Տարոն Մարգարյանի աշխատանքային շրջայցը Ավան վարչական շրջանում


Տարոն Մարգարյանի աշխատանքային շրջայցը Ավան վարչական շրջանում

  • 12-04-2012 17:45:22   | Հայաստան  |  Տնտեսություն

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հերթական աշխատանքային շրջայցը Ավան վարչական շրջանում էր: Քաղաքապետի այցելության պահին վարչական շրջանում բարեկարգման լայնածավալ աշխատանքներ էին ընթանում: Պատասխանատուները քաղաքապետին են ներկայացրել երեք նոր բակային տարածքներում նախատեսվող բարեկարգման համալիր աշխատանքների նախագծերն ու ընթացքը: Զեկուցվել է, որ այս երեք բակային տարածքներում էլ եղել են ինքնակամ զբաղեցրած բոստանային տարածքներ: Սակայն բնակիչները մեծ ոգեւորությամբ ու պատրաստակամությամբ են միացել Երեւանի քաղաքապետի կոչին` սեփական նախաձեռնությամբ ազատելով զբաղեցրած տարածքները: «Ավանը միշտ աչքի է ընկել իր կանաչ տարածքներով եւ բարեկարգ բակերով եւ ողջունելի է, որ դրանք շարունակում են ընդլայնվել հենց բնակիչների նախաձեռնությամբ: Ընդհանրապես, մենք բոլոր վարչական շրջաններում ենք բարեկարգման նման ծրագրեր նախատեսել, եւ այդ ուղղությամբ աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են: Այս հարցում մեր մոտեցումն այն է, որ մայրաքաղաքի բոլոր բակերը լինեն բարեկարգ եւ հարմարավետ մեր բնակիչների համար»,-նշել է Տարոն Մարգարյանը: Ի դեպ, բոլոր բակերի բնակիչներն իրենց գոհունակությունն են հայտնել քաղաքապետին, ընդգծելով, որ բակերի բարեկարգումն իրապես առաջնահերթ խնդիր է եւ վստահեցրել են, որ խնամքով կպահպանեն դրանք: Տարոն Մարգարյանն էլ խոստացել է բակերի բարեկարգման ավարտից հետո կրկին այցելել ու բնակիչների հետ կատարել դրանց պաշտոնական բացումը: Քաղաքապետի այցելության պահին բակերի բարեկարգմանը զուգահեռ նաեւ կանաչ տարածքների ձեւավորման աշխատանքներ էին ընթանում: Տարոն Մարգարյանը տեղում հանձնարարել է առանձնակի ուշադրություն դարձնել կանաչ տարածքների ստեղծմանը, ծառերի եւ թփերի պահպանմանն ու խնամքին: Մայրաքաղաքի կանաչապատման հարցում քաղաքապետ Տարոն Մարգարյանի պահանջը հստակ է. ծառատունկ իրականացնել բացառապես ոռոգելի տարածքներում: Քաղաքապետի հանձնարարությամբ ոռոգման նոր համակարգեր են անցկացվում նաեւ բակային տարածքներում: «Կանաչ տարածքների ստեղծման հարցում մեր պահանջը հստակ է. նախ իրականացնել ոռոգման ցանցի անցկացման աշխատանքներ, ապա նոր նախաձեռնել այգու եւ կանաչ տարածքների հիմնման ու վերականգնման աշխատանքները: Միայն գործող ոռոգման համակարգի առկայության դեպքում է հնարավոր իրականացնել մեր կանաչ Երեւան ունենալու ծրագիրը»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը: Շրջայցի շրջանակում քաղաքապետը ծանոթացել է նաեւ ասֆալտապատման աշխատանքների, ինչպես նաեւ բազմաբնակարան շենքերի շքամուտքերի վերանորոգման աշխատանքների ընթացքին: Աշխատանքային շրջայցի շրջանակում Տարոն Մարգարյանը այցելել է նաեւ Երեւանի թիվ 52 նախադպրոցական ուսումնական հաստատություն: Քաղաքապետարանի ծրագրով այստեղ հիմնովին փոխվել են լուսամուտները: Մանկապարտեզի կոլեկտիվն ու ծնողները իրենց շնորհակալությունն ու գոհունակությունն են հայտնել Տարոն Մարգարյանին` ՆՈՒՀ-երին ցուցաբերվող մշտական ուշադրության համար, ի մասնավորի ընդգծելով քաղաքապետի կարգադրությամբ երեխաների սննդի որակի նկատմամբ իրականացվող մշտական հսկողությունը: Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ շրջայցից հետո քաղաքապետը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել վարչական շրջանի աշխատակազմի հետ, որի ընթացքում անդրադառնալով իրականացվող աշխատանքներին, հանձնարարել է առավել հետեւողական լինել դրանց կատարման որակի ու սահմանված ժամանակացույցով աշխատանքներն ավարտելու վերահսկման հարցում:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play