Հայաստանը տուգանվել է «Եվրատեսիլին» չմասնակցելու համար


Հայաստանը տուգանվել է «Եվրատեսիլին» չմասնակցելու համար

  • 03-05-2012 11:36:13   | Հայաստան  |  Մշակույթ

Եվրոպական հեռարձակողների միությունը Հայաստանին տուգանել է մայիսի վերջին Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ-2012» երգի միջազգային մրցույթին մասնակցելուց հրաժարվելու համար: ԵՀՄ մամուլի հետ աշխատանքի վարչության տնօրեն Աննիկա Նիբերգ-Ֆրանկենհաուզերը մայիսի 2-ին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել է, որ որոշումը կայացվել է Հեռուստատեսային կոմիտեի եւ ԵՀՄ խորհրդականների խմբի կողմից հարցի ուսումնասիրությունից հետո: Որոշման արդյունքում Հայաստանը պետք է վճարի մրցույթի մասնակցավճարը, ինչպես նաեւ` այդ վճարի 50%-ը՝ որպես տուգանք: ԵՀՄ մամուլի հետ աշխատանքի վարչության տնօրենը չի նշել Հայաստանի կողմից վճարման ենթակա գումարի չափը: Բացի այդ, Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը պետք է մրցույթի եզրափակիչը հեռարձակի ուղիղ եթերում եւ առանց ընդհատումների: Ըստ Նիբերգ-Ֆրանկենհաուզերի, հրաժարվելու դեպքում Հայաստանը կարող է զրկվել 2013թ.-ի մրցույթին մասնակցելու իրավունքից: Նիբերգ-Ֆրանկենհաուզերը պարզաբանել է, որ որոշումը կայացնելիս հաշվի չեն առնվել իր մասնակիցներին Բաքու չուղարկելու Հայաստանի ընդունած որոշման դրդապատճառները: «Կա կանոնակարգ, եւ սահմանված ժամկետից հետո երկիրը, որը մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել, չի կարող փոխել իր որոշումը», – նշել է նա՝ պարզաբանելով, որ Հայաստանը հրաժարվելու մասին հայտարարվել է նախատեսված ժամկետի ավարտից հետո: Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին մի խումբ հայ երգիչներ հանդես էին եկել «Եվրատեսիլ-2012»-ին մասնակցելուց հրաժարվելու հայտարարությամբ: Նման որոշման համար հիմք էր հանդիսացել հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանցի դիպուկահարի կողմից նախօրեին հայ զինծառայողի սպանության մասին պաշտոնական հայտարարությունը: Մայիսի 2-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ԵՀՄ գլխավոր տնօրեն Ինգրիդ Դելտոնրեն իր հերթին նշել է, որ մասնակցությունից հրաժարվելու Երեւանի քայլը «չի համապատասխանում Միության կանոններին»:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play