«Ոսկե Ծիրան» 9-րդ երևանյան միջազգային կինոփառատոնը ստացել է 1020 հայտ` աշխարհի շուրջ 70 երկրից


«Ոսկե Ծիրան» 9-րդ երևանյան միջազգային կինոփառատոնը ստացել է 1020 հայտ` աշխարհի շուրջ 70 երկրից

  • 11-05-2012 19:00:24   | Հայաստան  |  Մշակույթ

ՎիվաՍել-ՄՏՍ-ն անընդմեջ 7-րդ տարին ստանձնում է «Ոսկե Ծիրան» երեւանյան միջազգային կինոփառատոնի գլխավոր հովանավորությունը Մայիսի 11-ին ՀՀ Մշակույթի նախարարությունում կայացավ համատեղ մամուլի ասուլիս` նվիրված «Ոսկե Ծիրան» երեւանյան միջազգային կինոփառատոնին: Ասուլիսին մասնակցեցին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, «Ոսկե Ծիրան» երեւանյան միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը, փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը եւ փառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը: «Ոսկե Ծիրան» 9-րդ երեւանյան միջազգային կինոփառատոնը տեղի կունենա 2012թ. հուլիսի 8-15-ին: Այս տարի եւս փառատոնի կողքին են գլխավոր հովանավոր ու հավատարիմ գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը եւ ՀՀ Մշակույթի նախարարությունը: Այս տարի փառատոնն ստացել է 1020 հայտ (անցյալ տարի` մոտ 700 հայտ)` աշխարհի շուրջ 70 երկրից, ինչը վկայում է «Ոսկե Ծիրան»-ի հանդեպ տարեցտարի աճող հետաքրքրության մասին: Այս մասին է վկայում նաեւ փառատոնին հանրահայտ կինոգործիչների ներկայությունը, ինչն արդեն դարձել է «Ոսկե Ծիրան»-ի ամենասպասված ավանդույթներից մեկը: Այս տարի փառատոնի ժյուրիի նախագահը իսպանացի հայտնի կինոռեժիսոր, 2010թ. Կաննի կինոփառատոնի գլխավոր ժյուրիի կազմի անդամ Վիկտոր Էրիսեն է: Երեւանի` գրքի համաշխարհային մայրաքաղաքի հռչակման առիթով «Ոսկե Ծիրան» կ/փ-ը 2012թ-ին կներկայացնի նոր ծրագիր` «Գիրք եւ կինո» խորագրով: Ծրագրում ընգրկվելու են հայ եւ համաշխարհային դասական ստեղծագործությունների էկրանավորումները: Մրցութային ծրագիրը 2012թ-ին կպահպանի 4 մրցույթները` «Միջազգային խաղարկային», «Միջազգային վավերագրական», «Հայկական համայնապատկեր» եւ «Կորիզ»: Վերջինս մեկնարկել է 2011թ-ին եւ անդրադառնում է երիտասարդ կինոռեժիսորների կարճամետրաժ ֆիլմերին: Հարուստ ֆիլմացանկով կներկայանան «Երեւանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ» եւ «Հարգանքի տուրք» ծրագրերը, որոնցում սպասվում են մի շարք անակնկալներ համաշխարհային կինոյի վարպետներից: Մասնավորապես՝ «Հարգանքի տուրք» ծրագրի շրջանակներում կիրականացվեն Յուրի Երզնկյանի 90-ամյակին («Յուրի Երզնկյանը եւ իր աշակերտները») եւ Ֆրունզե Դովլաթյանի 85-ամյակին նվիրված ցուցադրություններ: Հատուկ կարեւորությամբ կնշվի Անդրեյ Տարկովսկու 80-ամյակը: Փառատոնի շրջանակներում արդեն 6-րդ անգամ կկազմակերպվի «Ռեժիսորներ առանց սահմանների» համատեղ արտադրության ֆորումը, որը հանդիսանում է «Ռեժիսորներ առանց սահմանների» Արեւելյան գործընկերության ծրագրի մի մաս եւ իրագործվում է Եվրոմիության աջացությամբ: Ավելի մանրամասն ծրագրի մասին կներկայացվի գալիք մամլո ասուլիսի ընթացքում: Մինչեւ փառատոնի սկսվելը ծրագրվում է իրականացնել նաեւ «Կինոլրագրություն առանց սահմանների» խորագրով դասընթաց` միջազգային բարձրակարգ մասնագետների եւ Արեւելյան գործընկերության երկրներից ժամանած երիտասարդ կինոգետների, կինոքննադատների մասնակցությամբ: Վերջիններիս համատեղ ուժերով փառատոնի օրերին կտպագրվի «Ոսկե ծիրան» ամենօրյա պարբերականը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play