Տեղի ունեցավ «Բուհ-աշխատաշուկա. արդի կամուրջների հաստատում և փոխգործակցության ընդլայնում» ծրագրի ամփոփումը


Տեղի ունեցավ «Բուհ-աշխատաշուկա. արդի կամուրջների հաստատում և փոխգործակցության ընդլայնում» ծրագրի ամփոփումը

  • 28-06-2012 21:55:04   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Հունիսի 28-ին` Golden Tulip (Երեւան) հյուրանոցի «Պուչինի» սրահում տեղի ունեցավ «Բուհ-աշխատաշուկա. արդի կամուրջների հաստատում եւ փոխգործակցության ընդլայնում» ծրագրի ամփոփումը եւ www.career.ysu.am կայքի շնորհանդեսը: ԵՊՀ շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնը ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության հետ համատեղ մայիս-հունիս ամիսներին իրականացրել են «Բուհ-աշխատաշուկա արդի կամուրջների հաստատում եւ փոխգործակցության ընդլայնում» ծրագիրը, որի նպատակն էր պարզել համալսարան-ձեռնարկություն համագործակցության արդի հիմնախնդիրները եւ ձեռք բերել համագործակցության հեռանկարներ: Մեկ ամիս տեւած ծրագրի շրջանակներում իրականացվել են մի շարք միջոցառումներ. անցկացվել են թրեյնինգներ գործատուին ճիշտ ներկայանալու սկզբունքների, պրեզենտացիա ներկայացնելու հմտությունների, ժեստիկուլյացիոն լեզվի, հասարակական ակտիվության վերաբերյալ, տեղի են ունեցել մի շարք գիտագործնական հանդիպում-քննարկումներ: Հունիս ամսին Ծաղկաձորում իրականցվել են սեմինար-դասընթացներ լիդերության, միջհաղորդակցության լեզվի եւ մանիպուլյացիայի թեմաներով: Բոլոր մասնակիցներին հանձնվել են վկայականներ: Երեկ մայր բուհի ռեկտոր Արամ Սիմոնյանը համագործակցության հուշագրեր էր ստորագրել ՀՀ-ում գործունեություն ծավալող 6 մասնավոր ընկերությունների՝ «UITE», «Մեմորիալ Սիստեմ», «Մաքադեմիա», «Ռոսգոսստրախ», «Արեգակ» եւ «Էսկուլապ» դեղագործական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, իսկ արդեն այսօր Երեւանի պետական համալսարանի ռեկտորը «Բուհ-աշխատաշուկա արդի կամուրջների հաստատում եւ փոխգործակցության ընդլայնում» ծրագրի ամփոփման ժամանակ նշեց, որ մեր օրերում դժվար է պատկերացնել մի ուսումնական հաստատություն, որը չի ցանկանում համագործակցել գործատուների հետ: ԵՊՀ ռեկտորի խոսքերով` Մայր բուհն առաջինն էր, որը գործնական քայլեր ձեռնարկեց այդ ուղղությամբ` հետեւելով կորպորատիվ համալսարանի գաղափարին: ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության Երիտասարդական քաղաքականության վարչության պետ Արմեն Պապյանն էլ վստահեցրեց, որ նախարարությունը պատրաստ է համագործակցելու եւ աջակցելու ոչ միայն Մայր բուհին, այլեւ բոլոր բարձրագույն ուսումնական հաստատություններին: «Երիտասարդների զբաղվածության հարցն այսօր նախարարության գերակա խնդիրներից մեկն է: Մենք կարեւորում ենք բուհի եւ աշխատաշուկայի սերտ կապն ու պատրաստ ենք մեր ուժերի ներածին չափով օգնել այդ կապի ստեղծմանն ու ամրապնդմանը: Մենք պետք է մեծ ջանքեր ներդնենք այս ուղղությամբ»,- ասաց նա եւ կոչ արեց ՀՀ այլ բուհերին էլ հանդես գալ նմանօրինակ ծրագրերով: Ամփոփիչ միջոցառման ընթացքում ներկայացվեց նաեւ www.career.ysu.am նորաստեղծ կայքը, որտեղ եւ՛ ուսանողները, եւ՛ գործատուները կարող են գտնել իրենց անհրաժեշտ տեղեկատվությունը:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play