Արաբկիր համայնքում բացվեց «Նագգաշյան մանուկների տունը»


Արաբկիր համայնքում բացվեց «Նագգաշյան մանուկների տունը»

  • 03-07-2012 11:42:07   | Հայաստան  |  Հասարակություն

Հունիսի 30-ին Երեւանի Արաբկիր համայնքի Ահարոնյան 2/2 հասցեում տեղի ունեցավ «Նագգաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոնի բացման արարողությունը: Արարողության սկզբում ազգային եւ հոգեւոր երգերի կատարումներով հանդես եկան Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Արաբկիրի Հայորդյաց տան սաները։ Ապա իրենց սրտի խոսքն ասացին «Մեր հույս» հայկական բարեգործական կազմակերպության (ԱՄՆ) նախագահ Ադրինե Կրիկորյանը եւ «Նագգաշյան մանուկների տուն» աջակցության կենտրոնի տնօրեն Միհրան Միրիջանյանը։ Նրանց խոսքով՝ կենտրոնն իր էությամբ տարբերվելու է նմանատիպ այլ աջակցության կենտրոններից` ունենալով հիմնականում ուսումնական ուղղվածություն: Այնուհետեւ հանդիսապետությամբ Մուշեղ Սրբազանի կատարվեց տնօրհնեքի արարողություն: ԱՄՆ Հայոց Արեւմտյան թեմի, հայկական բարեգործական «Մեր Հույս» կազմակերպության եւ անհատ բարերարների աջակցությամբ «Նագգաշյան մանուկների տունը» կգործի Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հովանու ներքո։ Այն ծառայելու է սոցիալապես անապահով ընտանիքների 10 տարեկանից բարձր աղջիկների համար: Մանուկների տանը 50 աղջիկներ կստանան մասնագիտական կողմնորոշում ու սոցիալական աջակցություն, կհմտանան արհեստների մեջ: Կենտրոնն իր դռները կբացի սեպտեմբերի 1-ից։ Ապագայում նախատեսվում է նաեւ ապաստան տրամադրել մուրացիկ երեխաներին, ովքեր, օթեւան ունենալուց բացի, կստանան հոգեբանական աջակցություն:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play