Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հանդիսավորությամբ տոնախմբեց Խաչվերաց տոնը


Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հանդիսավորությամբ տոնախմբեց Խաչվերաց տոնը

  • 18-09-2012 13:35:15   | Արմավիրի մարզ  |  Հասարակություն

Սեպտեմբերի 16-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ հանդիսավորությամբ տոնախմբեց հինգ տաղավար տոներից վերջինը` Խաչվերացը, որը նվիրված է գերությունից խաչի վերադարձի, նրա բարձրացման եւ փառաբանության պատմական հիշատակին: Տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ս. Պատարագ մատուցեց Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը: Սրբազան Հայրն իր քարոզում անդրադարձավ խաչի սրբազան խորհրդին. «Խաչը քրիստոնեական հավատքի խորհրդանիշն ու նշանակն է: Այն քրիստոնյաների համար ամենամեծ սրբությունն է, իսկ խաչեցյալը` պաշտելի եւ երկրպագելի: Քրիստոսի խաչելությամբ խաչափայտը դադարեց չարչարանքի գործիք լինելուց, կերպարանափոխվեց եւ դարձավ փրկության միջոց: Խաչը սիրո արտահայտություն է եւ միեւնույն ժամանակ սիրո զոհաբերություն»: Խոսքի ավարտին Սրբազան Հայրը պատգամեց նախնիների օրինակով արժանավայել կրել խաչը մեր ժամանակներում` չմոռանալով, որ խաչի ճանապարհը տանում է դեպի փրկություն: Նույն օրը` երեկոյան ժամերգության ավարտին, տեղի ունեցավ խաչի հանդիսավոր թափոր` հանդիսպետությամբ Մայր Աթոռի Վանական խորհրդի նախագահ եւ Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի: Եկեղեցականաց թափորի ուղեկցությամբ Մայր Տաճարից դուրս բերվեց Տիրոջ Խաչափայտի նվիրական մասունքը` ամփոփված ռեհանով ու ծաղիկներով զարդարված ճաճանչավոր մեծ խաչի մեջ: Հանդիսավոր կերպով մասունքն առաջնորդվեց Միածնաէջ տաճարի չորս կողմերը եւ անդաստանի արարողությամբ օրհնություն բաշխվեց աշխարհի չորս ծագերին: Անդաստանի արարողությունից հետո ճաճանչը զարդարող ծաղիկները միաբան սարկավագները բաժանեցին հավատավոր ժողովրդին: Հաջորդ օրը` Մեռելոցին, Մայր Տաճարում մատուցվեց Ս. Պատարագ, որի ավարտին կատարվեց հոգեհանգստյան արարողություն` ննջեցյալ հոգիների խաղաղության ու հանգստության համար:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play