Լույս տեսավ ԱՊՀ երկրների երիտասարդ աստղագետների երեւանյան կոնֆերանսի նյութերի ժողովածուն


Լույս տեսավ ԱՊՀ երկրների երիտասարդ աստղագետների երեւանյան կոնֆերանսի նյութերի ժողովածուն

  • 12-05-2012 16:37:24   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Լույս է տեսել ԱՊՀ երկրների երիտասարդ աստղագետների կոնֆերանսի նյութերի ժողովածուն, որում տեղ են գտել 2011թ. նոյեմբերի 21-25-ին Երեւանում կայացած կոնֆերանսի դասախոսությունները եւ երիտասարդ աստղագետների զեկուցումները: Ինչպես «Նոյյան Տապանին» հայտնեցին Հայկական աստղագիտական ընկերությունից, կոնֆերանսը նվիրված էր Յու. Գագարինի առաջին տիեզերական թռիչքի 50-ամյակին եւ կոչվում էր «Տիեզերական դարաշրջանի 50 տարին. երկնքի իրական եւ վիրտուալ ուսումնասիրություններ»: Մասնակիցների թվում էին դասախոսներ եւ երիտասարդ աստղագետներ Ռուսաստանից, Հայաստանից, Ուկրաինայից, Լիտվայից, Լատվիայից, Տաջիկստանից, ինչպես նաեւ Ֆրանսիայից` թվով 52 աստղագետ եւ ուսանող: Կազմակերպիչներն էին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան, ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանը, Հայկական աստղագիտական ընկերությունը եւ Միջազգային համագործակցության զարգացման ընկերությունը, իսկ հովանավորը` ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը: Կոնֆերանսն ընդգրկեց բավական լայն թեմատիկա` Արեգակնային համակարգ, արտարեգակնային մոլորակներ, աստղեր եւ միջամածություններ, գալակտիկաներ եւ տիեզերաբանություն, իրական եւ վիրտուալ աստղադիտարաններ: Ժողովածուն բաղկացած է համապատասխան բաժիններից` ընդամենը 251 էջ, եւ ընդգրկում է 5 դասախոսություն եւ 38 զեկուցում: Խմբագիրներն են Արեգ Միքայելյանը, Օլեգ Մալկովը եւ Նիկոլայ Սամուսը: Դասախոսությունները եւ զեկուցումները տրված են ռուսերեն կամ անգլերեն, իսկ նրանց ամփոփագրերը` միաժամանակ այդ երկու լեզուներով:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play