Թրաֆիկինգի զոհ դարձած ՀՀ քաղաքացիների համար ԱՄԷ-ն վերջնակետ երկիր է համարվում


Թրաֆիկինգի զոհ դարձած ՀՀ քաղաքացիների համար ԱՄԷ-ն վերջնակետ երկիր է համարվում

  • 21-03-2011 20:25:33   | Հայաստան  |  Հասարակություն
ՀՀ փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) հարցերով խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանը մարտի 21-ին ընդունեց Արաբական Միացյալ Էմիրությունների պատվիրակությանը` խորհրդարանական հարցերով նախարարի տեղակալ Սայիդ Մուհամմադ ալ Ղոֆալի ղեկավարությամբ: Պատվիրակությունը Հայաստանում է գտնվում հայկական կողմի հետ թրաֆիկինգի դեմ պայքարի հարցերով խորհրդակցություններ անցկացնելու նպատակով: Կողմերը քննարկեցին 2009թ. Հայաստանի եւ ԱՄԷ-ի միջեւ ստորագրված թրաֆիկինգի դեմ պայքարի բնագավառում համագործակցության մասին հուշագրի դրույթների արդյունավետ իրագործման հարցեր: Փոխվարչապետը կարեւորեց երկկողմ մակարդակով փոխգործակցությունը երեւույթի դեմ պայքարի հարցում: Ըստ նրա, պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ թրաֆիկինգի զոհ դարձած ՀՀ քաղաքացիների համար ԱՄԷ-ն վերջնակետ երկիր է համարվում, այդ իսկ պատճառով թրաֆիկինգի դեմ պաքարի հարցում գործակցելու, ջանքերը համակարգելու անհրաժեշտություն կա: «Համոզված եմ, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի առավելագույնս նվազեցնել երեւույթի թե ծավալները, թե ազդեցությունը հասարակության վրա»,-նշեց Ա.Գեւորգյանը: Հյուրերը նշեցին, որ արդեն հանդիպումներ են ունեցել ՀՀ մի շարք գերատեսչություններում, եւ համոզվել են, որ հայկական կողմը վճռական է այդ բնագավառում գործակցությունը խորացնելու հարցում: Նրանք տեղեկություններ ներկայացրին նաեւ թրաֆիկինգի դեմ պայքարի շրջանակում ԱՄԷ-ում իրականացվող միջոցառումների մասին: Մասնավորապես նշվեց, որ համապատասխան քարոզարշավ է իրականացվում նաեւ օդանավակայանում: Երկուստեք կարեւորվեց փոխայցերի կազմակերպումը, ինչը երկկողմ գործակցության առկա խնդիրների վերհանման, հետագա արդյունավետ քայլերի որոշման լավ հնարավորություն է:
Նոյյան տապան  -   Հասարակություն