Տեղի ունեցավ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի հասարակական կազմակերպության գործադիր կոմիտեի նիստը


Տեղի ունեցավ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի հասարակական կազմակերպության գործադիր կոմիտեի նիստը

  • 28-05-2012 18:25:21   | Ավստրիա  |  Մամլո հաղորդագրություն
Մայիսի 26-ին Վիեննայում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի հասարակական կազմակերպության գործադիր կոմիտեի հերթական նիստը, որը վարում էին կազմակերպության փոխնախագահ Ալբերտ Բոյաջյանը եւ քարտուղար Բագրատ Բուռնազյանը: Մասնակիցների թվում էին աշխարհի ավելի քան 20 քաղաքներ ներկայացնող Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործադիր մարմնի անդամներ Բուենոս-Այրեսից, Լոս-Անջելեսից, Մոնրեալից, եվրոպական մի շարք քաղաքներից՝ Մայնի Ֆրանկֆուրտ, Մանչեստեր, Վիեննա, Բուխարեստ, Սոֆիա, Մաղրեբի եւ Մերձավոր Արեւելքի երկրներից՝ Կահիրե, Ալեքսանդրիա, Թեհրան, Հալեպ, Բեյրութ, Ստամբուլ, Նիկոսիա եւ այլն: Նիստին ներկա էր եւ Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման գործում Համահայկական խաղերի կարեւորության մասին մասնակիցներին ուղղված խոսքով հանդես եկավ Ավստրիայում եւ Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը: Նիստի մասնակիցները քննարկեցին մի շարք օրակարգային թեմաներ, մասնավորապես` Համահայկական ձմեռային խաղերի անցկացման հնարավորությունը, ամառային խաղերի շրջանակներում նոր մարզաձեւերի ընդգրկման, խաղերի աշխարհագրության ընդլայնման, Երեւանում խաղերի գրասենյակի ստեղծման, բովանդակային ու կազմակերպչական այլ հարցեր: Նույն օրը միջոցառման մասնակիցներն այցելեցին Վիեննայում տեղակայված Մխիթարյան միաբանության վանական համալիր, ծանոթացան միաբանության թանգարանում պահվող գանձերին: Մխիթարյան միաբանության հանդիսությունների սրահում կազմակերպված պաշտոնական ընթրիքի ընթացքում կազմակերպության աշխատանքների արդյունավետության հետագա բարձրացման, հայությանը համախմբող նրա դերակատարության վերաբերյալ ելույթներով հանդես եկան Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Կիրակոսյանը, Միաբանության Վիեննայի մասնաճյուղի հոգեւոր առաջնորդ Հայր Պողոս Գոճանյանը, Ավստրիայում Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու հոգեւոր առաջնորդ Տեր Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե հասարակական կազմակերպության գործադիր կոմիտեի փոխնախագահներ Ստեփան Դերբեդրոսյանը, Ալբերտ Բոյաջյանը եւ ուրիշներ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, մՄայիսի 27-ին կազմակերպության անդամները մասնակցեցին Վիեննայում տեղակայված Հայաստանեայց Առաքելական Սուրբ Հռիփսիմե եկեղեցում տեղի ունեցած Սուրբ Պատարագի արարողությանը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն