Հաջորդ նպատակը պայմանավորված է այն իրողությամբ, որ հանրապետությունում բացակայում են հարթակները, որտեղ կարող են քննարկվել լուրջ հարցեր, ընդ որում` ոչ միայն տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման, այլեւ` տնտեսական, տնտեսագիտական, քաղաքական, արտաքին քաղաքականության: Կ.Վարդանյանի համոզմամբ, նման քննարկումների եւ համագործակցության հարթակների բացակայությունը ոլորտում աճի հիմնական խոչընդոտն է: Միությունը նպատակադրվել է ստեղծել նման հարթակներ, որտեղ «արտադրանք եւ ծառայություն արտադրողը եւ գործարարն ու սպառողը կարող են հանդիպել ոչ միայն բիզնեսի նպատակով, այլեւ քննարկելու ընդհանուր հետաքրքրության խնդիրներ, նաեւ ինչ-որ խնդրի շուրջ համախմբվելու»: ԻՏՁՄ Գործադիր տնօրենը հայտնեց նաեւ, որ 2012թ.-ի համար նախանշված խնդիրները հիմնականում համահունչ են նախորդ տարվա ռազմավարությանը, սակայն արվել են որոշ շեշտադրումներ: Մասնավորապես, այս տարվա համար շեշտադրված խնդիրներից է պետական գնումների եւ տենդերների ոլորտում մոնիտորինգի իրականացումը: «Նախատեսել ենք, որ այս տարի մենք որոշակի ակտիվ հատվածին` բլոգերներին, լրագրողներին, մի երկու վարժանք կտանք, թե պետական տենդերներում ի՞նչ խնդիրներ են առաջանում, որպեսզի դա դառնա հանրային քննարկման խնդիր, որովհետեւ քաջ գիտակցում ենք, որ, ինչպես մյուս երկրներում, ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացման շարժիչ ուժը պետությունն է»,-ընդգծեց Կ.Վարդանյանը: Ըստ նրա, գնումների, տենդերների պետական մեխանիզմները թափանցիկ դարձնելու դեպքում միայն հնարավոր կլինի հասնել նրան, որ պետությունը գնի տեխնոլոգիական ապրանքները լավագույն գնով եւ որակով, ինչը եւս կնպաստի ոլորտի զարգացմանը: Կ.Վարդանյանն անդրադարձավ նաեւ տարվա ընթացքում իրականացվելիք միջոցառումներին, որոնցից «ամենախոշորն ու ամենակարեւորը DigiTec-ն է, որը, ի վերջո, երկրի տեխնոլոգիական դեմքն է»: Հոկտեմբերի 5-7-ին նախատեսված է DigiTecExpo 2012-ի կազմակերպումը: Հունիսի 15-ին կանցկացվի DigiTec Business Forum 2012-ը, որին հրավիրված են նաեւ այս ոլորտում մեծ փորձ ունեցող Արեւելյան Եվրոպայի, Դանիայի եւ մի շարք այլ երկրների պատվիրակություններ: «Ինչ վերաբերում է Հայաստանի ռոբոտների բաց առաջնությանը (ԱրմՌոբոտիքս), այստեղ ընկերությունները կարող են ավելի ակտիվ մասնակցել, որովհետեւ ես երաշխավորում եմ, որ ռոբոտների առաջնության մասնակից երեխաներն իրապես աճ են ապրում այդ մրցույթի ժամանակ»,-նշեց նա: Ըստ Կ.Վարդանյանի, մասնակիցներն երիտասարդներ են, որոնք որոշակի ամբիցիաներ ունեն: Նշվեց նաեի, որ «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթին 15 թիմ է գրացված: «Սա ակնհայտորեն ցույց է տալիս, որ երիտասարդությունն ավելի հակված է պետությանն աջակցելու` հատկապես, պաշտպանական ոլորտում»,-ընդգծեց Կ.Վարդանյանը: Ըստ նրա, հոկտեմբերին տեղի կունենա նաեւ «Բաց խաղ» համակարգչային խաղերի մրցույթը, որտեղ եւս որոշակի աճ է արձանագրվում: ԻՏՁՄ Գործադիր տնօրենը ներկայացրեց նաեւ նախանշված հեռահար մի նպատակ, հայցելով համագումարի աջակցությունը. «Ուզում ենք 2018թ.-ին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը հրավիրել Հայաստան»: Ըստ նրա, սա ոլորտի համաշխարհային մասշտաբով ամենամեծ միջոցառումն է, որին մասնակցում են ոլորտի «3000-4000 թոփ ղեկավարներ, եւ այս կոնգրեսում են ընդունվում ոլորտի զարգացման հիմնական ուղղությունները»: Նշվեց, որ Հայաստանի համար շատ կարեւոր է նման միջոցառման անցկացումը, եւ այն շատ լուրջ ջանքեր է պահանջում: «Որպեսզի մեր երկրին դա վստահեն, մենք պետք է Հայաստանում բարձր մակարդակով կազմակերպերպենք համաշխարհային ասոցիացիայի մի շարք միջոցառումներ, որպեսզի ցույց տանք, որ մենք ունենք այդ կազմակերպչական ունակությունը»,-ասաց նա` հավելելով, որ ստացվել է նաեւ պետության մասնակցության առումով վարչապետի հավանությունը:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play