Լեգենդար շանսոնյեն՝ Թբիլիսիում


Լեգենդար շանսոնյեն՝ Թբիլիսիում

  • 16-08-2012 11:56:38   | Վրաստան  |  Մշակույթ

2012 թվականի օգոստոսի 15-ը թբիլիսահայության կյանքում հիրավի դարձավ պատմական: Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլու հրավերով Վրաստանում հյուրընկալվող ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը, Ախալցիխե ուղեվորվելու նախորդ օրը , Թբիլիսիում այցելեց Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Սուրբ Էջմիածին տաճարը: Չնայած օգոստոսյան կիզիչ արեւին, բազմամարդ էր Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակը: Ժողովուրդը եկել էր իր խոնարհումը բերելու աստվածաշնորհ տաղանդով եւ ազգապահպան գործունեությամբ աշխարհին հայտնի Շառլ Ազնավուրին: Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանի ուղեկցությամբ, երգչին եկեղեցու բակում դիմավորեցին Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, հայ հոգեւոր դասը, թբիլիսահայ հասարակայնությունը: Հինավուրց եկեղեցու ներսում բարի կամքի դեսպանը, վիրահայոց առաջնորդի ուղեկցությամբ, աղոթք բարձրացրեց Հայաստան եւ Վրաստան աշխարհների բարեկամության եւ աշխարհասփյուռ հայության միասնության աղերսով: Սրբազան Հայրը գնահատանքի եւ օրհնության խոսք ուղղեց մեծ շանսոնյեին, իր կարճատեւ դադարի ընթացքում հայկական եկեղեցում մոմ վառելու եւ թբիլիսահայության հետ հանդիպելու առիթը ձեռքից բաց չթողնելու համար: Այնուհետեւ Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուբենկյան սրահում կայացավ Շառլ Ազնավուրի հանդիպումը թբիլիսահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Ողջունելով մեծ մարդասերին եւ բարեգործին , Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը հավաստեց այն սերն ու հարգանքը, որ տածում է թբիլիսահայությունը իր հայրենակցի նկատմամբ: Պարոն դեսպանն ակնածանքով հիշեց այն ջերմությունը, որով մեկ տարի առաջ տեղի հայությունը հայոց եկեղեցում դիմավորել է Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ. Տ.Տ. Գարեգին Երկրորդին եւ այսօր հանդիպում է աշխարհահռչակ հայ երգչին: «Հայարտուն»մշակույթի կենտրոնի համակարգող եւ մշակույթի բաժնի պատասխանատու Լեւոն Չիդիյանը Շառլ Ազնավուրին եւ ֆրանսիացի հյուրերին ներկայացրեց կենտրոնի ծաված գործունեությունը: Մեծ ազգասերին իրենց ստեղծագործությունները նվիրեցին թբիլիսահայ նկարիչ Թենգիզ Միկոյանցը, խեցեգործ Լեվոն Օսիպովը, երաժիշտ Լեւոն Շահբազյանը: Շառլ Ազնավուրը վրացահայ հայրենակիցներին արեւշատություն բարեմաղթեց վրացական «Քինձմարաուլի» գինով: Երեկոյան ի պատիվ ֆրանսահայ շանսոնյեի Վրաստանում ՀՀ դեսպանության անունից տրվեց պաշտոնական ընթրիք: Վիրահայոց թեմի մամլո դիվանից հայտնում են, որ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլու հրավերով Վրաստան ժամանած Շառլ Ազնավուրը, 22 հոգուց բաղկացած իր երաժշտական խմբի հետ օգոստոսի 16-ին կմասնակցի Ախալցիխեում Ռաբաթ վերականգնված ամրոցի բացմանը: իր նախնիների ծննդավայր Ախալցիխեում առաջին անգամ հանդես կգա համերգով:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play