Երեւանում կանցկացվի ԴիջիԹեք Բիզնես 5-րդ ամենամյա ֆորումը` «Խելացիերկիր. թվային լուծումներ ինովացիոն տնտեսության համար» կարգախոսով


Երեւանում կանցկացվի ԴիջիԹեք Բիզնես 5-րդ ամենամյա ֆորումը` «Խելացիերկիր. թվային լուծումներ ինովացիոն տնտեսության համար» կարգախոսով

  • 17-05-2012 19:06:44   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Հունիսի 15-16-ին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) Երեւանում կազմակերպում է ԴիջիԹեք Բիզնես 5-րդ ամենամյա ֆորումը: Վերջինիս կարգախոսն է «Խելացի երկիր. թվային լուծումներ ինովացիոն տնտեսության համար» («Smart Country-Digital Solutions for Innovative Economy»): Ֆորումի հիմնական նպատակն է ներկայացնել տնտեսության արդիականացման համար նախատեսված ՏՀՏ բոլոր ապրանքներն ու ծառայությունները եւ, ըստ այդմ, աջակցել թվային լուծումների հիման վրա ինովացիոն տնտեսության ստեղծմանը: Միջոցառումն անց է կացվում ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության ծրագրի աջակցությամբ: «ԴիջիԹեք գործարար համաժողովի թիրախային լսարանն այն հայկական բիզնեսն է, որը գործում է մրցակցային դաշտում եւ դուրս է մենաշնորհային շրջանակներից: Սա արդիական միջոցառում է, նախատեսված խելացի ու առաջադեմ գործարարների համար, ովքեր ուզում են ապրել առաջատար երկրում»,- ասում է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Ըստ նրա, նպատակին հասնելու համար ԻՏՁՄ-ն ստեղծում է համապատասխան միջավայր` ԴիջիԹեք բիզնես ֆորումը, որտեղ տեխնոլոգիական արտադրանք եւ ծառայություններ առաջարկողները կարող են հանդիպել գործարար սպառողի հետ: Ըստ ֆորումի գլխավոր գործընկեր` «ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը Beeline), գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոյի, ԴիջիԹեք բիզնես ֆորումը հատուկ տեղ է զբաղեցնում Հայաստանի զարգացող բիզնես միջավայրում: «Հանդիսանալով բիզնեսի համար առաջատար լուծումների մատակարար եւ միաժամանակ պատվիրատու` համարում ենք, որ ֆորումը եզակի հարթակ է գործնական կապեր հաստատելու, նոր գործընկերներ, հաճախորդներ ներգրավելու համար»,- ընդգծում է նա: Ինչպես նշում են կազմակերպիչները, երկօրյա ֆորումը բաղկացած է լինելու մի շարք միջոցառումներից` տեխնոլոգիաների ներդրման խնդիրներին նվիրված կոնֆերանսից, տեխնոլոգիական սեմինարների շարքից, «DigiTec Business» ֆորում-ցուցահանդեսից: ԴիջիԹեք Բիզնես Ֆորում 2012-ի բաժիններն են. - Խելացի երկրների խելացի արտադրանք (Smart production of Smart countries) Ծառայությունների մատուցման եւ արտադրողականության բարձրացման թվային միջոցներ: Հաճախորդների կառավարում եւ սպասարկում, շուկայի ուսումնասիրություն եւ վաճառքների խթանման նոր եղանակներ: - Խելացի երկրների խելացի ենթակառուցվածքներ (Smart infrastructures of Smart countries) Խելացի շենքեր եւ ազգային ենթակառուցվածքներ, խելացի համայնքներ եւ նորարար բիզնեսի միջավայր, տեխնոպարկեր եւ հատուկ տնտեսական գոտիներ, հարկերի կառավարման համակարգեր եւ էլեկտրոնային գնումներ: - Խելացի երկրների խելացի տնտեսություն (Smart Economies of Smart Countries) Թվային միջոցները կրթության, բժշկության, տրանսպորտի, էներգիայի, կոմունալ ծառայությունների բնագավառներում: - Խելացի երկրների խելացի անվտանգություն (Smart Security for Smart Countries) Նոր անվտանգության համակարգեր, որոնք կպայքարեն կիբերհանցագործությունների դեմ, կպաշտպանեն տվյալները եւ կապահովեն անվտանգ միջավայր: - Խելացի երկրների խելացի օրենքներ (Smart Laws of Smart Countries) Պետությունը սահմանում է խաղի կանոններ, ընդունում է օրենքներ եւ կարգեր: Ինչպես ներգրավվել որոշումների ընդունման գործընթացում թվային միջոցները: - Խելացի երկրների խելացի կառավարում (Smart Governance of Smart Countries) Ինչպես պետական էլեկտրոնային ծառայությունները կարող են բարելավել բիզնես միջավայրը եւ ծառայել ինովացիոն տնտեսության կայացմանը: Ֆորումի ընթացքում շուրջ 40 տեղական եւ արտասահմանյան ընկերություններ եւ կազմակերպություններ կներկայացնեն իրենց լուծումներն ու առաջարկները: ԴիջիԹեք բիզնես ֆորումում ներկայացված կլինեն նաեւ «Խելացի երկրների խելացի լուծումները» վերջերս անցկացված նորարարական մրցույթում հաղթած ուսանողական թիմերը: Մրցույթի նպատակն էր խթանել ՏՀՏ միջոցներով տնտեսության տարբեր ոլորտների մրցունակության բարձրացումն ու էլեկտրոնային բիզնեսը: Կազմակերպիչներն էին ԻՏՁՄ-ն, Հայաստանի Մայքրոսոֆթ Ինովացիոն Կենտրոնը, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի Բիզնես Ինկուբատորը եւ Եվրասիա Միջազգային Համալսարանը (ԵՄՀ), Key Solutions խորհրդատվական ընկերությունը: Հավակնորդները հիմնականում Երեւանի պետական համալսարանի, Հայ-Ռուսական /Սլավոնական/ համալսարանի, Եվրասիա միջազգային համալսարանի եւ այլ բուհերի ուսանողներներ էին: Հաղթողներին հնարավորություն կընձեռնվի իրենց նորարարության եւ մրցունակության բարձրացման գաղափարների փորձնական նախատիպերը ներկայացնել նաեւ մայիսի 17-19-ին անցկացվող Եվրասիա միջազգային երիտասարդական համաժողովում:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play