Ուղիղ հեռարձակում. Քննարկում «Ինչո՞ւ Հայաստանում չի ձևավորվում երկխոսություն՝ կառավարության և քաղաքացիական հասարակության միջև» թեմայի


Ուղիղ հեռարձակում. Քննարկում «Ինչո՞ւ Հայաստանում չի ձևավորվում երկխոսություն՝ կառավարության և քաղաքացիական հասարակության միջև» թեմայի

  • 03-10-2012 11:00:00   | Հայաստան  |  Մամուլի սրահ



Հոկտեմբերի 3-ի, ժամը՝ 11:00-ին «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնում տեղի է ունենում քննարկում՝ «Ինչո՞ւ Հայաստանում չի ձեւավորվում երկխոսություն՝ կառավարության եւ քաղաքացիական հասարակության միջեւ» թեմայով: Մասնակիցներն են. Սարգիս Սեդրակյանը - Կայուն զարգացման ծրագրի Քաղաքացիական հասարակության ցանցի (ԿԶԾ ՔՀՑ) խորհրդի նախագահ, միջազգային կազմակերպությունների եւ ԿԶԾ ՔՀՑ-ի կազմի մեջ մտնող ոչ կառավարական կառույցների ներկայացուցիչները: Սարգիս Սեդրակյան.Կառավարության հերթական իմիտացիան, թե՞ փորձենք հավատալ Հայտնի է, որ քաղաքացիական հասարակությունը առանցքային դեր է խաղում երկրի ժողովրդավարության եւ օրենքի իշխանության ամրապնդման գործում: Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացման անհրաժեշտությունը բազմիցս կարեւորել են, ինչպես քաղաքացիական հասարակության, այնպես էլ` պետական եւ միջազգային տարբեր կառույցների ներկայացուցիչներ: Հուլիսի 5 –ի Սահմանադրության օրվա առթիվ իր շնորհավորական ուղերձում հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը մասնավորապես նշել է “ … Միայն քաղաքացիական հասարակության հետ արդյունավետ կապի մեջ պետությունը կարող է դառնալ իրապես ժողովրդավարական եւ կառուցել քաղաքակիրթ հասարակարգ, որում ազատությունը եւ հասարակական կարգը լիովին հավասարակշռված են: Հասարակական համերաշխության համար պատասխանատու ենք բոլորս, հասարակության բոլոր շերտերը, եւ բոլորիս պարտքն է համատեղ ջանքերով օր առաջ վերացնել հռչակված արժեքների եւ իրականության մեջ առկա խզումը …” http://www.arminfo.info/index.cfm?objectid=28C7B4D0-C677-11E1-80DBF6327207157C Վիեննայում կայացած Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հունիսի 8-ին ելույթ է ունեցել «Հայացք դեպի Ռուսաստան» խորագրով նիստի ժամանակ, որտեղ մասնավորապես ասել է “ … արդյունավետ կառավարություն կարող է լինել, եթե կա քաղաքացիական հասարակություն, որովհետեւ վերջինս է վերահսկում կառավարության գործունեությունը: Եթե չկա քաղաքացիական հասարակություն, ապա առկա է կոռուպցիա: Մյուս կողմից` այդ պետությունը, կառավարությունը պետք է գիտակցի, որ կառավարությունն ուզում է կառուցել այդ հասարակությունը: Այս տեսակետից, անցումային տնտեսությամբ երկրներում պետությունը պետք է պատրաստ լինի այն բանին, որ աստիճանաբար իր գործառույթները փոխանցի քաղաքացիական հասարակությանը, ինչը շատ ծանր է, քանի որ ցանկացած կոռումպացված համակարգ ինքը չի հրաժարվում իր լիազորություններից …” http://www.panarmenian.net/arm/news/72112/ «Եվրոպական հեռանկարները «Արեւելյան գործընկերության» ծրագրի շրջանակներում» համաժողովի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է “ … Քաղաքացիական հասարակություն ձեւավորելու համար անհրաժեշտ է, որպեսզի ՀԿ -ներն ունենան լիակատար դերակատարություն: Հայաստանում քաղաքացիական հասարակությունը լիակատար ձեւավորված չէ, իսկ դրա համար կան լուրջ պատճառներ: http://n-idea.am/news.php?id=5717 Այո, շատ ճիշտ է հայտարարել հանրապետության վարչապետը` Հայաստանում այսօր լիակատար քաղաքացիական հասարակություն դեռ չի ձեւավորվել: Իրականում ՀԿ դաշտը մեր երկրում այսօր դեռ կայացած չէ, չկա անհրաժեշտ փոխգործակցություն իշխանությունների հետ: Կարծում ենք, պետությունը պետք է օգտագործի ՀԿ-ների ներուժը: Պետությունը պետք է աջակցողի դեր ստանձնի, ռեսուրսներ տրամադրի, բայց ոչ թե ուղղորդի։ Չնայած նրան, որ ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական տվյալների համաձայն, այսօր Հայաստանում գրանցված են գործունեության տարբեր ուղղվածություն ունեցող 4000–ից ավելի ՀԿ–ներ, սակայն ՀԿ-ների քանակական բարձր ցուցանիշը չի կարելի դիտարկել որպես մեզանում հասարակական համակարգի կայացվածության ապացույց։ Առավել եւս, եթե ի նկատի ունենանք, որ ստեղծված ՀԿ –ները կարելի է դասակարգել հետեւյալ կերպ` 1. հասարակական պահանջ արտահայտելու նպատակով ստեղծված ՀԿ-ներ, 2. դրամաշնորհ ստանալու նպատակով ստեղծված ՀԿ-ներ, 3. ՀԿ -ներ, որոնք հանդիսանում են միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններ եւ ստեղծված են ուղղակիորեն նրանց կողմից, 4. պետության կողմից ստեղծված ՀԿ -ներ։ Ներկայիս գրանցված ՀԿ –ների ճնշող մեծամասնությունը կամ պասիվ է կամ էլ` չգործող: Երկրում ժողովրդավարության կայացման տեսանկյունից, շատ կարեւոր է պետության եւ հասարակության միջեւ երկխոսության դաշտի ձեւավորումը: Այդ մասին բազմիցս հիշեցրել են նաեւ հանրապետության ղեկավարները: Փորձենք տեսնել` կա± արդյոք ձեւավորված երկխոսության դաշտ պետության եւ հասարակության միջեւ: 2009թ. փետրվարի 14–ին ՀՀ կառավարության եւ քաղաքացիական հասարակության լայն շրջանակների (հասարակական, կրոնական կազմակերպություններ, հիմնադրամներ եւ այլ ֆորմալ ու ոչ ֆորմալ ոչկառավարական միավորումներ) միջեւ ստորագրվեց Կայուն զարգացման ծրագրի (ԿԶԾ) Սոցիալական գործընկերության Համաձայնագիրը: http://www.dpf.am/uploads/SDP%20agreement%20with%20signatures.pdf Հիշեցնեմ, որ ԿԶԾ–ն հաստատվել է ՀՀ կառավարության 2008թ հոկտեմբերի 30 –ի N 1207 Ն որոշմամբ (տես կառավարության կայքը) եւ հանդիսանում է նախկին ԱՀՌԾ–ի (Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիր) տրամաբանական շարունակությունը: Այն համապարփակ եւ հիմնարար փաստաթուղթ է, որով հստակեցվում է մինչեւ 2021 թ -ը մեր երկրի զարգացման ռազմավարությունը: Փաստաթղթով նախատեսված է վերոնշյալ ժամանամակահատվածում Հայաստանի զարգացումը հասցնել Արեւելյան եւ Կենտրոնական Եվրոպայի երկրների տնտեսական զարգացման մակարդակին, իսկ արդեն 2017 թ-ին զարգացման ցուցանիշներով մեր երկիրը պետք է հավասարվի Եվրամիության նոր անդամ երկրների մակարդակին: http://www.azatutyun.am/content/article/1598078.html Ըստ ԿԶԾ ստորագրված Համաձայնագրի՝ ներքոստորագրյալ կողմերը, կարեւորելով ՀՀ –ում աղքատության հաղթահարման հիմնախնդիրը եւ դրան ուղղված ԿԶԾ-ն, հանրային մասնակցությունը ԿԶԾ-ի մշակմանը, իրականացմանը, մոնիտորինգին եւ գնահատմանը, ԿԶԾ մասնակցային գործընթացում սոցիալական գործընկերության ինստիտուտի կայացումը եւ դրա միջոցով մասնակցության շարունակականության եւ արդյունավետության ապահովումը, հաշվի առնելով ԱՀՌԾ -ն եւ ԱՀՌԾ մասնակցային գործընթացի անցած փուլի փորձը՝ հաստատել են իրենց պատրաստակամությունը որպես շահագրգիռ կողմեր՝ մինչեւ 2012թ. մասնակցելու ԿԶԾ մշակման, իրականացման, մոնիտորինգի եւ գնահատման գործընթացներին՝ հենվելով հասարակական տարբեր ոլորտները, հանրային ինստիտուտները, սոցիալական խմբերը եւ խավերը ներկայացնող սուբյեկտների միջեւ շահերի ներդաշնակության սկզբունքի վրա: ԿԶԾ մշակման, իրականացման, մոնիտորինգի եւ գնահատման գործընթացներում ոչ կառավարական հատվածի (քաղաքացիական հասարակության)՝ որպես հավասար գործընկեր կողմի, արդյունավետ մասնակցությունն ապահովելու նպատակով ձեւավորվել է ԿԶԾ ՍԳԻ կազմակերպական կառույց՝ ԿԶԾ Քաղաքացիական հասարակության ցանց (ԿԶԾ ՔՀՑ), որի գործունեությունը ուղղված է կոնկրետ խնդիրների շուրջ շահագրգիռ դերակատարներին մոբիլիզացնելու, ԿԶԾ մասնակցային գործընթացի աշխատանքները կազմակերպելու, համակարգելու եւ նպատակաուղղելու աղքատության հաղթահարման հիմնախնդրի արդյունավետ լուծմանը: ՔՀՑ –ի ներսում ձեւավորվել են` մարդու իրավունքների եւ մարդկային զարգացման, տնտեսության, գյուղի եւ գյուղատնտեսության, համայնքային եւ համաչափ տարածքային զարգացման, կրթության, գիտության, առողջապահության, հիմնախնդիրների, կանանց, երեխաների, երիտասարդության, հատուկ կարիքներով բնակչության հիմնահարցերի, բնապահպանական, գործարարության, ձեռնարկատիրության, զբաղվածության հարցերի եւ աշխատավորների շահերի պաշտպանության ոլորտային խմբեր եւ ենթախմբեր: 2009թ –ին Համաձայնագրի տակ ստորագրել են ՔՀՑ մոտ 85 ոչկառավարական կառույցների լիազոր ներկայացուցիչներ, իսկ այժմ այդ թիվը 120 –ից ավելին է: ՔՀՑ –ն համալրված է կառավարման տարբեր ոլորտների հմուտ մասնագետներով: Ձեւավորվել է կառավարության հետ ԿԶԾ մասնակցային իրականացման կառավարման համակարգը, բաղկացած` ԿԶԾ համակարգող խորհրդից (ՀԽ) եւ աշխատանքային խմբից (ԱԽ), որոնց գործունեության կազմակերպումը իրականացնում է ԿԶԾ քարտուղարությունը: ԿԶԾ Սոցիալական գործընկերության էությունը կայանում է հետեւյալում` հանրությանը հուզող հարցերը, ՔՀՑ համապատասխան ոլորտային խմբերում ՔՀՑ համապատասխան մասնագետների կողմից քննարկվելուց եւ ԿԶԾ ՔՀՑ խորհրդի կողմից հաստատվելուց հետո, բարձրացվում են ԿԶԾ կառավարման մարմինների` Աշխատանքային խմբի (ԱԽ) եւ Համակարգող խորհրդի (ՀԽ) առջեւ: ԿԶԾ ԱԽ –ի աշխատանքները համակարգում է էկոնոմիկայի նախարարությունը (մեզ հասած որոշ տեղեկությունների համաձայն, ներկայումս այն համակարգում է ֆինանսների նախարարությունը): ԱԽ -ի կազմում ներգրավված են փոխնախարարներ տարբեր նախարարություններից եւ ՔՀՑ լիազոր ներկայացուցիչներ: ԿԶԾ ՀԽ –ն ղեկավարում է երկրի վարչապետը: ՀԽ –ի կազմում ներգրավված են նախարարներ եւ ՔՀՑ լիազոր ներկայացուցիչներ: ԿԶԾ ՔՀՑ –ի կողմից բարձրացված հարցը նախ քննարկվում է ԱԽ –ում, այնուհետեւ` տեղափոխվում է ՀԽ: Հարցերը լուծվում են ընդհանուր համաձայնության գալուց հետո: Եթե քննարվող հարցը օրենսդրական է, ապա ՀԽ –ի հաստատումից հետո, այն ներկայացվում է ԱԺ: Համաձայնագրով նախատեսված է նաեւ ՔՀՑ լիազոր ներկայացուցիչների մասնակցությունը տարբեր նախարարությունների եւ գերատեսչությունների կոլեգիաներում, որպես այդ կոլեգիաների անդամներ: Գաղտնիք չէ, որ այսօր բազմաթիվ նախարարություններ ունեն իրենց “սեփական” ՀԿ –ները եւ մշտապես աշխատում են նրանց հետ, սակայն վերջիններս լիազորված չեն ԿԶԾ ՔՀՑ –ի կողմից, չեն ներկայացնում ՔՀՑ –ն, եւ չեն համագործակցում ՔՀՑ –ի հետ: ՀՀ վարչապետի 2009թ. օգոստոսի 4–ի թիվ 657–Ն որոշմամբ հաստատվեց ԿԶԾ–ն՝ իր կառույցներով (տես կառավարության կայքը): Կարծում եմ, ահա այսպիսին պետք է լինի իսկական ժողովրդավարական երկիրը, նմանատիպ մեխանիզմներով հանրության ձայնը պետք է հասանելի լինի երկրի իշխանություններին: Այսձեւ երկրում կլինի կառավարության աշխատանքների թափանցիկության ու փոխվստահության մթնոլորտ: Այդ դեպքում միայն մենք կունենանք ուժեղ պետություն: Սակայն ... ԿԶԾ սոցիալական գործընկերության ինստիտուտի ձեւավորումից հետո անցել է բավականին ժամանակ, սակայն կառավարությունը չի պահպանում ԿԶԾ շրջանակներում ՍԳ համաձայնագրի դրույթները: Մասնավորապես խախտվել են ԿԶԾ իրականացման ժամանակացույցը, միջոցառումների պլանը, ԿԶԾ ԱԽ -ի կողմից չհաստատվեց ԿԶԾ 2010 – 2011- 2012թթ. միջանկյալ ծրագրերը, խախտվեցին նշված ծրագրերի փաստաթղթերի մշակման եւ հաստատման մասնակցային ձեւաչափերը, ժամանակացույցերը, ոչ բոլոր նախարարություններն են հաստատել իրենց կոլեգիաներում ՔՀՑ ներկայացուցիչներին, ԿԶԾ քարտուղարության կողմից վատ է իրականացվում անհրաժեշտ տեղեկատվության տարածումը, կառավարության եւ ԱԺ–ի կողմից շարունակաբար ընդունվում են օրենքներ եւ որոշումներ, որոնք ԿԶԾ տեսանկյունից ունեն կարեւոր նշանակություն, մինչդեռ դրանք չեն անցել շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ լայն հանրային քննարկումներ, ինչպես նաեւ չեն ներկայացվել ԿԶԾ կառավարման ԱԽ -ի հատուկ կարծիքի (որը ամրագրված է Համաձայնագրի դրույթներում), կառավարության եւ ԿԶԾ շրջանակներում վերջիններիս հետ համագործակցող դոնոր հանրության կողմից չի ցուցաբերվում աջակցություն ԿԶԾ ՔՀՑ աշխատանքներին, ինչը խոչընդոտում է ԿԶԾ իրականացման եւ վերահսկման գործընթացում հանրային արդյունավետ մասնակցությանը եւ համակարգմանը: Նախատեսված` տարեկան ՀԽ 2 նիստի եւ ԱԽ 6 նիստի փոխարեն, մինչ այժմ, հրավիրվել է ընդամենը ՀԽ 1 նիստ եւ ԱԽ 4 նիստ: Կառավարության եւ մասնավորապես ԿԶԾ իրականացման համակարգող՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից կոպտորեն խախտվել են Համաձայնագրի 2.3 կետի բոլոր դրույթները, որոնք սահմանում են քաղաքականությունների եւ իրավական ակտերի մշակման գործընթացում կողմերի լիիրավ եւ գործուն մասնակցության ապահովում: Վերոնշյալի առնչությամբ բազմիցս մեր մտահոգությունն ենք հայտնել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը, ՀՀ վարչապետին, հանդես ենք եկել ԶԼՄ –ներով: Համաձայնագրին համապատասխան, ԿԶԾ ՀԽ անհրաժեշտ քանակի անդամներով դիմել ենք վարչապետին` հրավիրելու ՀԽ նիստ, սակայն մինչ օրս նիստ չի հրավիրվել: Կառավարությունը հաճախակի է հիշեցնում ԿԶԾ վերանայման գործընթացի վերսկսման մասին, սակայն …: ԿԶԾ շրջանակներում ՍԳ կողմ հանդիսացող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում, դրան դիմակայելու եւ երկրի զարգացման համար, խիստ կարեւորում են ԿԶԾ իրականացումը եւ մեծ պատասխանատվությամբ են վերաբերվում ծրագրի իրականացման գործընկերային պարտավորություններին: Ստեղծված իրավիճակի վերլուծությունից կարելի է ենթադրել, որ ԿԶԾ իրականացման ՀԽ–ի եւ ԱԽ–ի անդամ պետական կառույցների ներկայացուցիչները կամ շահագրգռված չեն քաղաքացիական հասարակությանը մասնակից դարձնել ԿԶԾ գործընթացներին, կամ բավարար չափով տեղյակ չեն կառավարության թիվ 657 Ն որոշմանը, կամ էլ ԿԶԾ–ն եւ դրա իրականացման ՍԳ–ն կրում են ձեւական բնույթ: ԿԶԾ ՔՀՑ անդամ քաղաքացիական հասարակության որոշ ներկայացուցիչների մոտ հիասթափության եւ անվստահության մթնոլորտ է ձեւավորել, որն էլ` նպաստում է արտագաղթի աճին: Այս ամենից կարելի է ենթադրել, որ ՀՀ–ում փորձ է արվում քաղաքացիական հասարակության եւ հանրային մասնակցության համար նպաստավոր միջավայրի ստեղծման իմիտացիա ձեւավորել: Ես չգիտեմ, թե այս ամենին որքանով են տեղեկացված հանրապետության նախագահը եւ վարչապետը: Սակայն կարծում եմ, որ գոյություն ունի մարդկանց որոշակի շրջանակ, ովքեր չեն ցանկանում, որպեսզի Հայաստանում քաղաքացիական հասարակությունը կայանա եւ պետության ու հասարակության միջեւ ձեւավորվի երկխոսության դաշտ: Այդ դեպում, բացատրեք խնդրեմ, ինչպես է եղել, որ կառավարության Gov.am կայքում ԿԶԱԽ –ը (Կայուն զարգացման ազգային խորհուրդը) եւ ԿԶԾ ՀԽ –ն խառնել են իրար հետ: Հիշեցնեմ, որ ԿԶԱԽ –ը ընդամենը խորհրդատվական մարմին է, եւ ոչ մի կապ չունի ԿԶԾ ՀԽ –ի հետ: Այսպես` նշված կայքի “Խորհուրդներ” գլխում գրված է “Կայուն զարգացման ազգային խորհուրդ” (ԿԶԱԽ) ենթագլուխը, որի “կանոնադրություն” կետում դրված է ԿԶԾ ՀԽ -ի կանոնադրությունը, “խորհրդի կազմ” կետում գրված է ԿԶԱԽ, սակայն տեղադրված է ԿԶԾ ՀԽ-ի հին կազմը (չնայած մենք ԿԶԾ քարտուղարին ուղարկել ենք ԿԶԾ ՀԽ –ում ՔՀՑ նոր ընտրված լիազոր ներկայացուցիչների կազմը), “նիստեր, հաշվետվություններ” կետում տեղադրված է` ԿԶԱԽ –ի 25.04.2012թ, 28.10.2011թ, 22.04.2011թ, 10.12.2010թ, 22.11.2006թ եւ ԿԶԾ ՀԽ –ի 21.08.2009թ նիստերի արձանագրությունները: Ուզում եմ հասկանալ, ի±նչ է սա` անփութությո±ւն, սխալմո±ւնք, թե± միտումնավոր դիտավորություն: Եվ այսքանից հետո խոսել փոխվստահությունից, ժողովրդի իշխանությունից, ուժեղ պետությունից ... ես չեմ հասկանում: Ամփոփելով, նշեմ, որ խնդիրը այստեղ հիմնականում կայանում է պետության ու հասարակության միջեւ սոցիալական գործընկերության կայացմանը, երկխոսության դաշտի ձեւավորմանը, որն էլ հանդիսանում է երկրում ժողովրդավարության ձեւավորման հիմքը: Իսկ ծրագիրը` ԱՀՌԾ կլինի, թե ԿԶԾ, թե մեկ այլ անվանում` դա էական չէ: Մնում է հուսալ, որ այս ամենից հետո սայլը տեղից կշարժվի ...:
Նոյյան տապան  -   Մամուլի սրահ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play