Տիգրան Սարգսյան. Ադրբեջանի կողմից փորձ է արվում խաղաղ բանակցային գործընթացի մեջ մտցնել մի լուրջ, վտանգավոր կասկածի մթնոլորտ


Տիգրան Սարգսյան. Ադրբեջանի կողմից փորձ է արվում խաղաղ բանակցային գործընթացի մեջ մտցնել մի լուրջ, վտանգավոր կասկածի մթնոլորտ

  • 23-03-2011 21:08:09   | Հայաստան  |  Քաղաքական
Եթե միջազգային կառույցները հստակ նշեն ուժի կիրառման բացառման սկզբունքը խախտող կողմի նկատմամբ միջազգային պրակտիկայում ընդունված գործողությունները եւ թվարկեն պատժամիջոցները, ապա դա էապես կարող է օգնել խաղաղ բանակցային գործընթացին։ Ազգային ժողով-կառավարություն մարտի 23-ի հարցուպատասխանի ընթացքում այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նա ընդգծեց, որ թեեւ միջազգային հեղինակավոր կառույցները պարբերաբար հայտարարում են, որ խաղաղ բանակցային գործընթացը չունի այլընտրանք, Ադրբեջանն իր քարոզչությունը իրականացնում է լրիվ այլ ուղղությամբ՝ բանակցային գործընթացը չի կարող ունենալ հաջողություն, եւ միակ լուծման եղանակը պատերազմն է։ ՀՀ վարչապետը նշեց, որ Բրյուսել կատարած իր այցի ընթացքում ինքը հստակ շեշտադրել է այդ հանգամանքը, որը «ապագայում եւս մենք միջազգային տարբեր կառույցներում պետք է անպայման օգտագործենք»։ Հայաստանի կառավարության ղեկավարն ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը գտնվում է Եվրոպական միության եւ Եվրոպական խորհրդարանի ուշադրության կենտրոնում։ Եվրոպական կառույցները կարեւորում են, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային գործընթացը հաջողությամբ ավարտին հասցվի, որպեսզի տարածաշրջանում խաղաղություն հաստատվի եւ որպեսզի իրականացվեն ԵՄ-ի հետ հարեւանության ծրագրերը։ Հիշյալ եվրոպական կառույցների ղեկավարները՝ Ժոզե Մանուել Բարոզոն եւ Եժի Բուզեկը, ըստ ՀՀ վարչապետի, այդ տեսակետից էին դիտարկում ղարաբաղյան խնդիրը։ «Երկուսն էլ ունեն հստակ քաղաքական դիրքորոշում, որ խաղաղ բանակցային գործընթացին այլընտրանք չկա, ցանկացած փորձ խնդիրը լուծել այլ եղանակով՝ ուժի կիրառմամբ, համարվում է անընդունելի»,- ասաց Տ.Սարգսյանը։ ՀՀ վարչապետը նշեց, որ Եվրախորհրդարանում քննարկումների ժամանակ ադրբեջանական լոբբին աշխատանք էր տանում նաեւ պատգամավորներին համոզելու, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցային գործընթացը ավարտին հասցնել անհնար է, պետք է մտածել այլ ձեւաչափերի մասին. «Այսինքն՝ փորձ է կատարվում այդ խաղաղ բանակցային գործընթացի մեջ մտցնել մի լուրջ, վտանգավոր կասկածի մթնոլորտ»։ Ըստ Տ.Սարգսյանի, հստակ զգացվում էր նաեւ ձգտումը հասարակական կարծիք ու մթնոլորտ ձեւավորել առ այն, որ Ադրբեջանն ունի ռազմական ճանապարհով խնդիրը լուծելու իրավական հիմք։ «Կային պատգամավորներ, որոնք ուղղակի փորձում էին իրենց հարցադրումները շարադրել այս տրամաբանության ներքո»,- ասաց վարչապետը։ «Ինչպիսի՞ն պետք է լինի Եվրախորհրդարանի մասնակցությունը եւ օժանդակությունը խաղաղ բանակցային գործընթացին» հարցին իր կողմից հստակ պատասխան է տրվել՝ եթե միջազգային տարբեր կառույցներ ուզում են օժանդակել Մինսկի խմբի աշխատանքներին, ապա պետք է ընդգծվի՝ խաղաղ բանակցային գործընթացին այլընտրանք չկա, եւ եթե կողմերից որեւիցե մեկը փորձի ուժի միջոցով հարցը լուծել, միջազգային ուժերի արձագանքը լինելու է շատ հստակ եւ միանգամից։ Ըստ Տ.Սարգսյանի, այսօր միջազգային փորձը ցույց է տալիս, որ միջազգային հանրությունը օպերատիվ կերպով նման գործողություններ կարողանում է կազմակերպել եւ իրականացնել։ «Ես կարծում եմ, որ ղարաբաղյան գործընթացում այդպիսի միջազգային կոմյունիկեի ընդունումը կարող է նպաստել բանակցային գործընթացին»,- հայտարարեց Տիգրան Սարգսյանը։
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play