Տիգրան Սարգսյան. «Հայաստանն ունենալու է ավելի դիվերսիֆիկացված տնտեսություն՝ պատրաստ նոր մարտահրավերների»


Տիգրան Սարգսյան. «Հայաստանն ունենալու է ավելի դիվերսիֆիկացված տնտեսություն՝ պատրաստ նոր մարտահրավերների»

  • 15-06-2012 14:14:03   | Հայաստան  |  Տնտեսություն

Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է 5-րդ ամենամյա ԴիջիԹեք բիզնես ֆորումի բացմանը: Ողջունելով ֆորումի մասնակիցներին՝ կառավարության ղեկավարը նշել է. «Այս ավանդական ֆորումն արդեն իր ուրույն տեղն է զբաղեցնում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ոլորտում: Այն բացառիկ հարթակ է, որում հանդիպում են բնագավառի գիտակները, իրականացնում փորձի փոխանակում եւ հանրությանը ներկայացնում իրենց ձեռքբերումներն ու աշխատանքները: Ցանկանում եմ մեր երկրի համար արձանագրել կարեւորագույն փաստ. մեր ժողովդրական տնտեսությունը ձեռք է բերում իր համար բնական եւ բնականոն տեսք: Տարածշրջանում երկարաժամկետ առումով Հայաստանն այլընտրանք չունի, քան ձեւավորել գիտալիքահեն տնտեսություն, որի թիվ մեկ ռեսուրսն ինտելեկտն ու կրթված մարդիկ են, եւ տեղեկատվական տեխնոլոգիաների արագ զարգացումը դրա վառ ապացույցն է»: Կառավարության ղեկավարը նշել է, որ Համաշխարհային բանկի մրցունակությանը վերաբերող վերջին զեկույցի համաձայն՝ Հայաստան առաջ է շարժվել 6 կետով: «Կարեւոր է փաստ է նաեւ այն, որ մեր երկիրը համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից դուրս է եկել ուժեղացած: Վերլուծաբաններն ի նկատի ունեն այն, որ մեր տնտեսությունն ավելի դիվերսիֆիկացված է, քան 2008 թվականին, եւ այդ առումով, նրա դիմադրողականությունն էապես բարձրացել է: Կարող ենք արձանագրել, որ այդ գործում իր կարեւոր դեկատարությունն ունի նաեւ ՏՏ ոլորտը, որը նույնիսկ 2009 թվականին, երբ շինարարության ոլորտում տեղի ունեցավ 42 տոկոսանոց անկում, արձանագրեց 27 տոկոսանոց աճ: Այդ աճի տեմպերը վերջին 5 տարիների ընթացքում եղել են կայուն»,- նշել է վարչապետը: Արդյունքում, ՏՏ բնագավառում զբաղվածների քանակը ներկայում հավասար է հանքահումքային ոլորտում զբաղվածների քանակին, իսկ աշխատավարձերի մակարդակն ավելի բարձր է: Սա, Տիգրան Սարգսյանի խոսքերով, կարեւոր հանգամանք է, որովհետեւ տեղեկատվական տեխնոլոգիաները բարձրացնում են արտադրողականությունը տնտեսության բոլոր ճյուղերում, ինչը ենթադրում է, որ Հայաստանն ունենալու է ավելի դիվերսիֆիկացված հզոր տնտեսություն, որը պետք է պատրաստ լինի նոր մարտահրավերների: Կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ Հայաստանը 5 տարի առաջ ինտերնետ սպառողների քանակով, ինտերնետի սակագնով, հասանելիությամբ, տարածվածությամբ եւ ենթակառուցվածքներով զիջում էր իր հարեւան պետություններին: «5 տարի անց մենք զեկուցում ենք, որ այս բոլոր ցուցանիշներով մենք տարածաշրջանում առաջինն ենք: Սա կարեւոր նվաճում է Հայաստանի տնտեսության համար»,- նշել է վարչապետը: Տիգրան Սարգսյանը հավաստիացրել է, որ ՀՀ կառավարությունը լրջորեն է տրամադրված ինչպես օգնելու այս ոլորտում գործունեություն ծավալող ընկերություններին, այնպես էլ խթանելու մրցակցութունը: Տիգրան Սարգսյանի խոսքերով՝ այս ամենի արդյունքում վերջին տարիների ընթացքում հայկական շուկայում սկսել են գործունեություն ծավալել նաեւ համաշախարհային լուրջ ընկերություններ: Գործադիրի ղեկավարը հիշեցրել է, որ վարչապետի գլխավորությամբ գործում է ՏՏ զարգացման խորհուրդ, որտեղ ոլորտի ներկայացուցիչները հնարավորություն ունեն կառավարության անդամներին ներկայացնել առկա խնդիրները: Տիգրան Սարգսյանի կարծիքով՝ նաեւ այս երկխոսությամբ է պայմանավորված այն, որ ՏՏ բնագավառը Հայաստանում զարգանում է առաջանցիկ տեմպերով՝ համեմատ հարեւան պետությունների: Վարչապետի խոսքերով՝ IT ոլորտի ներկայացուցիչները կառավարության առջեւ դնում են մեկ եւ կարեւորագույն խնդիր՝ ապահովել կադրերի պատրաստում: «Կադրերի պատրաստման այն քանակը, որն այսօր մեր բուհական համակարգը մատակարարում է, բավարար չէ: Պահանջարկը տարեկան 20-30 տոկոսով գերազանցում է այն հնարավորություններին, որոնք առկա են բուհական համակարգում: Մենք ոլորտի ներկայացուցիչներին հավաստիացրել ենք, որ կտրուկ կավելացնենք պետական պատվերը բուհերում եւ ՏՏ ոլորտի համար կադրերի պատրաստումը կհամարենք առաջնահերթություն: Այսինքն, ֆինանսական միջոցների ներդրումն այս ուղղությամբ պետք է էապես ավելանա»,- նշել է վարչապետը: Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ կառավարությունն այս ուղղությամբ համագործակցում է միջազգային կազմակերպությունների հետ: Առկա են համալսարաններում լաբորատորիաների ձեւավորման հետաքրքիր ծրագրեր, որոնք ստեղծվելու են համաֆինանսավորման սկզբունքով՝ պետության, միջազգային դոնոր կազմակերպությունների եւ մասնավոր հատվածի համագործակցությամբ: Միաժամանակ կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ Գյումրու տեխնոպարկում արդեն արդյունավետ գործում են հինգ լաբորատորիաներ: Վարչապետի խոսքերով՝ մայիսին մեկնարկել են տեխնոպարկի նոր մասնաշենքի վերակառուցման աշխատանքները: «Այս ամենը ցույց է տալիս, որ կառավարությունը տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը մեր երկրում դիտարկում է համաչափ սկզբունքով»,-ասել է գործադիրի ղեկավարը: Այնուհետեւ, Տիգրան Սարգսյանը ծանոթացել է ֆորումի մասնակից ընկերությունների գործունեությանը եւ առաջիկա ծրագրերին: Ֆորումին մասնակցում է 59 կազմակերպություն, այդ թվում 21-ը՝ արտասահմանյան: Երկօրյա բիզնես ֆորումի նպատակն է աջակցել ինովացիոն տնտեսության ստեղծմանը եւ ներկայացնել ՏՀՏ բնագավառում բոլոր ապրանքներն ու ծառայությունները: Ինչպես տեղեկացնում են ՀՀ Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջոցառումն անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play