«Բաց Խաղ» առաջնությունը չունի ո՛չ տարիքային և ո՛չ նախագծերի տիպերի և տեխնիկական հնարավորությունների սահմանափակում


«Բաց Խաղ» առաջնությունը չունի ո՛չ տարիքային և ո՛չ նախագծերի տիպերի և տեխնիկական հնարավորությունների սահմանափակում

  • 11-04-2012 17:05:50   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Ապրիլի 11-ին մեկնարկեց համակարգչային խաղերի նախագծման Հայաստանի բաց առաջնությունը, որն արդեն երկրորդ անգամ կազմակերպվում է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԻՏՁՄ) եւ «Orange Արմենիա» ընկերության կողմից: Առաջնության նպատակն է զարգացնել համակարգչային խաղերի նախագծման ոլորտը Հայաստանում, ինչը հնարավորություն կտա ստեղծել նոր բիզնես միջավայր, բացահայտել նոր տաղանդներ, մոտիվացնել երիտասարդներին: Մասնակիցները հնարավորություն կունենան իրականացնել իրենց մտահղացումները եւ մասնակցել տարբեր նախագծերի իրականացմանը լավագույն ՏՏ ընկերություններում: «Սա այն ոլորտներից է, որ դեռ բավականաչափ չի հետազոտվել ու շահագործվել Հայաստանում: Անցյալ տարվա առաջնության ժամանակ ինչպես մասնակիցների քանակը, այնպես էլ ներկայացված նախագծերի որակը գերազանցեցին մեր բոլոր ակնկալիքները: Այն զարգացումը, որ մենք նկատեցինք մասնակիցներից շատերի մոտ, պարզապես ապշեցուցիչ էր, իսկ մրցույթին մասնակցում էին նույնիսկ դպրոցականներ: Ուրախությամբ հայտարարում ենք երկրորդ առաջնության մեկնարկը, եւ ակնկալում ենք, որ այս տարի նախագծերն էլ ավելի հետաքրքիր ու օրիգինալ կլինեն»,- ասաց ԻՏՁՄ-ի գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: «Համակարգչային խաղերի ոլորտն արդեն իր հաստատուն դերն ունի ՏՏ եւ հեռահաղորդակցության ոլորտում: 2011թ. մենք հրաշալի կատարումներով նախագծեր տեսանք, որոնք արդեն ամբողջովին պատրաստ են եւ կարող են շուկա մտնել: Ուրախ ենք այս տարի նույնպես համագործակցել ԻՏՁՄ-ի հետ` աջակցելու նոր ու հետաքրքիր գաղափարների իրագործմանը: Այս տարի ավելի շատ ենք շեշտը դրել բջջային հավելվածների ոլորտի վրա, քանի որ այն դինամիկ կերպով զարգացող ու աճող ոլորտ է Հայաստանում, ինչպես եւ աշխարհում: Մեծ հետաքրքրությամբ ենք սպասում մասնակից նախագծերին», ասաց Orange Արմենիայի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան: «Բաց Խաղ» համակարգչային խաղերի առաջնությունն անցկացվելու է 4 փուլով եւ ունենալու է 9 անվանակարգ` Լավագույն բջջային խաղ, Սցենար, Նորարարություն, Դիզայն, Պատանիների առաջնություն (Junior), Լավագույն սոցիալական բջջ. հավելված, Լավագույն ժամանցային հավելված, Լավագույն հաղորդակցություն հավելված: Յուրաքանչյուր փուլի ընթացքում ժյուրին կդիտարկի նախագծերը, կբացահայտի թերությունները եւ կսահամանի յուրաքանչյուր նախագծի համար տեխնիկական առաջադրանքներ: Ժյուրիի կազմում ընդգրկված են խաղերի նախագծման մասնագետներ, ծրագրավորողներ, դիզայներներ, ովքեր իրենց խորհրդատվությամբ կաջակցեն մասնակիցներին մրցույթի ընթացքում: Մրցույթն անցկացվում է Sourcio, Teoken, Tx Systems, Triada, MicroSoft-RA ընկերությունների եւ Association of Modern Technologies Professionals, National Professional Cybersport League (NPCL) աջակցությամբ: «Բաց Խաղ» համակարգչային խաղերի առաջնությունը չունի ո՛չ տարիքային եւ ո՛չ նախագծերի տիպերի եւ տեխնիկական հնարավորությունների սահմանափակում: Գրանցվելու համար հարկավոր է մինչեւ սեպտեմբերի 30-ը ուղարկել հայտը shushanik.vardanyan@uite.org էլ. հասցեին: Նրանք, ովքեր կգրանցվեն մինչեւ ապրլի 30-ը, հնարավորություն կունենան մասնակցելու համակարգչային խաղերի դիզայնին եւ նախագծմանը նվիրված սեմինարներին, ինչը կօգնի առաջնության մեկնարկին արդեն զինված լինել լրացուցիչ մասնագիտական հմտություններով: Միջոցառման եզրափակիչ փուլի ժամանակ կկազմակերպվի ցուցահանդես, որտեղ կցուցադրվեն մասնակիցների մշակած խաղերը եւ համակարգչային խաղերի ոլորտը ներկայացնող այլ ընկերությունների աշխատանքները: «Բաց Խաղ» համակարգչային խաղերի նախագծման առաջին առաջնությունը անցկացվել է 2011թ: Առաջնությանը մասնակցում էին 25 թիմեր, որոնք ներկայացնում էին ինչպես գրաֆիկ ստուդիաներ, այնպես էլ ուսանողների եւ անգամ դպրոցականների խմբեր: Առաջնությունն ավարտվեց ցուցահանդեսով, որի ժամանակ բոլոր այցելուները կարող էին խաղալ արդեն պատրաստի խաղերը:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play