Ծնողները կկարողանան երեխաներին մեծացնել ընտանիքում


Ծնողները կկարողանան երեխաներին մեծացնել ընտանիքում

  • 28-08-2012 11:49:46   | Սյունիքի մարզ  |  Բարեգործություն

Orange Հիմնադրամը եւ Վորլդ Վիժն Հայաստանը ամփոփում են հուլիս ամսվա SMS-հանգանակության արդյունքները. Այսօր Orange Հիմնադրամը եւ Վորլդ Վիժն Հայաստանը հայտարարեցին «Պահենք երեխաներին ընտանիքում» SMS բարեգործական նախագծի երկրորդ փուլի` հուլիս ամսվա արդյունքների մասին: Նախագիծը թույլ է տալիս Orange-ի բաժանորդներից յուրաքանչյուրին աջակցություն ցուցաբերել այն հայ մանուկներին, որոնց ընտանիքները ֆինանսական դժվարությունների պատճառով իրենց երեխաներին հանձնում են պետական հաստատությունների հոգածությանը: Ուղարկելով SMS 1234 կարճ համարին` Orange-ի բաժանորդները նվիրաբերում են 100, իսկ 5678 համարին` 500 դրամ: Հուլիս ամսին Orange-ի բաժանորդները նվիրաբերել են 343,700 ՀՀ դրամ: Ինչպես եւ հայտարարվել էր, Orange Հիմնադրամը նվիրաբերում է նույնքան գումար, որքան բաժանորդները բոլորը միասին, այսինքն` հուլիս ամսվա դրամահավաքի արդյունքում Orange Հիմնադրամը Վորլդ Վիժն Հայաստանին է տրամադրում 687,400 ՀՀ դրամ: Այս գումարը Վորլդ Վիժն Հայաստանը կօգտագործի` Սյունիքի մարզում բնակվող Ռոմիկի եւ Արմինեի ընտանիքին օգնելու համար: Վերջիններս ունեն վեց երեխա եւ կենցաղային ու սոցիալական ծանր պայմանների պատճառով երեխաներից երկուսին տասնչորս եւ տասներկուամյա աղջիկներին ստիպված են եղել հանձնել Կապանի գիշերօթիկ հաստատության հոգածությանը: Հավաքված գումարով, որին Վորլդ Վիժնը կավելացնի 650,000 դրամ, հնարավոր կլինի գնել խոտհնձիչ եւ հողամշակ մեքենա, ինչը հնարավորություն կտա ընտանիքի հորը վարձատրության դիմաց մշակել ուրիշների հողատարածքները: Հաշվի առնելով Սյունիքի համայնքներում գյուղմեխանիզացիայի տեխնիկայի սակավությունը` նման ծառայությունները պահանջված են: Ունենալով եկամտի աղբյուր` ծնողները կկարողանան երեխաներին մեծացնել ընտանիքում: «Նախեւառաջ ցանկանում ենք շնորհակալություն հայտնել մեր այն բաժանորդներին, ովքեր ցանկություն հայտնեցին եւ իրենց աջակցությունը ցուցաբերեցին այս երեխաներին: Orange Հիմնադրամը կրկնապատկել է նրանցից յուրաքանչյուրի ներդրումը: Այս նախագծի ամենակարեւոր բաղկացուցիչներից է այն, որ մեր բաժանորդներից յուրաքանչյուրը կարող է քայլ կատարել` օգնելու երեխաների, որոնք ունեն ծնողներ, սակայն ստիպված են մեծանալ մանկատանը: Ծրագիրը շարունակական է լինելու, եւ այս ամիս մենք կրկին սպասում ենք հանգանակությունների, որոնք հնարավորություն կտան այլ երեխաների կյանքում բերել շոշափելի փոփոխություններ»,- ասաց Հայաստանում Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Բրունո Դյութուան: «Մենք շնորհակալ ենք Orange-ի բաժանորդներին տրամադրած յուրաքանչյուր դրամի համար: Այս անգամ հավաքված գումարը բավարար չէր գյուղատնտեսական մեքենա ձեռք բերելու համար, սակայն հաշվի առնելով այս բազմազավակ ընտանիքի սոցիալական դժվար պայմանները ու երեխաներին ընտանիքում պահելու հեռանկարը՝ Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպությունը որոշեց ներդնել հավելյալ միջոցներ՝ մեքենան համատեղ գնելու նպատակով: Հավաքված գումարը մեծ աջակցություն է խիստ կարիքի մեջ գտնվող այս ընտանիքի համար, իսկ նրանց երկու աղջիկներին, որոնք խնամքի հաստատությունում են գտնվում, այսուհետ հնարավորություն կտա առավելագույնս վայելելու ծնողների խնամքն ու ներկայությունն իրենց կյանքում», - ասաց Լուսինե Սիմոնյանը՝ Վորլդ Վիժն Հայաստանի «Շահագրգիռ կողմերը միասին հանուն Հայաստանում Երեխաների պաշտպանության համակարգի հզորացման» ծրագրի համակարգողը: Վորլդ Վիժնը բազմամյա փորձ ունի խոցելի եւ անապահով ընտանիքների հետ աշխատանքի ոլորտում եւ իր փորձագետների եւ սոցիալական աշխատողների ջանքերով կկազմակերպի մասնագիտական աշխատանքներ ընտանիքների հետ: Այս աշխատանքների առանցքային նպատակն է բարելավել յուրաքանչյուր ընտանիքի սոցիալ-տնտեսական վիճակը, ինչի արդյունքում ծնողները կկարողանան երեխաներին պահել ընտանիքում: «Պահենք երեխաներին ընտանիքում» SMS բարեգործական նախագիծը կտեւի մեկ տարի, որի ընթացքում Orange Հիմնադրամը պարբերաբար կտեղեկացնի հավաքված գումարի, նաեւ այն երեխաների եւ ընտանիքների մասին, ովքեր ընդգրկվել են նախագծում: Երեխաներին պաշտպանելու եւ անձնական տեղեկությունների գաղտնիությունը պահպանելու նպատակով երեխաների անունները նշված չեն:
Նոյյան տապան  -   Բարեգործություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play