Ուղիղ հեռարձակում.«Պետության գերակա շահը և կոռուպցիան» թեմայով քննարկում


Ուղիղ հեռարձակում.«Պետության գերակա շահը և կոռուպցիան» թեմայով քննարկում

  • 26-09-2012 11:00:00   | Հայաստան  |  Մամուլի սրահ



Սեպտեմբերի 26-ի, ժամը՝ 11:00-ին «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնում տեղի է ունենում քննարկում՝ «Պետության գերակա շահը եւ կոռուպցիան» թեմայով: Հյուրերն են, «Պետական կարիքների զոհեր» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Բաղդասարյանը եւ «Վիզկոն» ընկերության տնօրեն Պավել Անդերսոնը (տեսակամուրջով), ինչպես նաեւ Բուզանդի փողոցում քանդված տների գործով անօրինականությունների հետ կապված այլ անձիք: ԱՄՆ, Կալիֆոռնիա, Լոս Անջելես, Արեւմտյան 6-րդ փող., շ. 645, փ/ա110-133 (645 West9th Street, Suite 110-133, Los Angeles, California 90015, U.S.A.) 2012 թվականի սեպտեմբերի 25-ին, No 120925/1703/1297 26.09.2012թ. ժամը 11:00 «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնում (Իսահակյան 28, 3-րդ հարկ) կայացվելիք՝ «Պետության գերակա շահը եւ կոռուպցիան» թեմայով քննարկման մասնակիցներին 1. Ես ծնվել եմ 1964 թվականին Լեռնային Ղարաբաղի Մարդակերտի շրջանի Չափար գյուղում: Ես Ռուսաստանի քաղաքացի եմ, այժմ բնակվում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Իմ հեռախոսահամարն է. +1-213-291-9699: Իմ էլեկտրոնային փոստի հասցեն է. pavel.anderson@yahoo.com: Սկայպում իմ լոգինն է pavel.anderson: Իմ ապագա ինտերնետային կայքի հասցեն է` www.haydat.com: Ես հանդիսանում եմ «Վիզկոն» ընկերության տնօրենը: 2. 2004 թվականի սեպտեմբերի երկրորդ տասնամյակին Երեւանում ես ծանոթացել եմ Սիմոն Աղազարյանի հետ: Նա առաջարկել է մեկ միլիոն ԱՄՆ դոլարով գնել Երեւանի Բուզանդի փողոցի 13, 15, 17, 19 եւ 21 հասցեների տարածքների իրացման եւ ապագայում այնտեղ կառուցապատում իրականացնելու իրավունքը: «Իրացում» բառը ես հասկացել եմ որպես անշարժ գույքի իրավատերերի օգտագործման եւ/կամ սեփականության իրավունքի փոխհատուցումը եւ տարածքը պետական շահերի համար օգտագործումը, չնայած այնքան էլ հասկանալի չէր, թե պետական որ շահերի համար: 3. 2004 թվականի հոկտեմբերի 1-ին պարոն Աղազարյանն ինձ փոխանցել է Երեւանի Բուզանդինշված տարածքների իրացման եւ կառուցապատման վերաբերյալ Երեւանի քաղաքապետի հետ կնքված նախնական պայմանագիրը, որի համար ես պարոն Աղազարյանին անմիջապես վճարել եմ 550'000 ԱՄՆ դոլար: 4. Չնայած իրավունքի ձեռքբերման տարօրինակություններին, ես համոզված էի, որ չի լինի տուժող կողմ: Իրացվող տարածքի իրավատերերը կստանային նոր եւ ավելի բարեկեցիկ բնակտարածքներ: Երեւանի կենտրոնի մռայլ տեսքը կփոխվեր եւ կսկսեր շոյել նայողի աչքը: Ես եւ պարոն Աղազարյանը շահույթ կստանայինք, իսկ Հայաստանի հարկային մարմինները՝ եկամուտ: 5. Ես չէի հաշվարկել, որ Հայաստանում գործում են օրինականությունից եւ խելամտությունից զուրկ պետական իշխանավորների մի ամբողջ ոհմակ: Ես չէի պատկերացրել, որ Հայաստանի եւ Երեւանի ամենաբարձրաստիճան պաշտոնատար անձիք «Հանրային գերակա շահ» գեղեցիկ արտահայտությամբ քողարկում են իրենց աճպարարությունը: 6. Ժամանակի ընթացքում ես հասկացել եմ, որ հայտնվել եմ թակարդի մեջ: Այդ թակարդը հյուսել էին Սիմոն Աղազարյանը եւ մի այլ ինվեստոր-կառուցապատող Գագիկ Պապոյանը՝ պետական իշխանավորների հետ միասին: Նրանք իրար մեջ գաղտնի առքուվաճառքներ էին իրականացրել, իսկ ինձ՝ հավաստիացրել, թե իբրեւ իմ «Վիզկոն» ընկերությանը իրականում իրավունքներ են տրամադրել: Ես Սիմոն Աղազարյանին միայն իրացման եւ ապագայում կառուցապատում իրականացնելու պայմանով խոշոր գումարներ եմ փոխանցել: Սակայն պարոն Աղազարյանը գումարների մեկ մասը վճարել է պետական պաշտոնատար անձանց եւ ամրապնդել նրանց հետ իր մտերմական կապերը: Պարոնայք Աղազարյանը, Պապոյանը եւ պետական իշխանավորներն ինձ դիտում էին որպես իրենց հանցագործությունների կատարման ֆինանսավորման աղբյուր: 7. Տեւական ծանր ապրումներից հետո ես հանդիպել եմ Հայաստանի բնապահպանության նախկին նախարար Գեւորգ Վարդանյանի հետ: Ես նրան խնդրել եմ խորհուրդ տալ, թե օգնություն ստանալու համար որ օրինապահ մարմնին դիմեմ: Պարոն Վարդանյանն ինձ ասել է, որ շատ մոտիկ հարաբերութուններ ունի Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի հետ եւ ճանաչում է Սիմոն Աղազարյանին: Նախկինում վերջինն ինչ-որ հարցերով հաճախակի իր մոտ էր վազում: Պարոն Վարդանյանն ինձ համոզել է ձեռնպահ մնալ օրինապահ մարմիններին դիմելուց, նշելով, որ այնտեղ խաբեբաներ են աշխատում: Նա խոստացել է ունենալ անհրաժեշտ հանդիպումներ եւ առանց բարդությունների կարգավորել իմ իրավիճակը: 8. Ես գնում էի դատարան եւ ականատես լինում Հայաստանի պետական իշխանավորների եւ ժողովրդի միջեւ տեղի ունեցող պատերազմին: Ես պետք է պաշտպանեի իշխանավորների շահերը: Իշխանավորների հաղթանակն ապահովում էին դատավորները: Նրանց կաշառքներ բաժանելով, 2006 թվականին Սիմոն Աղազարյանը տարածքն ազատել էր սեփականության եւ/կամ օգտագործման իրավունքներից: Մնացել էր Երեւանի պետական համալսարանի աշխատակից Յուրի Վարդանյան անվամբ մի քաղաքացի: Վերջինն ակնհայտ անօրեն ճանապարհով ստացել էր մոտ 1200 քառակուսի մետր մակերեսով հողատարածքի եւ նրա վրա տեղակայված շինության սեփականության վկայական: Հայաստանը պետք է Յուրի Վարդանյանին վճարեր մեկ միլիոն ԱՄՆ դոլարից ավելի փոխհատուցում: 9. Ըստ Սիմոն Աղազարյանի նա Հայաստանի նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարին խոստացել էր տրամադրել մեկ բնակարան, որպեսզի ղեկավարը հրահանգի դատարանին ճանաչել անվավեր Յուրի Վարդանյանի վկայականը: 10. Վերահսկողական ծառայության ղեկավարի եւ Սիմոն Աղազարյանի ցուցումով ես «Վիզկոն» ընկերության իրավաբան Գեւորգ Մինասյանին հանձնարարել եմ Երեւանի քաղաքապետարանի անունից կազմել հայցադիմում՝ Յուրի Վարդանյանին տրված վկայականն անվավեր ճանաչելու պահանջով: Պարոն Մինասյանն ասել է, որ ցանկացած նմանատիպ հայցադիմում աբսուրդ է, քանի որ վկայականի հիմքերի օրինականությունը ճանաչվել է Երեւանի քաղաքապետարանի կողմից: 11. Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների դատավոր Մարտիրոսյանը վարույթ է ընդունել աբսուրդ հայցադիմումը: Սիմոն Աղազարյանն ինձ տվել է 5 հազար ԱՄՆ դոլար, որը նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի ցուցումով պետք է վճարվեր դատավորին: Ես դատավոր Մարտիրոսյանին փոխանցել եմ 5 հազար ԱՄՆ դոլար, որի դիմաց նա անվավեր է ճանաչել Յուրի Վարդանյանի վկայականը: Յուրի Վարդանյանը բողոքարկել է դատավոր Մարտիրոսյանի վճիռը: 12. Իմ ստացած տեղեկությունների համաձայն եւ/կամ իմ մասնակցությամբ կատարվել են հետեւյալ գործողությունները. 13. Յուրի Վարդանյանին սկսել է պաշտպանել Երեւանի պետական համալսարանի ռեկտորը: Իրավաբանական ֆակուլտետի դասախոս Ալեքսանդր Սիրունյանը հաճախել է «Վիզկոն» ընկերության գրասենյակ՝ Յուրի Վարդանյանի եւ «Վիզկոն» ընկերության միջեւ հաշտության եզրեր գտնելու համար: Չհասնելով դրական արդյունքի, համալսարանի ռեկտորը պայմանավորվածություն է ձեռք բերել վերաքննիչ դատարանի նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ: Արդյունքում վերաքննիչ դարանը բեկանել է առաջին ատյանի վճիռը եւ օրինական ճանաչել Յուրի Վարդանյանիսեփականության վկայականը: 14. «Վիզկոն» ընկերությունը Երեւանի քաղաքապետարանի անունից բողոքարկել է վերաքննիչ դատարանի վճիռը: Վճռաբեկ դատարանը հորինված հիմքերով հինգ անգամ հետաձգել է բողոքի քննությունը: 15. Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, այժմ՝ Հայաստանի փոխվարչապետ Արմեն Գեւորգյանն ինձ կանչել է իր գրասենյակ: Նա ասել է, որ տեղյակ է դատավորներին վճարված կաշառքների եւ վճռաբեկ բողոքը բավարարելու համար իմ կողմից վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նախագահ Արման Մկրտումյանին 200 հազար ԱՄՆ դոլար կաշառք առաջարկելու մասին: 16. Արմեն Գեւորգյանն ինձ հասկացրել է, որ տեղյակ է իմ անձնական կյանքի խնդիրներին: Նա պահանջել կամ հրամայել է մինչեւ Վճռաբեկ դատարանի հերթական նիստը Համահայկական հիմնադրամին վճարել 100 հազար ԱՄՆ դոլար, որպեսզի մեր վճռաբեկ բողոքը բավարարվի, Երեւանի քաղաքապետարանը չդադարեցնի «Վիզկոն» ընկերության հետ կնքված պայմանագիրը եւ ես խուսափեմ քրեական հետապնդումից: 17. Սիմոն Աղազարյանը սկզբում չի համաձայնվել կատարել Արմեն Գեւորգյանի պահանջը կամ հրամանը: Նա ասել է, որ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարը կլուծի խնդիրները: Պարոն Վարդանյանը մեզ զգուշացրել է, որ Արմեն Գեւորգյանի պահանջը չկատարելը կարող է հանգեցնել սարսափելի հետեւանքների: Պարոնայք Վարդանյանն ու Մինասյանն ինձ խորհուրդ են տվել կատարել Արմեն Գեւորգյանի պահանջը: 18. 2006թ. հուլիսի 20-ից մինչեւ 25-ը ես Համահայկական հիմնադրամին վճարել եմ 100 հազար ԱՄՆ դոլար եւ Արմեն Գեւորգյանի պահանջով նրան ներկայացրել վճարումների փաստաթղթերը: 19. 2006թ. հուլիսի 28-ին վճռաբեկ դատարանը բեկանել է վերաքննիչ դատարանի վճիռը եւ դատական գործն ուղարկել վերաքննիչ դատարան՝ նոր կազմով քննելու համար: 20. Կարճ ժամկետում վերաքննիչ դատարանը հաստատել է դատավոր Մարտիրոսյանի վճիռը: 21. Ապագայում վճռաբեկ դատարանը մերժել է Յուրի Վարդանյանի բողոքը: 22. Հայաստանի պետական իշխանավորները խաբել են հանրությանը եւ ինձ՝ Երեւանի Կենտրոն համայնքի մեկ մասը «պետական գերակա շահ» հայտարարելով: Իրականում իշխանավորներն այդ տարածքներն օգտագործել են անձնական շահ ստանալու համար: Մասնավորապես անձնական շահ են հետապնդել եւ/կամ ստացել Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը, բազմաթիվ դատավորներ, ոստիկաններ, արդարադատության նախարարության եւ հարկային մարմինների աշխատակիցներ եւ այլն: 23. Ընթացքում Հայաստանի պետական իշխանավորներն իրավատեր քաղաքացիների մեկ մասից անարդար ձեւով խլել են նրանց անշարժ գույքը: Մյուս մասի գույքին տիրացել են «շուտով բնակարաններ տրամադրելու» կեղծ խոստումներով: 24. 2008 թվականին Երեւանի քաղաքապետը կեղծ հիմքերով դիմել է դատարան՝ «Վիզկոն» ընկերության ներդրումները յուրացնելու նպատակով: Գործելով Սիմոն Աղազարյանի հետ, նրա, կառուցապատող «Գապբնակշին» ընկերության տնօրեն Գագիկ Պապոյանի եւ այլ խարդախ անձանց միջոցով, Հայաստանի իշխանավորներն աճպարարությամբ տիրացել են իմ ընկերության կողմից կատարված խոշոր չափի ներդրումներին: Այդ գործընթացը շարունակվելու է 2012 թվականի հոկտեմբերի 11-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների դատարանում, որտեղ ժամը 10 անց 45 րոպե կբեմադրվի «դատական նիստ» կոչված թատրոնը: 25. Դատական գործի ճարտարապետը Հայաստանի նախագահն է՝ իր «գրագետ» աշխատակազմի ներկայացուցիչների հետ միասին: Թերեւս, այդ հարցին ես պետք է հատուկ նորից վերադառնամ: Դատական գործով իբրեւ պատասխանողներ հանդես կգան խարդախ ծրագրերի փայլուն վարպետներ Հայաստանի կառավարությունն ու Երեւանի քաղաքապետը: Պատասխանողների հետ գաղտնի պայմանավորվածություններից հետո որպես հայցվոր հանդես կգա իբրեւ Սիմոն Աղազարյանի խարդախությունների զոհ ոմն Արտաշես Բաղդասարյան: Նա պետք է գործի հերոսի դերում՝ Հայաստանի կառավարչությանը եւ Երեւանի քաղաքապետին ստիպի կնքել «Վիզկոն« ընկերությունից հափշտակած հողամասի վերաբերյալ պայմանագիր: Հայաստանի նախագահը որոշել է «Վիզկոն» ընկերության գույքն օգտագործել Սիմոն Աղազարյանի միջոցով կատարած մեքենայությունների արդյունքում տուժած անձանց վնասները փոխհատուցելու եւ մի շարք նոր տնտեսական հանցագործություններ կատարելու համար: 26. Ես որոշել եմ ստեղծել հասարակական կազմակերպություն կամ հասարակական դատարան եւ այն կոչել «Հայդատ»՝ օրենքի գերակայությունը, հետեւաբար՝ արդարությունը, ժողովրդի եւ նրա օրինական պետության շահերը վերականգնելու եւ պաշտպանելու, համակարգային կոռուպցիայի դեմ պայքարելու համար: Այդ նպատակով ես հույս ունեմ հասարակության ներգրավմամբ իրականացնել վերջին տարիների իրականության օբյեկտիվ ուսումնասիրություն եւ փաստագրում: Այնուհետ ես հասարակության հետ միասին պետք է պետական մարմինների ներկայացուցիչներին պարտադրեմ կատարել օրենքի պահանջները: 27. Վերը նշված նպատակներով կատարած, կատարվող եւ կատարելիք գործողությունների մասին ես կհայտարարեմ եւ/կամ ասուլիս կազմակերպելու դեպքում՝ կհաղորդեմ ձեզ: Ասուլիսի կազմակերպիչներին ես կխդրեմ հրավիրել շահագրգիռ անձանց, այդ թվում՝ օրինապահ մարմինների ներկայացուցիչներին: Համոզված եմ, որ շատ արդյունավետ կլիներ լրագրողների աչքի առաջ ես պատասխանեի օրինապահների հարցերին: Առավել արդյունավետ կլիներ, եթե ասուլիսին կամ ասուլիսներին մասնակցեին պետական իշխանության այն ներկայացուցիչները, որոնց համակարգված հանցագործությունների մասին ես հաղորդել եմ եւ/կամ կհաղորդեմ իմ ելույթներում: Այդ ելույթների բովանդակությունն ես կտեղադրեմ իմ՝ www.haydat.com ինտերնետային կայքում: Այդ կայքի միջոցով հնարավորություն կլինի տեղեկություններ ստանալ նաեւ այլ կայքերում տեղակայված նյութերի, այդ թվում՝ տեսագրությունների մասին: Հարգանքներով՝ Պավել Անդերսոն

Նոյյան տապան  -   Մամուլի սրահ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play