Երեւանի երկու հատուկ դպրոցներում Orange-ի աջակցությամբ բացվեցին համակարգչային սրահներ


Երեւանի երկու հատուկ դպրոցներում Orange-ի աջակցությամբ բացվեցին համակարգչային սրահներ

  • 28-04-2012 20:10:22   | Հայաստան  |  Հասարակություն

Ապրիլի 28-ին Orange-ի աջակցությամբ ինտերնետով զինված համակարգչային սրահներ բացվեցին Երեւանի Տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցում եւ Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում: «Որպես հեռահաղորդակցության ընկերություն` մեր բիզնես առաքելությունն է հեշտացնել հաղորդակցումը մարդկանց միջեւ, վերացնել տարածությունները: Սակայն մեր պատասխանատվությունն է նաեւ ձեռք մեկնել հասարակության այն անդամներին, ովքեր հաշմանդամության կամ այլ պատճառներով մեկուսացած են շրջապատող աշխարհից եւ չեն կարող օգտվել հեռահաղորդակցման աշխարհի տված հնարավորություններից: Այս երեխաներն այսուհետ կունենան մոտավորապես նույնպիսի հնարավորություններ, ինչպիսիք ունեն իրենց մյուս հասակակիցները, իսկ հաշմանդամություն ունեցող երեխաների համար առավել եւս կարեւոր է փոքր տարիքից ծանոթանալ համակարգչին, քանի որ դա ավելի մեծ հնարավորություններ կտա նրանց հետագայում անկախ եւ ինքնուրույն լինել»,- ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան: Տեսողության խնդիրներ ունեցողների համակարգչային կարիքները տարբերվում են սովորական կարիքներից: Տարիներ առաջ Մերգելյանի անվան մաթեմատիկական մեքենաների ազգային ինստիտուտը մշակել էր ԱՐԵՎ հատուկ ծրագիրը, որի նորացված տարբերակները դպրոցում առկա հին համակարգիչներով վերջին տարիներին անհնար էր օգտագործել: Նոր համակարգիչներով դպրոցականները կկարողանան օգտվել նորագույն տեխնոլոգիաների տրամադրած հնարավորություններից` օգտվել ինտերնետից, տեքստ սկանավորել եւ համակարգչով լսել այն, ձեռք բերել համակարգչային այլ հմտություններ եւ այլն: Համակարգչային սրահը համալրված է 7 համակարգիչներով, պրոյեկտորով, տպիչ/սկաներով եւ Orange-ի Ֆլայբոքս երթուղիչով: Երեւանի Տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցը միակ նման դպրոցն է ամբողջ հանրապետությունում: Այն գործում է 1939 թ.-ից, ունի 96 աշակերտ (6-20 տարեկան), այդ թվում` նաեւ ՀՀ մարզերից, որոնք գիշերում են դպրոցում: Դպրոցում երեխաները սովորում են 12 տարի, իսկ ավարտելուց հետո աշակերտների մոտ 90 տոկոսը ընդունվում է տարբեր ԲՈՒՀ-եր: Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրն ունի 154 աշակերտ, այդ թվում` նաեւ ՀՀ մարզերից եւ ԼՂՀ-ից: Դպրոցում գործում է նաեւ նախադպրոցական դասարան 5 տարեկան երեխաների համար: Կրթահամալիրն այսուհետ կունենա ժամանակակից համակարգչային սրահ` համալրված 5 համակարգիչներով, պրոյեկտորով, տպիչ/սկաներով եւ Orange-ի Ֆլայբոքս երթուղիչով: Ւնչպես հայտնում «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ից, երկու հատուկ դպրոցներում համակարգչային սրահների հիմնման համար ընկերությունն ընդհանուր առմամբ տրամադրել է 5,204,600 դրամ:
Նոյյան տապան  -   Հասարակություն