Հրանուշ Հակոբյան. «Իմ Հայաստան» համահայկական փառատոնը պետք է լինի Հայրենիք-Սփյուռք գործակցության լավագույն մշակութային կամուրջ»


Հրանուշ Հակոբյան. «Իմ Հայաստան» համահայկական փառատոնը պետք է լինի Հայրենիք-Սփյուռք գործակցության լավագույն մշակութային կամուրջ»

  • 28-06-2012 17:30:50   | Հայաստան  |  Մշակույթ
«Իմ Հայաստան» համահայկական փառատոնը Հայաստանում կանցկացվի հունիսի 29-ից: Այն իրականացվում է ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո` ՀՀ սփյուռքի նախարարության կողմից: Փառատոնին մասնակցելու են սփյուռքահայ անհատ կատարողներ, երգչախմբային եւ պարի խմբեր, իսկ սեպտեմբերին տեղի կունենա դուդուկի փառատոնը: Այս առթիվ հունիսի 28-ին կայացավ նախ` փառատոնի կազմակերպման միջգերատեսչական նիստը` փոխնախարարների եւ փոխմարզպետների մասնակցությամբ, ապա հաջորդեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի եւ «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի ղեկավար Սամվել Հարոյանի մամուլի ասուլիսը: ՀՀ սփյուռքի նախարար Հ.Հակոբյանը հավաստեց, որ ամեն ինչ կարվի, որպեսզի փառատոնը դառնա Հայրենիք-Սփյուռք գործակցության լավագույն մշակութային կամուրջ: «…մենք մեր միասնությունն ենք ազդարարում: Հայրենիքի դռները բաց են բոլորի համար եւ մենք չենք կարող այն փակել ցանկացողների առաջ, բոլոր ցանկացողները կմասնակցեն փառատոնին: Փառատոնը չի վերածվելու մրցույթի, բոլոր մասնակիցներն էլ հաղթող են»,- շեշտեց Հ. Հակոբյանը եւ հավելեց, որ փառատոնի ժամանակ կլինեն Հայաստանի մասին լավագույն հավաքական համարները: «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի ղեկավար Սամվել Հարոյանը հայտնեց, որ փառատոնի բացումը տեղի կունենա հունիսի 29-ին, ժամը 21:00, Երեւանի Կասկադ համալիրում: Այն բաղկացած է երեք մասից` հանդիսավոր շքերթ, համերգային ծրագիր եւ հրավառություն: Հուլիսի 1-ից կսկսվեն պարախմբերի այցելությունները ՀՀ մարզեր եւ ԼՂՀ: Ինչպես նշեց նախարար Հ.Հակոբյանը, փառատոնի այս տարվա գլխավոր առանձնահատկությունն այն է, որ «մասնակիցների թվի գրեթե կրկնակի ավելացմամբ (անցել է 1700-ի շեմը) նվազել է օգտագործվելիք գումարի չափը, սակայն ամենակարեւորն այն է, որ փառատոնը կոչվում է «Իմ Հայաստան» եւ, որ մեր երկրում առաջին անգամ կանցկացվի դուդուկի փառատոն»: Փառատոնն իրականացնող ստեղծագործական անձնակազմի գեղարվեստական ղեկավարներն են Կարեն Գեւորգյանը, Գրիգոր Հարոյանը, Լիլիթ Դանիելյանը եւ Գեւորգ Դաբաղյանը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play