Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը խոչընդոտողը պետական գնումների համակարգն է


Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը խոչընդոտողը պետական գնումների համակարգն է

  • 19-05-2012 22:37:50   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Վերջին տարիներին Հայաստանի կառավարությունն առաջնահերթությունների շարքում կարեւորում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը: Զգալիորեն ավելացվել է ՏՏ ոլորտում պետական տենդերների ծավալը` այն գնային առումով հասցնելով պետգնումների ընդհանուր ծավալի 15 տոկոսին: Սակայն, ակնհայտ է, որ ՏՏ ոլորտի իրական աճը, ինչպես եւ յուրաքանչյուր երկրում, մեծապես պայմանավորված է կոռուպցիոն ռիսկեր պարունակող պետական գնումների ոլորտի թափանցիկության մակարդակից, պետության կողմից մրցակցային պայմանների սահմանումից: Հայաստանում գործարար միջավայրի զարգացումը խոչընդոտող խնդիրներն ու դրանց պատճառներն ի հայտ բերելու եւ որոշակի լուծումներ գտնելու մտայնությամբ պայմանավորված` Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) նպատակադրվել է իրականացնել պետական գնումների ոլորտի հանգամանալից ուսումնասիրություն եւ մոնիտորինգ: ««Տեխնոլոգիական ոլորտում պետական տենդերների եւ գնումների գործընթացում մշտադիտարկում եւ բարեփոխում» ծրագիրը սկսելիս նայել ենք, թե ովքեր կարող են լինել մեր գործընկերները եւ օգնել, որպեսզի հասարակական շերտերը հնարավորինս ներգրավվեն եւ կարեւորեն ծրագիրը, նաեւ` ովքեր են, որ կարող են կոնսոլիդացնել հասարակությունը պետական գնումների նորմալ գործընթաց ապահովելու հարցում: Բնականաբար` մենք գիտակցում ենք, նաեւ ծրագրում ներառել ենք, որ մեր հիմնական գործընկերներն են մամուլը, բլոգերները, որոնք կօգնեն մեզ այդ խնդիրները բացահայտել, հասցնել հասարակության մյուս հատվածներին եւ համախմբել»,-մայիսի 18-ին` ծրագրի մեկնարկին, լրագրողների հետ սեմինար-քննարկման ժամանակ ասաց ԻՏՁՄ Գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Ծրագիրն իրականացվում է ԻՏՁՄ կողմից` Քաունթերփարթ Ինթերնեշնլ Հայաստանի եւ ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ: Ըստ նրա, թեեւ Հայաստանում լրագրողական եւ բլոգերային ոլորտները բավականին զարգացած են, սակայն ծրագիրն իրագործելու համար անհրաժեշտ է պետական տենդերների գործընթացներին որոշակի ծանոթացում: Կ.Վարդանյանը նշեց, որ այդ պատճառով իրենք նպատակ են դրել այս եւ ապագա միջոցառումներով փորձել ծանոթացնել գործընթացում առկա խնդիրներին: Ըստ նրա, այս նպատակով նաեւ ստեղծվել է էքսպերտային խումբ, որն անմիջական կապի մեջ է լինելու լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Այն նաեւ պետական տենդերների գործընթացի մշտադիտարկման արդյունքում հայտնաբերած խնդիրներն ու իր եզրակացությունն ուղարկելու է լրագրողական խմբին, որն էլ հասարակության տեսանկյունից դիտարկելու է գործընթացները: «Ենթադրում եմ, որ մենք ստանալու ենք քաղաքացիական հասարակության մի շատ կարեւոր, գործող շղթա, որտեղ ներգրավված են բոլոր հետաքրքրված կողմերը, եւ դրանով իսկ կարողանալու ենք ազդել տենդերային գործընթացների թափանցիկության, որակի վրա»,-ասաց Կ.Վարդանյանը: ԻՏՁՄ ներկայացուցիչները լրագրողական խմբին ներկայացրեցին ՏՏ ոլորտում պետական տենդերների եւ գնումների գործընթացում իրենց կողմից արձանագրված մի շարք խնդիրներ, որոնք, իրենց գնահատմամբ, էապես խոչընդոտում են գործարար միջավայրի զարգացմանը: Դրանք են, մասնավորապես, հայտարարվող մրցույթների մասին մեկ աղբյուրից տեղեկանալու անհնարինությունը, հայտարարվող մրցույթներով ոչ ժամանակակից ապրանքների եւ ծառայությունների ձեռքբերումը, մրցույթների ժամանակ որոշ ոչ անհրաժեշտ փաստաթղթերի պահանջը, մրցույթներ հայտարարելիս տեղական տնտեսվարողներին առաջնահերթություն չտալը, մրցույթով ձեռք բերվող ապրանքների կամ ծառայությունների գնային պայմանները, մրցույթների անհարկի ձգձգումները, նաեւ չեղյալ հայտարարելը: Նշվեց նաեւ, որ ոչ պակաս խնդրահարույց է պետգնումների բողոքարկման խորհրդի կազմում համապատասխան մասնագետների բացակայությունը: Ըստ ՏՏ ոլորտի ներկայացուցիչների, վերոհիշյալ խնդիրների պատճառով արդար մրցակցային դաշտ չի ապահովվում. բազմաթիվ տեղական կազմակերպություններ չեն մասնակցում կամ չեն կարողանում մասնակցել հայտարարված մրցույթներին: Արդյունքում` որոշակի ուղղությամբ գնումների մշտական մատակարար են հանդիսանում նույն կազմակերպությունները, թափ է ստանում մոնոպոլիզացիան: Ստեղծված պայմաններում փոքր եւ միջին ձեռնարկությունները դուրս են մղվում շուկայից, իսկ մասնագետները հեռանում երկրից: «Մենք առաջ ենք քաշում մեկ խնդիր. տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը խոչընդոտողը պետական գնումների համակարգն է, եւ այստեղ պետք է բարեփոխումներ լինեն»,- ընդգծեց «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Չոբանյանը: Նշվեց նաեւ, որ ՏՏ ոլորտի ներկայացուցիչների համոզմամբ, անհրաժեշտ է համակարգային մոտեցում` տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ստեղծում: «Պետք է պետական մի մարմին, որտեղ մենք կարող ենք գնալ, որի ղեկավարը այսօր նստած կլիներ մեզ հետ այս սեղանի շուրջ եւ բոլոր հարցերի պատասխանատուն կլիներ»,- ասաց Հ.Չոբանյանը` հավելելով, որ նախարարը կլիներ նաեւ բարեփոխումների հարցում «պետության կողմից լիդերություն անողը»:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play