Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԳԴՀ Բունդեսթագի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին


Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԳԴՀ Բունդեսթագի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին

  • 11-06-2012 16:34:44   | Արմավիրի մարզ  |  Հասարակություն

Հունիսի 10-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԳԴՀ Բունդեսթագի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուպրեխտ Պոլենցին` ուղեկցությամբ ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդթի: Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը հյուրին ներկայացրեց Հայ Եկեղեցու պատմական ուղին, ժողովրդի կյանքում ունեցած դերն ու նշանակությունը: Մասնավոր անդրադարձ կատարվեց խորհրդային շրջանում եղած դժվարություններին ու խոչընդոտներին, ինչպես նաեւ Հայրենիքի անկախության քսան տարիների ընթացքում արձանագրած ձեռքբերումներին: Անդրադառնալով երկու ժողովուրդների միջեւ ձեւավորված ջերմ հարաբերություններին` Ամենայն Հայոց Հայրապետը գոհունակությամբ արձանագրեց, որ երկու երկրների միջպետական կապերը հետզհետե ավելի են սերտանում ու ամրապնդվում: Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ նմանատիպ այցելությունները պիտի նպաստեն փոխադարձ ճանաչողությանը եւ արդյունավետ համագործակցության ձեւավորմանը: Պրն. Ռուպրեխտ Պոլենցն իր հերթին ընդգծեց գերմանահայ համայնքի կյանքում Հայ Եկեղեցու կարեւոր դերակատարությունը: Բունդեսթագի ներկայացուցիչը բարձր գնահատեց հայ-գերմանական հարաբերությունները ոչ միայն քաղաքական ու տնտեսական, այլեւ մշակույթի ու կրթության ոլորտներում: Զրույցի ընթացքում խոսվեց նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին: Նորին Սրբությունն իր մտահոգությունն արտահայտեց հայ-ադրբեջանական սահմանի շփման գծում ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունների հետեւանքով վերջին օրերին արձանագրված ցավալի միջադեպերի կապակցությամբ` կարեւոր նկատելով, որ այս առնչությամբ միջազգային հանրությունը վճռական ձայն հնչեցնի եւ հակամարտությունը կարգավորվի միմիայն խաղաղ ճանապարհով:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play