Սամվել Խաչատրյանը համամիտ չէ իր հասցեին հնչած մեղադրանքներին


Սամվել Խաչատրյանը համամիտ չէ իր հասցեին հնչած մեղադրանքներին

  • 16-08-2012 15:00:39   | Հայաստան  |  

Հայաստանի Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը համամիտ չէ Օլիմպիական խաղերում կրած անհաջողություններից հետո իր հասցեին հնչած մեղադրանքներին: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա որպես փաստ ներկայացրեց ֆերդերացիայում իր աշխատած տարիներին գրանցված բարձր արդյունքները: "346 հատ մեդալ եմ բերել, ժողովո՜ւրդ, 6 տարվա մեջ, 346 հատ մեդալ: Վերցրեք ծանրամարտի ամբողջ պատմությունը, որը 60 տարի է: Խնդրում եմ, վերցրեք մի հատ նայեք` էդ 60 տարվա մեջ էսքան մեդալ որեւիցե մեկը բերե՞լ է",- ասասց Ս. Խաչատրյանը: Անդրադառնալով մրցումների ընթացքում ծագած խնդիրներն` Ս. Խաչատրյանը համաձայնեց, որ վատ արդյունքների պատճառ կարող էր լինել այն հանգամանքը, որ որոշ ծանրամարտիկներ բաց են թողել Օլիմպիական խաղերին նախորդած Հայաստանի եւ Եվրոպայի առաջնությունները, թեպետ սովորաբար շատ մարզիկներ են այդպես վարվում ուժերը խնայելու նպատակով: Նա տեղեկացրեց, որ եղել են նաեւ հոգեբանական խնդիրներ: Մասնավորապես, Առաքել Միրզոյանի հայրը, որը նաեւ վերջինիս մարզիչն է, մրցումներից հետո ասել է, որ վերջին 10 օրերի ընթացքում մարզիկի մոտ հոգեբանական խնդիրներ է նկատել: Նման խնդիրներ է ունեցել նաեւ Մելինե Դալուզյանը: Ս. Խաչատրյանի հավաստմամբ մարզուհին անհաջող մոտեցումից հետո իջնելով բեմահարթակից` ասել է, որ “ծանրաձողը իրեն 1 տոննա է թվացել”: Չնայած Օլիմպիական խաղերում հայ ծանրամարտկների տապալմանը (բացառությամբ Հռիփսիմե Խուրշուդյանի` ով բրոնզե մեդալ է նվաճել)` ֆեդերացիայի նախագահը լավատես է: "Ծանրամարտը նորմալ վիճակում է, եթե չհաշվենք Օլիմպիական խաղերը",- փաստեց նա` համոզվածությամբ նշելով, որ թե’ աղջիկների, թե’ տղաների մեջ կան տաղանդավոր երիտասարդ մարզիկներ, որոնք անպայման աճ կգրանցեն, եւ սերնդափոխության խնդիր չի լինի: "Մենք ունենք երիտասարդ լավ մարզիկներ, որոնք որ 2016 թվականին Բրազիլիայում` Ռիո դե Ժանեյրոյում, անցկացվելիք Օլիմպիական խաղերում չեն կարող մեծ արդյունքներ չունենալ"- վստահեցրեց նա: Ինչ վերաբերում է իր հրաժարականին, ապա Ս. Խաչատրյանը նշեց, որ դա կորոշվի սեպտեմբերին տեղի ունենալիք արտահերթ նիստի ժամանակ: Կքննարվի նաեւ մարզիչներին փոխելու հարցը: