Թեմատիկ սեմինար՝ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում


Թեմատիկ սեմինար՝ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում

  • 02-10-2012 16:58:06   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում դպրոցականների համար անցկացվող թեմատիկ սեմինարի շրջանակում այսօր` 2012թ. հոկտեմբերի 2-ին, արգելոց-թանգարանում էին Էրեբունի վարչական շրջանի Ն. Գոգոլի անվ. թիվ 35 դպրոցի աշակերտները` պատմության ուսուցչուհի Մ. Գյումրյանի ուղեկցությամբ: Առաջին սեմինարը, որը վերաբերում էր մշակութային ժառանգության հասկացություններին եւ այն միջազգային համաձայնագրերին, որոնց օգնությամբ պահպանվում են համայն մարդկության կողմից ստեղծված մշակութային արժեքները, առաջացրել է մեծ հետաքրքրություն, եւ սեմինարավարը հարկադրված է եղել նախատեսվածից երկար մեկնաբանել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության պահպանության կոնվենցիան: Դպրոցականները հետաքրքրվել են, թե արդյո՞ք Ադրբեջանը ստորագրել է այդ կոնվենցիան եւ ինչու որեւէ պատասխանատվություն չի կրել Ջուղայի պատմական գերեզմանոցի ոչնչացման համար: Նրանց հատկապես հետաքրքրել է, թե ինչպես է որեւէ շինություն հուշարձան համարվում, եւ ով է այդ որոշումը կայացնում: Նրանք առաջարկել են խստացնել միջազգային համաձայնագրերը, որպեսզի ոչ մի ժողովուրդ վնաս չպատճառի մեկ այլ ժողովրդի հուշարձաններին: Էրեբունի ամրոցին նվիրված թեմատիկ սեմինարի ընթացքում երեխաները խնդրել են բացատրել, թե ինչպես են վերականգնվում եւ ամբողջանում հնագիտական իրերը: Արգելոց-թանգարանում նոր բացված «Էրեբունին երեկ եւ այսօր» ժամանակավոր ցուցահանդեսի սրահում վերականգնող Տիգրան Զաքյանը կոնկրետ ցուցանմուշների օրինակների վրա պատասխանել է դպրոցականների հարցերին: Սեմինարի ավարտին երեխաները խոստովանել են, որ թեեւ իրենք բնակվում են ամրոցի հարեւանությամբ, եւ Էրեբունին իրենց ամենամոտ ժառանգությունն է, սակայն այսօր ավելի խորությամբ հասկացան հուշարձանի մշակութային նշանակությունը եւ այն պահպանելու կարեւորությունը: Սեմինարը նախապատրաստվել է Արեւելյան գործընկերության «Մշակույթ» ծրագրի շրջանակում իրականացվող «Տարածաշրջանային համագործակցություն հանուն մշակութային ժառանգության զարգացման» նախագծի շրջանակում` «ԻԿՕՄՕՍ/Հայաստան» հասարակական կազմակերպության եւ նախագծի մասնակցային գործընկեր «Էրեբունի» արգելոց-թանգարանի կողմից` ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հետ համագործակցությամբ: Նախագիծը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: Նախագիծն իրականացվում է Վրաստանում (ԻԿՕՄՕՍ/Վրաստան, գլխավոր գործընկեր), Հայաստանում (ԻԿՕՄՕՍ/Հայաստան, գործընկեր) եւ Ուկրաինայում (?Architectura I Prestizh?, գործընկեր):
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play