Թամարա Բաբայան. «Համաշխարհային բանկի օժանդակությամբ իրականացվող ծրագրի գլխավոր նպատակը էներգախնայողության ապահովումն է»


Թամարա Բաբայան. «Համաշխարհային բանկի օժանդակությամբ իրականացվող ծրագրի գլխավոր նպատակը էներգախնայողության ապահովումն է»

  • 03-07-2012 13:08:44   | Հայաստան  |  Տնտեսություն

Էներգախնայողության ծրագրերի վերաբերյալ հարցեր են քննարկվել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանի հետ հանդիպման ընթացքում: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Համաշխարհային բանկի ներկայացուցիչ Արթուր Կոչնակյանը: Կարեւորելով հիմնադրամի հետ համագործակցությունը` քաղաքապետը ընդգծել է վերջին երկու տարիների ընթացքում էներգախնայողության նպատակով մայրաքաղաքի որոշ դպրոցներում, ինչպես նաեւ անապահով ընտանիքների համար բնակարանների գազիֆիկացման աշխատանքների տեխնիկական աջակցության շրջանակում իրականացված ծրագրերը: <<Ողջունելի են բոլոր այն ծրագրերն ու գաղափարները, որոնք ուղղված են քաղաքային տնտեսության զարգացմանն ու բնակչության սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանը: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ բաց ու պատրաստակամ ենք քննարկելու բոլոր այն առաջարկները, որոնք կնպաստեն մեր քաղաքի ու մեր բնակիչների հարմարավետության ապահովմանը: Այս դեպքում եւս պատրաստ ենք շարունակել փոխշահավետ գործակցությունը` նոր ծրագրերի իրականացման ուղղությամբ>>,- շեշտել է Տարոն Մարգարյանը: Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար` Թամարա Բաբայանը նշել է, որ Համաշխարհային բանկի օժանդակությամբ իրականացվող ծրագրի գլխավոր նպատակը էներգախնայողության ապահովումն է, ինչն իր հերթին բերում է նաեւ ֆինանսների արդյունավետ կառավարման: <<Հատկապես վերջին ամիսների ընթացքում քաղաքապետարանի նախաձեռնությամբ մայրաքաղաքում իրականացվող ծրագրերի արդյունավետությունն ակներեւ է բոլոր երեւանցիների համար, ինչը մեկ անգամ եւս ապացուցում է, որ ֆինանսների արդյունավետ տնօրինումը հնարավորություն կտա ավելի ու ավելի տեսանելի եւ առարկայական փոփոխություններ կատարել Երեւանում: Այս տեսանկյունից, պարոն քաղաքապետ, կարծում եմ կհամաձայնեք, որ էներգախնայողության ծրագիրն իսկապես անհրաժեշտ եւ կարեւոր է: Կարող եմ վստահեցնել, որ մենք շահագրգիռ ենք շարունակելու Ձեզ հետ համագործակցությունը>>,-նշել է Թամարա Բաբայանը` հավելելով, որ հիմնադրամը պատրաստակամ է հնարավորին սեղմ ժամկետներում նախաձեռնել փոխշահավետ ծրագրերի իրականացման աշխատանքները: Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում ն, որ ՀԲ ներկայացուցիչն իր հերթին հավելել է, որ միջազգային ֆինանսական կառույցը եւս պատրաստակամ է ընդլայնել Երեւանի քաղաքապետարանի հետ համագործակցությունը: Շնորհակալություն հայտնելով պատրաստակամության համար, քաղաքապետ Տարոն Մարգարյանը առաջարկել է քաղաքապետարանի համապատասխան օղակների հետ քննարկել համագործակցության հնարավոր ուղղություններն ու ըստ այդմ նախապատրաստել առաջարկների փաթեթ: Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ էնեգախնայողության ծրագրերի շրջանակում հանրային ու պատմամշակութային շենքերի, ինչպես նաեւ այգիների ու պուրակների արտաքին լուսավորության անցկացման շուրջ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play