Մեկնարկեցին «Սփյուռք» ամառային դպրոցի լրագրողների վերապատրաստման և երիտասարդ առաջնորդների պատրաստման դասընթացները


Մեկնարկեցին «Սփյուռք» ամառային դպրոցի լրագրողների վերապատրաստման և երիտասարդ առաջնորդների պատրաստման դասընթացները

  • 10-07-2012 15:20:58   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հուլիսի 10-ին ԵՊՀ-ում կայացավ «Սփյուռք» ամառային դպրոցի լրագրողների վերապատրաստման եւ երիտասարդ առաջնորդների պատրաստման դասընթացների մեկնարկման արարողությունը: Ներկա էին ԵՊՀ դասախոսներ եւ ուսանողներ, «Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցներ: ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի համահայկական ծրագրերի վարչության պետ Ա.Մխիթարյանը, ողջունելով ներկաներին եւ ներկայացնելով «Սփյուռք» ամառային դպրոցի ծրագիրը,նշեց. «21-րդ դարում աշխարհասփյուռ հայությունը կանգնած է նոր մարտահրավերների առաջ, համայնքները վերակազմավորման նոր գործընթաց են սկսել եւ դա կարող է անել այն հայը, ով տիրապետում է ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներին, կարող է համախմբել եւ առաջնորդել համայնքը: Այս պատճառով է, որ արդեն երկրորդ տարին ՀՀ սփյուռքի նախարարությունը կազմակերպել է այս դասընթացները»: ԵՊՀ պրոռեկտոր Ռ.Մարկոսյանը, ելույթ ունենալով, մասնավորապես նշեց, որ կազմակերպված Սփյուռք ունենալու համար կարեւոր են Սփյուռքի երիտասարդական, ուսանողական միությունների հետ տարվող աշխատանքները, նրանց փոխգործակցությունը հայաստանյան երիտասարդական կազմակերպություւների հետ: Ներկաներին ողջունեց նաեւ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Ն.Մարտիրոսյանը` մասնավորապես նշելով. «Մեր ժողովորդն այսօր լուրջ մարտահրավերներ է դիմակայում եւ դրանց դիմակայելիս հաճախ լինում են հերոսացումներ, հիշարժան իրողություններ, որոնց արձանագրողը լրագրողն է: Պատմության կերտողը ժողովուրդն է, իսկ այն կենդանի պահողը, տարածողը, սերունդներին փոխանցողը լրագրողն է»: Ներկաների առջեւ ելույթ ունեցան ԵՊՀ-ի երգչախումբը եւ մշակութային կենտրոնի պարային համույթը: Միջոցառման ավարտին «Սփյուռք» ամառային դպրոցի լրագրողների վերապատրաստման դասընթացի մասնակիցները ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի շրջանավարտներին հանձնեցին ավարտական դիպլոմները: Որոշվեց այս գեղեցիկ արարողությունը դարձնել ավանդույթ:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play