Հայաստանի ապագան կանխագուշակել է Ադրբեջանի գլխավոր գուշակը


Հայաստանի ապագան կանխագուշակել է Ադրբեջանի գլխավոր գուշակը

  • 13-07-2012 11:13:01   | Հայաստան  |  Վերլուծություն

Արդեն մոտ 20 տարի է բանակցություններ են տարվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ, բայց խնդիրը դեռ իր վերջնական, առնվազն դիվանագիտական լուծումը չի ստացել, չնայած այն բանին որ, թե՛ միջազգային հանրությունը, թե՛ հակամարտության կողմերը պարբերաբար դեմ են հանդես գալիս status quo-ի պահպանմանը: Ամեն անգամ, երբ հայկական կողմը հանդես է գալիս որեւէ հայտարարությամբ, ադրբեջանական կողմը պարտադիր կերպով արձագանքում է եւ փորձում փոքր-ինչ սարկազմով, երբեմն էլ կոշտ քննադատությամբ, պատասխանել եւ ներկայացնել սեփական մոտեցումը՝ կապված հիմնախնդրի վերջնական լուծման հետ եւ հակառակը: Բոլորն էլ ուզում են հարցը լուծել միջազգային իրավունքի շրջանակներում, խաղաղ եւ «արդար» պայմաններում, սակայն, միեւնույն ժամանակ, բոլորն ունեն սեփական պատկերացումներն այդ ճանապարհին հասնելու ուղղությամբ, դրա համար էլ այսօր ունենք այն, ինչ ունենք, այսինքն status quo: Սրա հիմնական պատճառը հանդիսանում է կառուցողական մոտեցման իսպառ բացակայությունը, որն էլ իր հերթին փոխվստահության մթնոլորտի բացակայության արդյունք է: Այսօր ադրբեջանական հասարակությունն այնքան է կաղապարված եւ ագրեսիվ տրամադրված հայերի նկատմամբ, որ գործնականում հաշտության եզրեր գտնելն անգամ մոտ ապագայում բացառվում է, եւ սա արդյունքն է Ալիեւյան սադրիչ եւ անհեռանկար քաղաքականության: Մեր հարեւանների ամբողջ վերնախավը ոչ մի առիթ բաց չի թողնում անել ռազմատենչ եւ հակահայկական հայտարարություններ` ճնշվելով պարտվածի բարդույթից եւ չկարողանալով առանց ջղաձգումների բանակցել եւ փողզիջումային ճանապարհներով հասնել հարցի վերջնական կարգավորմանը: Մի քանի օր առաջ Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիեւը, կառավարության ընդլայնված նիստի ժամանակ կրկին անդրադարձել է Արցախին եւ ամենայն վստահությամբ նշել, որ շուտով ադրբեջանական դրոշը ծածանվելու է Ստեփանակերտում: Ալիեւի ելույթի անկյունաքարը հանդիսանում էր Հայաստանի «թուլացումը» եւ Ադրբեջանի շարունակական «ուժեղացումը»: Կարճ ասած՝ Ալիեւը հույսը դրել է հայերի ապիկարության վրա: Նա ադրբեջանական հասարակությանը կոչ է անում համբերությամբ լցվել եւ սպասել Հայաստանի փլուզմանը եւ դրան զուգահեռ Ադրբեջանի ծաղկմանը: Նրա կարծիքով դրան շատ քիչ է մնացել եւ շուտով ամեն ինչ իր տեղը կընկնի: Անկեղծ ասած դժվար է պատկերացնել, թե նման «նաստրադամուսյան» գուշակությունը Ադրբեջանում ով է լուրջ ընդունում, բայց, այնուամենայնիվ, հայտարարություն անողը ոչ ավել ոչ պակաս երկրի Նախագահն է, «հարգենք» մեկ րոպե լռությամբ: Փաստը մնում է փաստ. Այսօր Արցախը կրկին հայկական պետականություն է, եւ մենք ունենք այնպիսի բանակ, որը տարածաշրջանային մակարդակով պարտադրում է խաղաղություն: Հ.Գ. պրն. Ալիեւ, անհարմար է, վերջ տվեք Ձեր տարօրինակ սովորությանը՝ քննարկել Արցախի հարցը կառավարության ընդլայնված նիստերի ժամանակ, որոնք, մասնավորապես, նվիրված են լինում երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը: Էրիկ Երիցյան
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play