Ավանդական Վարդատոն՝ նվիրված Սայաթ-Նովայի 300 ամյակին


Ավանդական Վարդատոն՝ նվիրված Սայաթ-Նովայի 300 ամյակին

  • 28-05-2012 18:18:29   | Վրաստան  |  Մամլո հաղորդագրություն
Մայիսի 27-ին Թբիլիսիի Գորգասալի հրապարակում տեղի ունեցավ Վարդատոնի հանդիսավոր ավանդական արարողությունը: Միջոցառումը սկսվել է Թբիլիսիի Ս.Գեւորգ առաջնորդանիստ եկեղեցում մատուցված պատարագով, որից հետո եկեղեցու բակում գտնվող Սայաթ-Նովայի գերեզմանին տեղի է ունեցել հիշատակի մաղթանքի արարողությունը: Միջոցառումը կազմակերպել էին Վրաստանում ՀՀ դեսպանությունը եւ Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը` ՀՀ մշակույթի նախարարության, Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարարության եւ Թբիլիսիի քաղաքապետարանի աջակցությամբ: Վարդատոնը հիմնվել է 1914 թվականին Թբիլիսիում` Հովհաննես Թումանյանի կողմից: Այն ավանդաբար նշվում է յուրաքանչյուր տարվա մայիսի վերջին կիրակի օրը: Հանդիսությանը ներկա էին գտնվում Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը, Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպս. Միրզախանյանը, Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրթյանը, Թբիլիսիի քաղաքային խորհրդարանի (Սաքրեբուլո) ղեկավար Զաալ Սամադաշվիլին, Թբիլիսիում գտնվող ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Ստեփան Պետրոսյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, Վրաստանի գրողների միության նախագահ տիկին Մաղվալա Գոնաշվիլին, Արցախի գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը, դեսպանության աշխատակիցներ, հոգեւոր դասի եւ հայ համայնքի մեծ թվով ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Հայաստանից եւ Արցախից ժամանած հյուրեր: ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2012 թվականի հոբելյանների ցանկում ընդգրկված Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակին նվիրված համերգին հանդես եկան Հայաստանից ժամանած աշուղական երգի «Սայաթ-Նովա» եւ «Հավասի» համույթները` գեղարվեստական ղեկավար ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Թովմաս Պողոսյանի մասնակցությամբ: Համերգին ելույթ ունեցավ ՀՀ վաստակավոր արտիստ, դուդուկահար Գեւորգ Դաբաղյանը: Կատարումներով հանդես եկան նաեւ վրաց երգիչները, որոնց երգացանկում ընդգրկված էին Սայաթ-Նովայի հանրահայտ երգերն ու բանաստեղծությունները: Միջոցառման ընթացքում Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի դերասաններն ու Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակութային կենտրոնի երգիչներն եւս հանդես եկան Սայաթ-Նովայի վրացերեն եւ հայերեն կատարումներով (բանաստեղծությունները հայերենից վրացերեն թարգմանվել են Գիվի Շահնազարի կողմից): Նույն օրը Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակութային կենտրոնում տեղի ունեցավ Արցախի գրողների միության նախագահ, Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանի ռեկտոր, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, բանասիրության դոկտոր, բանաստեղծ Վարդան Հակոբյանի «Քարի շնչառություն» բանաստեղծությունների ժողովածուի վրացերեն թարգմանության շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը, Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպս. Միրզախանյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, Վրաստանի գրողների միության նախագահ տիկին Մաղվալա Գոնաշվիլին, ինչպես նաեւ հայ եւ վրացի գրողներ, հասարակական եւ մշակութային գործիչներ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, Թբիլիսիի «Մերանի» հրատարակչության վրացերենով լույս տեսած ժողովածուն թարգմանել է Վրաստանի գրողների միության անդամ Անահիտ Բոստանջյանը: Գիրքը խմբագրվել է Վրաստանի գրողների միության նախագահ տիկին Մաղվալա Գոնաշվիլիի կողմից:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play