Հակոբ Սանասարյան. ՀԱԷԿ-ը փակվեց նրա համար, որ չէր համապատասխանում ընդունված չափանիշներին


Հակոբ Սանասարյան. ՀԱԷԿ-ը փակվեց նրա համար, որ չէր համապատասխանում ընդունված չափանիշներին

  • 19-04-2012 12:27:09   | Հայաստան  |  Հարցազրույցներ

«Ընտրություններ…քաղաքականություն…էկոլոգիա» շարքում «ԷկոԼուր»-ը ներկայացնում է հարցազրույց Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանի հետ, ով առաջիններից էր, որ 80-ականներին Հայաստանում սկսեց «կանաչ» քաղաքական եւ հասարակական շարժումը: Շաժումը թափ հավաքեց, նրան աջակցեցին «Ղարաբաղ» կոմիտեի առաջնորդները: Կանաչների ներկայացուցիչները դարձան երկրի առաջին, իսկապես անկախ խորհրդարանի պատգամավորներ: Բայց շարժումն այդպես էլ չդարձավ քաղաքական կուսակցություն: Երկրի իշխանությունները «կանաչների» հասցեին հրապարակային հայտարարություններ են անում, թե իբր նրանք են մեղավոր նրանում, որ 90-ականների սկզբին Հայաստանը հայտնվեց կործանման եզրին, քանի որ փակ էր Հայկական ատոմային էլեկտրակայանը (ՀԱԷԿ): Նրանց վրա են գցում նաեւ քիմիական արդյունաբերության` մասնավորապես կաուչուկի արտադրությամբ զբաղվող քիմիական հսկա «Նաիրիտ» գործարանի քանդումը: Մեղադրում են նրանց անտառների ոչնչացման եւ Սեւանա լճի մակարդակի իջեցման մեջ: Չնայած նրան, որ ցանկացած տեղեկացված մարդու համար հասկանալի է այդ քաղաքական շեշտադրումների ենթատեքստը, այնուամենայնիվ, մամուլը դրանք շրջանառության մեջ է դնում, դրանք կրկնվում են, մի քաղաքական գործչից հետո մյուսն է խոսում այդ մասին: Հակոբ Սանասարյանը բացատրում է. «Սովետական Միության 7 ամենաղտոտված քաղաքներից 5-ը Հայաստանում էր: Երկրորդ, Հայաստանում գիտաինժեներական մեծ ներուժ կար: Չնայած որ սոսկալի էր, որ այդ ժամանակ էկոլոգիական հարցերի մասին մտածեին, բայց ստեղծվեց գոյապահպանության շարժում, եւ որեւէ միտք չկար քաղաքական ուղղությամբ գնալ: Բայց մեր աչքի առաջ ամեն օր կախված էր բանտարկվելու վտանգը: Առաջին խնդիրը մթնոլորտային օդի աղտոտվածության խնդիրն է եղել, որն իր հերթին բերում է առողջապահական խնդիրներ, իսկ հետագայում արդեն միջուկային էներգետիկայի խնդիրը: Զորի Բալայանի հոդվածից հետո` 1987 թվին, Կրեմլի կազմած պետական հանձնաժողովը եկավ Հայաստան եւ երկու շաբաթ ուսումնասիրեց Նաիրիտի խնդիրը եւ այն պրատակոլ կոչվածը կազմեց: Երբ որ Զորի Բալայանը տվեց դրա պատճեն, մենք տեսանք, որ պետականորեն որոշում է հետեւյալը. քանի որ պետական բոլոր միջոցառումները` Նաիրիտի վտանգավորությունը մեղմելու եւ այլ առումներով, ապարդյուն անցան, եւ քանի որ բնակչության առողջական վիճակն ինչ աստիճանի է հասել, այնտեղ նկարագրվում է, փակել Նաիրիտը եւ Սովետական Միությունում քլոր կաուչուկի արտադրություն ստեղծել Հայաստանի Հանրապետությունից դուրս: Մենք, պատկերացնում եք, ինչ ոգեւորության մեջ էինք: Նույնը` ատոմակայանը: Նույնիսկ այն ժամանակ, երբ ատոմակայանը փակված էր, եւ Հայաստանը փաստորեն կիսակենդան վիճակում էր, խեղդվում էր, ես ձեզ կարող եմ ասել, որ մենք մեր դիրքերում ենք մնացել: Միջուկային էներգետիկայի մասնագետները եւ կյանքը ցույց տվեց, որ եթե անգամ վթարներ չլինեն, միեւնույնն է` նրա ֆոնային արտանետումները եւ արտադրած ռադիոակտիվ թափոնները, ի դեպ ռադիոակտիվ թափոնների ակտիվությունը 200 միլիոն անգամ ավելի բարձր է, քան այն ուրանային վառելիքինը, որ դուք դնում եք ռեակտոր, անլուծելի խնդիր են մարդկության համար»: «ԷկոԼուր»-ի հարցին. «Նշանակո՞ւմ է դա արդյոք, որ Դուք չեք ընդունում, որ «կանաչների» շարժման պատճառով էներգետիկ ճգնաժամ սկսեց», Հակոբ Սանասարյանը պատասխանեց. «Այդ մեղադրանքները հրաշալի են. անտեղյակ մարդիկ միանգամից ընդունում են, որ «կանաչները» փակեցին Նաիրիտը, որը 1000-ավոր արտադրությունների հետ էր կապված եւ ռազմաարդյունաբերական հանգույցի կարեւորագույն կետերից էր: Ես նրանց չեմ մեղադրում, բայց մեղադրում եմ Ռոբերտ Քոչարյանին եւ մյուսներին, որոնք խնդրին մոտ են կանգնած, բանիմաց են, եւ ասում են` «կանաչները», իրենց հետեւից ամբոխ տանելով, փակեցին: Նաիրիտի փակումը եղել է գիտական, տնտեսական հիմքերի վրա, բժշկակենսաբանական խնդիրների ուսումնասիրման արդյունքում եւ եղել է բացարձակորեն ճիշտ: Կա կարգը ատոմակայանների նախագծման, կառուցման եւ շահագործման: Եւ այնտեղ տրվում է, թե որտեղ կարելի է կառուցել ատոմակայանը եւ շահագործել: Եւ պարզվեց, որ հայկական ատոմակայանը կառուցված է մինչեւ չափանիշների ձեւավորումը, ընդունումը, եւ քանի որ հայկական ատոմակայանը չի համապատասխանում դրան, պետք է փակվի 1990-91 թթ.: Բայց եղավ Սպիտակի երկրաշարժը, որից ընդամենը 20 օր հետո եղավ Սովետական Միության Սովմինի եւ Պալիտբյուրոյի համատեղ նիստը եւ քննվեց հայկական ատոմակայանի խնդիրը: Նկատի ունենալով սեյսմիկ իրավիճակը եւ բնակչության աղետալի վիճակը` որոշվեց Հայկական ատոմակայանը փակել ոչ թե 2 տարի հետո, այլ 1989թ.»: Դիտեք Հակոբ Սանասարյանի հարցազրույցը` http://www.youtube.com/watch?v=ThLrJWzgz4M
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play