Էլեկտրոնային չվացուցակների համակարգեր՝ կանգառագոտիներում


 

Էլեկտրոնային չվացուցակների համակարգեր՝ կանգառագոտիներում

  • 02-07-2012 15:21:59   | Հայաստան  |  Տնտեսություն

Մայրաքաղաքի կանգառագոտիներում կտեղադրվեն եվրոպական չափանիշներին համապատասխան էլեկտրոնային չվացուցակների համակարգեր, որոնք քաղաքացիներին հնարավորություն կտան տեղեկանալու սպասվող տրանսպորտային միջոցի ժամանման հերթականության եւ միջակայքերի մասին: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երեւանի քաղաքապետ Տարոն Մագարյանը հանձնարարել է երթուղային նոր ցանցի կիրառմանը զուգահեռ ներկայացնել համակարգերի վերաբերյալ համապատասխան ծրագիր: Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ, շարունակելով ամենօրյա հսկողությունը հասարակական տրասպորտի սպասարկման որակի նկատմամբ, աձանագրվել են մի շարք խախտումներ, որոնց մասով կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ: Զեկուցվել է նաեւ, որ կայացել են Երեւանի ներքաղաքային ավտոբուսային եւ միկրոավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների հերթական մրցույթները: Քաղաքապետը հանձնարարել է վերանայել հեղեղատարների վիճակը եւ գույքագրել մայրաքաղաքի բոլոր այն բակային տարածքներն ու երկրոդական փողոցները, որտեղ նկատվում են անձրեւաջրերի կուտակումներ: Զեկուցվել է, որ սահմանված ժամկետից շուտ կավարտվեն մայրաքաղաքի շենքերի ճակատային հատվածների բարեկարգման, ներկման եւ լվացման աշխատանքները: Ավարտական փուլում է նաեւ վարչական շրջաններում ընթացող բակերի բարեկարգման եւ մանկական ու մարզական խաղերի տեղադրման աշխատանքները: Ծրագրի համաձայն բակային տարածքներում կտեղադրվի 74 մանկական խաղ եւ 400 մարզական գույք: Քամիների ժամանակ ծառերի հնարավոր տապալումներից խուսափելու նպատակով` քաղաքապետը հանձնարարել է գույքագրել մայրաքաղաքում առկա չորացած ծառերն ու կատարել սանիտարական էտում: Ծառերի կրապատման եւ բուժման աշխատանքներն ակտիվացնելու համար հանձնարարվել է այդ աշխատանքներում, ցանկության դեպքում, ներգրավել նաեւ հասարակական կառույցներին: Մայրաքաղաքի շատրվանների վերագործարկման նպատակով Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել բանակցությունները ներդրողների հետ: <<Երքաղլույս>> ՊՓԲԸ տնօրենը զեկուցել է, որ շարունակվում են այգիների եւ պուրակների տարածքները վարձակալած տնտեսավարողների հետ համատեղ այդ տարածքների գիշերային լուսավորության ապահովման եւ եղած թերությունների վերացման աշխատանքները: Զուգահեռաբար բանակցություններ են ընթանում համապատասխան կառույցների հետ` այգիներում եւ պուրակներում WiFi համակարգի տեղադրման ուղղությամբ: <<Բնակիչների հանգստի կազմակերպման համար պետք է ապահոված լինեն բոլոր պայմանները: Չլուսավորված այգի, պուրակ կամ բակ մայրաքաղաքում պետք է չունենանք>>,-նշել է Տարոն Մարգարյանն ու հանձնարարել գույքագրել վարչական շրջանների գիշերային լուսավորման անհրաժեշտություն ունեցող հանգստի բոլոր գոտիները եւ քայլեր ձեռնարկել հնարավորին սեղմ ժամկետում թերությունները վերացնելու ուղղությամբ: Զեկուցվել է, որ շարունակվում են շենքերի շքամուտքերի վերանորգման աշխատանքները, որոնք իրականացվում են վարչական շրջաններ-համատիրություն համատեղ ծրագրի շրջանակում: Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ շարունակվում է նաեւ խիստ հսկողությունը մայրաքաղաքի տարածքում տեղադրված նստարանների եւ չուգունից պատրաստված իրերի պահպանման նկատմամբ: Հաշվի առնելով բնակիչներից ստացված բողոքները թափառող կենդանիների հետ կապված` քաղաքապետը հանձնարարել է առավել հետեւողական լինել եւ մրցույթը շահած ընկերության կողմից ապահովել բնակչության անվտանգությունը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն