Եվս մեկ պատմություն՝ Գյումրիի անօթևան ընտանիքի մասին (Տեսանյութ)


Եվս մեկ պատմություն՝ Գյումրիի անօթևան ընտանիքի մասին (Տեսանյութ)

  • 03-07-2012 14:28:41   | Շիրակի մարզ  |  Բարեգործություն



Գյումրիում տնակներում ապրող, սակայն պետության կողմից բնակարանային փոխհատուցման ոչ ենթակա ավելի քան 4000 անօթեւան ընտանիքներից յուրաքանչյուրը կարծես այդ կարգավիճակում հայտնվելու իր ուրույն պատմությունն ունի: «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները գրեթե յուրաքանչյուր օր առավել սոցիալապես խոցելի խմբերին հայտնաբերելու, նրանց բնակարանային խնդիրներին ծանոթանալու եւ օգնություն ցուցաբերելու նպատակով այցելում է տնակային ավաններ եւ ամեն անգամ հայտնաբերում մի նոր պատմություն եւ անօթեւանության մի նոր դրդապատճառ` երբեմն անսպասելի անգամ մեզ համար: Եվ որքան շատ ենք ուսումնասիրում այդ կարգավիճակի անօթեւան ընտանիքների խնդիրները, այնքան համոզվում ենք, որ տնակային ավանները Գյումրիում դեռեւս շատ երկար են մնալու: Ավելացնենք, որ վերը նշված ավելի քան 4000 անօթեւան ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման որեւէ ծրագիր ներկայումս, լինի ՀՀ կառավարության, մարզային եւ տեղական իշխանությունների կողմից, չի իրականացվում: Հատկապես Գյումրից որոշ ժամանակ բացակայելուց հետո այցելողների համար հենց առաջին հայացքից պարզ երեւում է, որ քաղաքը տարի առ տարի դատարկվում է. հատկապես մթնելուն պես պարզորոշ երեւում է, որ հարյուրավոր բնակարաններում լույսեր չի վառվում եւ դրանք վաղուց դատարկ են: Գյումրու հին թաղամասերում կարող ես հանդիպել նույնիսկ ամբողջական փողոցների, որոնք պարզապես կիսալքված են եւ դրանցում ընդամենը հատուկենտ վարձով բնակվող ընտանիքներ են ապրում: Կարծես թե նման իրավիճակում Գյումրիում վարձով բնակվող ընտանիքների քանակը շատ չպետք է լիներ, սակայն, արի ու տես, որ հարյուրավոր ընտանիքներ կան, որոնց համար անգամ սեփական տնակ ունենալը դարձել է երազանք: Ավելի քան տասը տարի վարձով բնակվելուց հետո վերջապես քաղաքապետարանի կողմից ժամանակավոր կացարան ստացած եւ իրենց 3 դպրոցահասակ աղջիկների հետ այնտեղ բնակվելու տեղափոխված Հովհաննես եւ Ալլա Բաղդասարյանների անօթեւան ընտանիքի մասին է պատմում «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութը:
Նոյյան տապան  -   Բարեգործություն