Տեղեկատվական վեճերի խորհուրդ.Եզրակացություն՝ դատական գործի վերաբերյալ


Տեղեկատվական վեճերի խորհուրդ.Եզրակացություն՝ դատական գործի վերաբերյալ

  • 05-09-2012 16:28:03   | Հայաստան  |  Իրավունք

«Երեւանի պետական համալսարան» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը եւ Արա Գաբուզյանն ընդդեմ «Բանաձեւ» ՍՊԸ-ի եւ Սիրեկան Եղիազարյանի դատական գործի վերաբերյալ. 1. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ «Երեւանի պետական համալսարան» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը (ԵՊՀ) եւ Արա Գաբուզյանը 2011թ.-ի հունիսի 11-ին հայցադիմում են ներկայացրել ք. Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ «Բանաձեւ» ՍՊԸ-ի եւ Սիրեկան Եղիազարյանի պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման, հրապարակայնորեն ներողություն խնդրելուն եւ հերքման պարտավորեցնելու պահանջի մասին: 2012թ.-ի հոկտեմբերի 22-ին պատասխանող Սիրակ Եղիազարյանը մասնակցել է ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայի ընդունելության քննություններին, հանձնել Քրեական իրավունք առարկայի քննությունը, սակայն նրա գրավոր աշխատանքն անբավարար է գնահատվել։ «Բանաձեւ»-ի կողմից պատրաստվող եւ Հ1 հեռուստաալիքով հեռարձակվող «Ականատես» հաղորդաշարի 2011թ.-ի մայիսի 28-ի հաղորդման ժամանակ քննարկվել է վերոնշյալ դեպքը, որի ժամանակ Սիրակ Եղիազարյանի, ինչպես նաեւ հաղորդավարի եւ իրավաբան փորձագետի կողմից թույլ են տրվել մի շարք արտահայտություններ, որոնք, ըստ հայցվորների՝ արատավորում են ԵՊՀ-ի, Իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի եւ դասախոս, իրավաբանական գիտությունների դոկտոր Արա Գաբուզյանի պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը, վիրավորանք եւ զրպարտություն են: Հայցվորներ ԵՊՀ եւ Արա Գաբուզյանը դատական կարգով վիճարկել են «Ականատես» հաղորդաշարի՝ 2011թ.-ի մայիսի 28-ի թողարկման վերնագիրը՝ «Իրավագետ իրավախախտը» եւ հաղորդման ընթացքում հեռարձակված մի շարք արտահայտություններ։ 2011թ.-ի հունիսի 11-ին ԵՊՀ-ն եւ Արա Գաբուզյանը հայցադիմումով դիմել են դատարան՝ խնդրելով պատասխանողներ «Բանաձեւ» -ին եւ Սիրեկան Եղիազարյանին պարտավորեցնել. • «Ականատես» հաղորդաշարի՝ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուն հաջորդող հաղորդման ընթացքում հրապարակային, բանավոր ներողություն խնդրել ԵՊՀ-ից եւ քրեական իրավունքի ամբիոնի վարիչ Արա Գաբուզյանից՝ տեղադրելով այդ տեսանյութը նաեւ հաղորդաշարի ինտերնետային կայքում եւ www.youtube.com: Սակայն, այս հայցապահանջը փոխվել է, քանի որ «Ականատես»-ն այլեւս չի հեռարձակվում Հ1-ով: Ուստի, հայցվորները խնդրել են դատարանին պարտավորեցնել պատասխանողներին հրապարակային ներողություն խնդրել ԵՊՀ-ից եւ քրեական իրավունքի ամբիոնի վարիչ Արա Գաբուզյանից Հ1-ով հեռարձակվող մեկ այլ հաղորդմամբ: • «Բանաձեւ»-ի կայքի առաջին էջում, երեւացող վայրում, ինչպես նաեւ http://akanates.banadzev.com ինտերնետային կայքի սկզբի եւ 28.05.2011թ.-ի հաղորդման էջերում, երեւացող վայրում հրապարակել դատարանի վճիռը՝ նշումով. «Ք. Երեւան, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով պարտավորեցվել է «Բանաձեւ» ՍՊԸ-ին եւ Սիրակ Եղիազարյանին ներողություն խնդրել Երեւանի պետական համալսարանից եւ ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոնի վարիչ Արա Գաբուզյանից «Իրավախախտ իրավագետը» հաղորդման ընթացքում հասցված վիրավորանքի եւ զրպարտության համար: Ներկայացվում է դատարանի վճռի ամբողջական տեքստը»: Նշենք, որ «Բանաձեւ»-ի հավաստմամբ՝ հայցվորները նամակով ներկայացրել են հերքման տեքստ եւ պահանջել են հրապարակել այն: «Բանաձեւ»-ի նախագահ Արտակ Ալեքսանյանի հաղորդմամբ՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում «Ականատես» հաղորդման շրջանակներում «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան հեռարձակվել է հերքման տեքստը, ինչպես նաեւ էկրանին ցուցադրվել է տեքստի թղթային տարբերակը: Պատասխանողի ենթադրությամբ՝ հայցվոր կողմը հնարավոր է բաց է թողել հերքում պարունակող հաղորդումը, ինչի պատճառով էլ դիմել է դատարան: Հայցվոր Արա Գաբուզյանի ներկայացմամբ՝ հերքման տեքստը հրապարակելու օրվա եւ ժամի վերաբերյալ ձեռք է բերվել համաձայնություն, սակայն «Բանաձեւ»-ը հերքումը հրապարակել է ոչ պայմանավորված ժամանակ, ինչի արդյունքում շատ քիչ մարդ է տեսել հերքում պարունակող հաղորդումը, չեն տեսել նաեւ հայցվորները: Հետեւաբար, հայցվորները համաձայն չեն հերքման ձեւի պատշաճության հետ: Արա Գաբուզյանի հավաստմամբ՝ պատշաճ հերքում հրապարակելու դեպքում իրենք հայցից կհրաժարվեին: Բացի այդ, պատասխանող կողմը չի ներկայացել դատարան, եւ գործը քննվել է առանց պատասխանող կողմի ներկայության: 2. ԵԶԱՐԱՀԱՆԳՈՒՄ Փաստերը գնահատելիս Խորհուրդը հաշվի է առնում, որ ժողովրդավարական հասարակության յուրաքանչյուր անդամ պետք է հնարավորություն ունենա խաղաղ կերպով արտահայտելու իր գաղափարները պետության եւ հասարակության համար կարեւոր ոլորտներում, այդ թվում՝ կրթության ոլորտում տեղ գտած իրադարձությունների եւ երեւույթների վերաբերյալ՝ անկախ այդ գաղափարների բացասականության աստիճանից: Խորհուրդը հաշվի է առնում, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ մասն ամրագրում է խոսքի ազատության իրավունքի իրավական պաշտպանության բարձր չափանիշ, այն է, որ յուրաքանչյուր դեպքում լրատվամիջոցի ազատ արտահայտվելու իրավունքի միջամտության անհրաժեշտության հարցը պետք է գնահատվի ելնելով այն սկզբունքից, թե արդյոք միջամտության համար առկա է հասարակական սուր պահանջ եւ թե արդյոք նման միջամտությունն «անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում»: Խորհուրդը հաշվի է առնում զանգվածային լրատվության միջոցների դերը ժողովրդավարական հասարակությունում եւ ԶԼՄ-ների առաքելությունը քաղաքացիական հասարակության ուշադրության կենտրոնում պահել հասարակական նշանակություն ունեցող ոլորտները եւ երեւույթները, հաշվի է առնում, որ կրթության ոլորտը պետության ներքին քաղաքականության կարեւորագույն ոլորտներից մեկն է եւ ունի հանրային նշանակություն: Այս առումով իր դիրքորոշումն է արտահայտել նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ «Սանդի Թայմս»-ն ընդդեմ Միացյալ թագավորության գործում1՝ նշելով, որ լրատվամիջոցների պարտականությունները չեն սահմանափակվում միայն փաստերի պարզ ներկայացմամբ, այլ կայանում են նաեւ նրանում, որ լրատվամիջոցը նաեւ մեկնաբանի փաստերն ու իրադարձությունները, իրազեկի հանրությանը եւ նպաստի հանրային նշանակության հարցերի քննարկմանը: Խորհուրդը նաեւ հաշվի է առնում, որ վերոնշյալի հետ մեկտեղ ՄԻԵԴ-ը նշում է, որ լրատվամիջոցներն ունեն պարտականություն տրամադրելու հանրային նշանակության տեղեկություններ եւ գաղափարներ, չնայած նրան, որ լրատվամիջոցը չպետք է անցնի այլ անձանց հեղինակության պաշտպանության համար նախանշված սահմանները2: 1 «Սանդի Թայմս»-ն ընդդեմ Միացյալ թագավորության, 1979թ., ապրիլի 26-ի ՄԻԵԴ որոշում, Մարդու իրավունքների եվրրոպական դատարան, ընտրված որոշումներ, 2000թ.: 2 Դիչանդը եւ մյուսներն ընդդեմ Ավստրիայի, 2002թ.-ի փետրվարի 26-ի ՄԻԵԴ որոշում, www.coe.int Խորհուրդը գալիս է հետեւյալ եզրահանգման. 1. Դիտարկելով հաղորդման ողջ բովանդակությունը լրագրողական վարքագծի տեսանկյունից՝ Խորհուրդը գտնում է, որ հաղորդման ընթացքում խախտված են բարեխիղճ եւ պատասխանատու լրագրության՝ բազմակարծության եւ հավասարակշռված լրատվության տրամադրման սկզբունքը։ Մասնավորապես, հաղորդման ընթացքում ԵՊՀ-ի եւ դասախոս Արա Գաբուզյանի հասցեին հնչած սուր քննադատությունը զուգակցվել է այնպիսի արտահայտություններով, տեսակետներով եւ կարծիքներով, որոնք կարող էին արատավորել անձի պատիվը եւ արժանապատվությունը: Նման պարագայում տեղեկատվության տարածումը պետք է կատարվեր հավասարակշռված, այսինքն պետք է ապահովվեր, որպեսզի եթերում հնչեին նաեւ ԵՊՀ-ի ներկայացուցչի եւ Արա Գաբուզյանի դիրքորոշումները, կարծիքները քննարկվող նյութի վերաբերյալ, մինչդեռ հաղորդման կազմակերպիչները ոչ միայն նման հնարավորություն չեն ընձեռել, այլ նաեւ միջոցներ չեն ձեռնարկել նշված հնարավորության ապահովման համար: 2. Մինչ դատարան դիմելը երկու կողմերի միջեւ ձեռք է բերվել բանավոր պայմանավորվածություն հերքման տեքստի հրապարակման օրվա եւ ժամի վերաբերյալ, սակայն պատասխանող կողմը, խախտելով պայմանավորվածությունը, այն հեռարձակել է մեկ այլ օր։ Խորհուրդը գտնում է, որ հերքումը չի համապատասխանում «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված պայմաններին, ուստի կողմը չի ապահովել համարժեք` հետեւաբար նաեւ արդյունավետ իրավական պաշտպանության հնարավորություն։ Նման հանգամանքներում միանգամայն հասկանալի է, թե ինչու հայցվոր կողմին չի բավարարել հերքման հրապարակումը եւ նա դիմել է դատարան։ 3. Հայցվորները որեւէ ֆինանսական փոխհատուցում չեն պահանջել: Տեղեկատվական վեճերի Խորհուրդը ողջունում է վիրավորանքի եւ զրպարտության վերաբերյալ գործերով դատական հայց ներկայացնելու դեպքում այս մոտեցումը՝ անկախ դատարանի վերջնական վճռից: Տեղեկատվական վեճերի խորհուրդ Շուշան Դոյդոյան (Խորհրդի քարտուղար)–Տեղեկատվության ազատության կենտրոնի նախագահ Մանանա Ասլամազյան-«Արմմեդիա» ծրագրի տնօրեն Բորիս Նավասարդյան-Երեւանի մամուլի ակումբի նախագահ Արամ Աբրահամյան-«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Ղազարյան-«Արնի Քնսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play