Տարեկան մրցանակներ գիտական լրագրողների համար


Տարեկան մրցանակներ գիտական լրագրողների համար

  • 21-03-2011 12:26:21   | Հայաստան  |  Հայտարարություններ
Նպատակ ունենալով խրախուսել գիտական թեմաներով լրագրողական հրապարակումները, Հայկական աստղագիտական ընկերությունը (ՀԱԸ, ArAS, http://www.aras.am) Օքսֆորդի հայկական գիտական ընկերության (OxArm, http://oxarm.com/Home.html) հետ համատեղ սահմանում է տարեկան մրցանակներ լավագույն գիտական լրագրողների համար` առաջնությունը տալով տիեզերական թեմաներով հրապարակումներին: Մրցանակների գաղափարը քննարկվել է ՀԱԸ անդամ, Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանի աստղաֆիզիկոս, տիեզերաբան Միհրան Վարդանյանի հետ, ով էլ հովանավորում է այս նախաձեռնությունը: Ներկայացված աշխատանքները գնահատելու եւ հաղթողներին որոշելու համար ստեղծվելու է գիտնականներից եւ լրագրողներից բաղկացած մրցույթային հանձնաժողով: Ընդ որում հանձնաժողովի անդամները չեն կարող իրենք ներկայացված լինել մրցանակներից որեւէ մեկին: Գիտական լրագրողների համար սահմանված 2011թ. մրցանակներն են. լավագույն մամուլի/առցանց հրապարակման համար լավագույն ռադիո/հեռուստահաղորդման համար ամենաակտիվ լրագրողին (հնարավոր են մեկից ավելի մրցանակներ) լավագույն աստղագիտական լուսանկարի համար Մրցույթին հաշվի են առնվելու 2011թ. ընթացքում տպագրված նյութերը, հեռարձակված հաղորդումները եւ կատարված լուսանկարները, որոնք անհրաժեշտ է ներկայացնել մինչեւ նոյեմբերի 30-ը ներառյալ: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է համապատասխան նյութերը տպագիր եւ էլեկտրոնային տարբերակներով ուղարկել կամ անձամբ ներկայացնել. Գոհար Հարությունյանին, ՀՀ ԳԱԱ նախագահություն, Երեւան, Մ. Բաղրամյան 24, Հեռ. 010-525505, 077-797090: Ներկայացված աշխատանքներն այս կամ այն կերպ պետք է առնչվեն տիեզերական թեմաներին: Նույն նյութերը ցանկալի է տեղադրել նաեւ գիտական լրագրության ֆեյսբուքյան էջում (http://www.facebook.com/home.php#!/home.php?sk=group_144651068920380&ap=1), որտեղ արված գրառումները եւ մեկնաբանությունները նույնպես հաշվի կառնվեն ժյուրիի կողմից հաղթողներին որոշելիս: Սկսած այդ էջում կարելի է տեղադրել եւ վերոնշյալ հասցեով կարելի է ներկայացնել նաեւ նախկինում (2011թ ընթացքում) հրապարակված տպագիր եւ տեսա նյութերը: Ամենաակտիվ լրագրողի մրցանակի համար անհրաժեշտ է ներկայացնել առնվազն 5 հրապարակում եւ/կամ հեռարձակում: Այդ մրցանակին կարող են հավակնել նաեւ գիտական լրագրության օգտին որեւէ կազմակերպական գործունեություն ծավալած լրագրողները (այդ դեպքում անհրաժեշտ է ամփոփ կերպով նկարագրել կատարված աշխատանքը եւ կցել համապատասխան նյութեր): Լավագույն աստղագիտական լուսանկարի մրցանակին կարելի է ներկայացնել երկնային երեւույթի, աստղադիտարանի կամ որեւէ աստղագիտական միջոցառման լուսանկարներ: Յուրաքանչյուր մրցանակ բաղկացած է ՀԱԸ/OxArm կողմից տրվող հավաստագրից, 30 000 ՀՀ դրամ պարգեւից եւ Science, Nature կամ New Scientist հեղինակավոր միջազգային գիտական ամսագրերից որեւէ մեկի տարեկան բաժանորդագրությունից: Արդյունքները կամփոփվեն եւ մրցանակները կհանձնվեն դեկտեմբերի վերջին` գիտական լրագրության սեմինարի եւ գիտական լրագրության տարվա արդյունքների ամփոփման ժամանակ: Նախատեսվում է հետագա տարիներին նույնպես շարունակել այս ավանդույթը եւ նույնիսկ ավելացնել մրցանակային հիմնադրամը: Ավելացնենք, որ ՀԱԸ կողմից վերջերս սկսված գիտական լրագրության նախաձեռնությունն արդեն առաջին 3 ամիսների ընթացքում կտրուկ ավելացրեց գիտական հրապարակումների թիվը` ի նպաստ թե գիտնականների, թե լրագրողների, եւ թե իհարկե հասարակության (հատկապես երիտասարդության) լայն խավերի: Լրատվամիջոցներին եւ անհատ լրագրողներին ուղարկված մամլո 21 հաղորդագրությունների արդյունքում տպագրվել են ավելի քան 150 հանրամատչելի եւ գիտա-տեղեկատվական նյութեր, դրանց հետքերով տեղի են ունեցել մի շարք հարցազրույցներ եւ մամուլի ասուլիսներ, ակտիվացել են գիտական թեմաներով ռադիո/հեռուստատեսային հաղորդումները: Նշենք նաեւ, որ հրապարակումների ճնշող մեծամասնությունը վերաբերում է տիեզերական թեմաներին, եւ խիստ ցանկալի է նաեւ այլ գիտնականների մասնակցությունը եւ այլ գիտական բնագավառների լուսաբանումը, ինչը սակայն առայժմ բավարար չէ: Հիշեցնենք, որ սկսած 2004թ. ՀԱԸ հանձնում է նաեւ տարեկան մրցանակներ լավագույն երիտասարդ աստղագետներին (http://www.aras.am/Prize/prize.htm) եւ այդ մրցանակը հովանավորում է ամերիկահայ նշանավոր աստղագետ պրոֆ. Երվանդ Թերզյանը:
Նոյյան տապան  -   Հայտարարություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play