Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել Դավթաշեն վարչական շրջանում


Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել Դավթաշեն վարչական շրջանում

  • 11-04-2012 17:37:57   | Հայաստան  |  Տնտեսություն



Շարունակվում են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աշխատանքային շրջայցերը մայրաքաղաքի վարչական շրջաններում: Հերթականը Դավթաշեն վարչական շրջանն էր, որտեղ Տարոն Մարգարյանը ծանոթացել է իրականացվող բարեկարգման եւ կանաչապատման աշխատանքներին: Վարչական շրջանի պատասխանատուները քաղաքապետին են ներկայացրել հանգստի գոտիներում, այգիներում, պուրակներում եւ բակային տարածքներում ընթացող բարեկարգման համալիր աշխատանքներն ու նախատեսվող ծրագրերը: Շրջայցի շրջանակում Տարոն Մարգարյանը նախ ծանոթացել է վարչական շրջանում վերջերս ձեւավորված փոքր շուկաների պայմաններին եւ, զրուցելով առեւտուր իրականացնողների հետ, հավաստիացել է, որ քաղաքակիրթ առեւտրի կազմակերպմանն ուղղված քաղաքապետարանի քայլերը գոհունակությամբ են ընդունվել թե առեւտրականների եւ թե քաղաքացիների կողմից: Այնուհետ քաղաքապետը ծանոթացել է բակային տարածքներում իրականացվող բարեկարգման աշխատանքներին: Մասնավորապես զեկուցվել է, որ բարեկարգվող բոլոր բակերը կհամալրվեն նստարաններով ու զրուցարաններով, ինչն ըստ էության իրականացվում էր նաեւ շրջայցի պահին: <<Դավթաշեն վարչական շրջանը առանձնահատուկ է նրանով, որ այստեղ բավականին տարածքներ կան, որտեղ կարող ենք կանաչ գոտիներ ստեղծել մեր քաղաքացիների հանգստի համար: Վարչական շրջանի կողմից աշխատանքներն արդեն մեկնարկել են: 2012թ-ի ծրագրերով Դավթաշենում մի շարք այգիներ են կառուցվում: Ողջունելի է նաեւ բնակիչների` զբաղեցրաց բոստանային տարածքները կամովին ազատելու նախաձեռնությունը, որոնք եւս բարեկարգվում եւ կահավորվում են խաղահրապարակներով>>,-նշել է Տարոն Մարգարյանը: Դավթաշենի առաջին թաղամասում մարզասեր փոքրիկների համար շուտով ֆուտբոլի փոքր խաղադաշտ կկառուցվի: Բակերի բարեկարգման մասով իրենց գոհունակությունն հայտնելով Տարոն Մարգարյանին, դավթաշենցիները հույս են հայտնել, որ այդ աշխատանքները կլինեն շարունակական եւ բոլոր բակերը կբարեկարգվեն, ինչին ի պատասխան քաղաքապետը հավաստիացրել է, որ ծրագիրը կլինի շարունակական եւ հորդորել է բնակիչներին լինել ավելի ակտիվ եւ մասնակցել մայրաքաղաքի բարեկարգմանն ու կանաչապատմանն ուղղված քաղաքապետարանի բոլոր նախաձեռնություններին: Շրջայցի շրջանակում Տարոն Մարգարյանը այցելել է նաեւ Երեւանի թիվ 200 դպրոցի բակ, որտեղ լսելով բնակիչների կողմից առաջադրվող խնդիրները, տեղում հանձնարարել է ապահովել աշակերտների անվտանգությունը եւ արգելել ավտոմեքենաների մուտքը դպրոցի բակային տարածք: Երեւանի քաղաքապետի հանձնարարությամբ բնակիչների ժամանցի կազմակերպման համար վարչական շրջաններից յուրաքանչյուրում պետք է ստեղծվեն հանգստի հարմարավետ կենտրոններ: Դավթաշեն վարչական շրջանում նախագծի մեկնարկն արդեն տրվել է: <<Քաղաքապետարանի քաղաքականությունը հետեւյալն է` բոլոր վարչական շրջաններում պետք է լինեն կենտրոններ, որտեղ մեր համաքաղաքացիները կանցկացնեն իրենց հանգիստն ու ազատ ժամանակը>>,- ընդգծել է Տարոն Մարգարյանը: Կենտրոնական այգում քաղաքապետին է ներկայացվել այս ուղղությամբ նախատեսվող ծրագիրը: Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են որ շրջայցից հետո քաղաքապետը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել վարչական շրջանի աշխատակազմի հետ, որի ընթացքում մեկ անգամ եւս շեշտել է, որ բնակչության հետ շփման առաջին օղակը վարչական շրջաններն են եւ նրանց աշխատանքով է պայմանավորված բնակիչների վերաբերմունքը քաղաքային իշխանությունների նկատմամբ: Ըստ այդմ հանձնարարվել է առավել հետեւողական լինել բնակիչների կողմից բարձրացվող հարցերի հնարավորին շուտ լուծումներ տալու հարցում:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play