Կայացավ Հայաստանի և Ուրուգվայի արտգործնախարարների հանդիպումը


Կայացավ Հայաստանի և Ուրուգվայի արտգործնախարարների հանդիպումը

  • 04-05-2012 16:18:00   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Մայիսի 4-ին կայացավ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ պաշտոնական այցելությամբ Երեւան ժամանած Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Լուիս Ալմագրոյի հանդիպումը: Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանն ասաց. «Հայաստանը եւ Ուրուգվայը գտնվում են հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա, բայց Ուրուգվայը Հայաստանի եւ հայ ժողովրդի համար շատ մոտ եւ բարեկամական երկիր է: Ուրուգվայը առաջին երկիրն էր, որը դեռ 1965թ. ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը եւ պատահական չէ, որ իր պաշտոնական այցելությունը Հայաստան սկսեցիք հենց Ցեղասպանության հուշահամալիր այցելությամբ: Մենք շատ շնորհակալ ենք Ուրուգվայի ժողովրդին, Ուրուգվայի ղեկավարությանը, որ բացել են իրենց դռները, ընդունել են ցեղասպանությունից մազապուրծ եղած մեր հայրենակիցներին, եւ հազարավոր հայեր են ապրում Ուրուգվայում, որոնց համար այդ երկիրը երկրորդ հայրենիք է դարձել: Մեզ կապում են բավական սերտ եւ ջերմ հարաբերություններ»: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Լուիս Ալմագրոն ընդգծեց, որ Ուրուգվայում ամենաջերմ զգացմունքներն են տածում հայ ժողովրդի եւ Հայաստանի հանդեպ, ինչի վկայությունն է բազմահազարանոց հայկական համայնքի դերակատարությունը իր երկրի կյանքում, եւ ամուր միջպետական հարաբերությունները Հայաստանի հետ: Հանդիպմանը հանգամանալից քննարկում տեղի ունեցավ երկկողմ հարաբերությունները առավել զարգացնելու ուղիների, տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի խնդիրների շուրջ: Նախարարները պայմանավորվեցին հավելյալ ջանքեր գործադրել քաղաքական երկխոսությունը, միջազգային կազմակերպություններում համագործակցությունը ամրապնդելու, առեւտրատնտեսական հարաբերությունները խթանելու, իրավապայմանագրային դաշտն ընդլայնելու նպատակով: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, Էդվարդ Նալբանդյանի ու Լուիս Ալմագրոյի բանակցությունների օրակարգում էր արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Այս առումով երկուստեք շեշտվեց, որ միջնորդների կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Նախարարի հանդիպմանը հետեւեց համատեղ մամուլի ասուլիս:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play