ՏՏ-ն տնտեսության ամենահամախմբված ոլորտն է


ՏՏ-ն տնտեսության ամենահամախմբված ոլորտն է

  • 19-07-2012 09:18:10   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Երեւանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտի գործունեության ոլորտները բազմազան են՝ համակարգչային ծրագրային ապահովում, ռադիոտեխնիկական եւ օպտիկամանրաթելային համակարգերի համար սարքերի, հանգույցների մշակում եւ պատրաստում, ֆունկցիոնալ միկրոէլեկտրոնիկայի էլեմենտների նախագծում, արտադրության կազմակերպում եւ պատրաստում, տեխնոլոգիական վերահսկողության համակարգերի համար միկրոկոնտրոլերների մշակում եւ պատրաստում։ Ինստիտուտի տնօրեն Մհեր Մարկոսյանը մեզ հետ զրույցում խոսելով հայաստանյան տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի զարգացման տեմպերի մասին՝ նշում է, որ թեեւ մեր ՏՏ ոլորտն արձանագրում է շարունակական աճ, այնուամենայնիվ, այդ տեմպերը բավարար չեն, քանի որ չեն համընկնում միջազգային զարգացման տեմպերին։ Մինչդեռ ով ավելի արագ զարգանա, նա էլ կտիրանա շուկաներին։ Ըստ Մհեր Մարկոսյանի՝ միջազգային զարգացումներին համընթաց գնալու համար առաջին հերթին անհրաժեշտ է գիտելիք։ «Սովորելու շատ բան ունենք ինչպես մասնագիտական, այնպես էլ մենեջմենթի, շուկաներում աշխատելու առումով»,- նշում է կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտի տնօրենը։ Նա նաեւ ընդգծում է, որ ՏՏ-ն յուրօրինակ ոլորտ է, որտեղ շատ մեծ դեր ունի անհատականությունը. «Ծրագրային ապահովման ասպարեզը ես շատ հաճախ նմանեցնում եմ արվեստի հետ։ Այստեղ ամեն ինչ կախված է նրանից, թե մարդն ինչպես է ընկալում աշխարհը եւ ինչպես է այդ ամենը ներկայացնում ծրագրային ապահովման միջոցով։ Ինչ վերաբերում է ՏՏ ոլորտի տեխնիկական միջոցներին, այստեղ ավելի շատ անհրաժեշտ է թիմային աշխատանք եւ համախմբվածություն։ Համախմբվածությունը լինում է, երբ դրվում են մեծ խնդիրներ։ Բնականաբար, համախմբվելով՝ կազմակերպություններից յուրաքանչյուրը լուծում է իր առանձին խնդիրը։ Այդպիսով համախմբվածությունը հանգեցնում է նաեւ որոշակի մասնագիտացման։ Այսօր ՏՏ ոլորտում գործող ձեռնարկություններից շատերը նույնատիպ խնդիրներ են լուծում։ Իհարկե, լավ մրցակցություն ապահովելու համար պետք է ինտեգրվել։ Հայաստանում այդ ինտեգրման մեխանիզմները դեռ լավ չեն աշխատում, եւ այդ ասպարեզում մենք շատ բան ունենք սովորելու։ Շատ ձեռնարկություններ փորձում են ամբողջ ճանապարհը նորից անցնել, ինչն ուժերի վատնում է։ Այդ ասպարեզում հսկայական աշխատանք է կատարում Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ)։ Առաջին հայացքից դա գուցե չնկատվի, բայց երբ խորանում եւ ավելի ուշադիր ես դիտարկում ԻՏՁՄ գործունեությունը, ապա հասկանում ես, որ կատարում է հսկայական աշխատանք, որպեսզի ստեղծվեն այն դպրոցները, այն միջավայրը, որոնք հնարավորություն կտան այդ բացը լրացնել»։ Մհեր Մարկոսյանն ընդգծում է, որ ի տարբերություն շատ այլ ոլորտների՝ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառն ամենահամախմբվածն է։ Եվ այդ հարցում շատ մեծ ներդրում ունի ինչպես ԻՏՁՄ-ն, այնպես էլ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը։ «Կազմակերպություններից յուրաքանչյուրն իր գործառույթն է կատարում։ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի վրա ներդրվեց գումար, որը պետք է բերեր ՏՏ ոլորտի զարգացմանը։ Մինչդեռ այդ գումարն այնքան քիչ էր, որ չէր կարող շատ լուրջ ազդեցություն ունենալ։ Մեծ խնդիրներ լուծելու համար մեծ գումարներ են անհրաժեշտ։ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը մեծ աշխատանք է կատարում ոլորտը համախմբելու, կապեր ստեղծելու, նոր ձեռնարկություններին մեթոդական օգնություն, ֆինանսական աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ։ Ինչ վերաբերում է ԻՏՁՄ-ին, ապա եթե ԻՏՁՄ-ն այլ կերպ ղեկավարվեր, երեւի թե ոլորտում այսպիսի համախմբվածություն չլիներ։ Երբ տեսնում ես այդտեղ աշխատող մարդկանց սրտացավությունը, ինքդ էլ ձգտում ես կենտրոնամետ լինել»,- ասում է Մհեր Մարկոսյանը։ ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ «Առավոտ» օրաթերթ
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play