Հայաստանի ապագան կանխագուշակել է Ադրբեջանի գլխաւոր գուշակը


Հայաստանի ապագան կանխագուշակել է Ադրբեջանի գլխաւոր գուշակը

  • 13-07-2012 11:13:01   | Հայաստան  |  Յօդուածներ

Արդեն մօտ 20 տարի է բանակցութիւններ են տարւում Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան խաղաղ կարգաւորման շուրջ, բայց խնդիրը դեռ իր վերջնական, առնուազն դիւանագիտական լուծումը չի ստացել, չնայած այն բանին որ, թէ՛ միջազգային հանրութիւնը, թէ՛ հակամարտութեան կողմերը պարբերաբար դէմ են հանդէս գալիս status quo-ի պահպանմանը: Ամէն անգամ, երբ հայկական կողմը հանդէս է գալիս որեւէ յայտարարութեամբ, ադրբեջանական կողմը պարտադիր կերպով արձագանքում է եւ փորձում փոքր-ինչ սարկազմով, երբեմն էլ կոշտ քննադատութեամբ, պատասխանել եւ ներկայացնել սեփական մօտեցումը` կապուած հիմնախնդրի վերջնական լուծման հետ եւ հակառակը: Բոլորն էլ ուզում են հարցը լուծել միջազգային իրաւունքի շրջանակներում, խաղաղ եւ «արդար. պայմաններում, սակայն, միեւնոյն ժամանակ, բոլորն ունեն սեփական պատկերացումներն այդ ճանապարհին հասնելու ուղղութեամբ, դրա համար էլ այսօր ունենք այն, ինչ ունենք, այսինքն status quo: Սրա հիմնական պատճառը հանդիսանում է կառուցողական մօտեցման իսպառ բացակայութիւնը, որն էլ իր հերթին փոխվստահութեան մթնոլորտի բացակայութեան արդիւնք է: Այսօր ադրբեջանական հասարակութիւնն այնքան է կաղապարուած եւ ագրեսիւ տրամադրուած հայերի նկատմամբ, որ գործնականում հաշտութեան եզրեր գտնելն անգամ մօտ ապագայում բացառւում է, եւ սա արդիւնքն է Ալիեւեան սադրիչ եւ անհեռանկար քաղաքականութեան: Մեր հարեւանների ամբողջ վերնախաւը ոչ մի առիթ բաց չի թողնում անել ռազմատենչ եւ հակահայկական յայտարարութիւններ` ճնշուելով պարտուածի բարդոյթից եւ չկարողանալով առանց ջղաձգումների բանակցել եւ փողզիջումային ճանապարհներով հասնել հարցի վերջնական կարգաւորմանը: Մի քանի օր առաջ Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիեւը, կառավարութեան ընդլայնուած նիստի ժամանակ կրկին անդրադարձել է Արցախին եւ ամենայն վստահութեամբ նշել, որ շուտով ադրբեջանական դրօշը ծածանուելու է Ստեփանակերտում: Ալիեւի ելոյթի անկիւնաքարը հանդիսանում էր Հայաստանի «թուլացումըէ եւ Ադրբեջանի շարունակական «ուժեղացումըէ: Կարճ ասած` Ալիեւը յոյսը դրել է հայերի ապիկարութեան վրայ: Նա ադրբեջանական հասարակութեանը կոչ է անում համբերութեամբ լցուել եւ սպասել Հայաստանի փլուզմանը եւ դրան զուգահեռ Ադրբեջանի ծաղկմանը: Նրա կարծիքով դրան շատ քիչ է մնացել եւ շուտով ամէն ինչ իր տեղը կ'ընկնի: Անկեղծ ասած դժուար է պատկերացնել, թէ նման «նաստրադամուսեան» գուշակութիւնը Ադրբեջանում ով է լուրջ ընդունում, բայց, այնուամենայնիւ, յայտարարութիւն անողը ոչ աւել ոչ պակաս երկրի Նախագահն է, «յարգենք» մէկ րոպէ լռութեամբ: Փաստը մնում է փաստ. Այսօր Արցախը կրկին հայկական պետականութիւն է, եւ մենք ունենք այնպիսի բանակ, որը տարածաշրջանային մակարդակով պարտադրում է խաղաղութիւն: Հ.Գ. պրն. Ալիեւ, անյարմար է, վերջ տուէք Ձեր տարօրինակ սովորութեանը` քննարկել Արցախի հարցը կառավարութեան ընդլայնուած նիստերի ժամանակ, որոնք, մասնաւորապէս, նուիրուած են լինում երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը: Էրիկ Երիցեան
  -   Յօդուածներ