Նախատեսվում է ՀՀ պետական բյուջեից գիտությանը տրամադրվող ֆինանսավորումն ավելացնել շուրջ 10 տոկոսով
20-07-2012 16:26:56 | Հայաստան | Գիտություն եւ տեխնոլոգիաներ
ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել գիտական եւ գիտատեխնիկական գործունեության բազային եւ պետական նպատակային ծրագրերի քննարկման հանձնաժողովի նիստ, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նիստին մասնակցել են հանձնաժողովի անդամ հանդիսացող ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի, ԳԱԱ-ի, ՀՀ բուհերի, ինչպես նաեւ պետական կառավարման այլ մարմինների ներկայացուցիչներ: Հանձնաժողովը քննարկել է ՀՀ ԳԱԱ-ից եւ ՀՀ պետական կառավարման մարմիններից ստացված գիտական եւ գիտատեխնիկական գործունեության բազային եւ պետական նպատակային ծրագրերի նախագծերը եւ ՀՀ 2013 թվական պետական բյուջեում դրանք ընդգրկելու վերաբերյալ համապատասխան առաջարկություններ ներկայացրել: Նիստին զեկույցով հանդես է եկել ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանը, ով տեղեկացրել է, որ հաջորդ տարի նախատեսվում է ՀՀ պետական բյուջեից գիտությանը տրամադրվող ֆինանսավորումն ավելացնել շուրջ 10 տոկոսով: ԳՊԿ նախագահը ներկայացրել է նաեւ հաջորդ տարի նախատեսվող մի շարք ծրագրեր, մասնավորապես, ըստ Ս. Հարությունյանի, մյուս տարի նախատեսվում է անցկացնել "100 լավագույն գիտնական" մրցույթը, որի հաղթողներն ամեն ամիս կստանան համապատասխան հավելավճար: Բացի այդ, նախատեսվում է որոշակի գումար հատկացնել` մի շարք գիտական հաստատությունների համար երեք խոշոր սարքավորում ձեռք բերելու համար: Ս. Հարությունյանը տեղեկացրել է նաեւ, որ հաջորդ տարի կշարունակվեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ համատեղ իրականացվող գիտական ծրագրերը եւ միջազգային մրցույթները:
Նիստի ավարտին հանձնաժողովը հավանության է արժանացրել պետական կառավարման մարմիններից ստացված մի շարք առաջարկներ: