Հայ-լեհական մշակութային կապերը ընդլայնվում են


Հայ-լեհական մշակութային կապերը ընդլայնվում են

  • 04-10-2012 16:26:43   | Հայաստան  |  Մշակույթ

Հոկտեմբերի 4-ին ՀՀ Մշակույթի նախարարության Ազգային պատկերասրահում կայացավ լեհ հայտնի նկարիչ՝ Ռիշարդ Ստրիեցի ստեղծագործությունների ցուցահանդեսը: Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Լեհաստանի Սոպոտի քաղաքապետը, պետական պատկերասրահի տնօրենը եւ պաշտոնական այլ հյուրեր: Ամիսներ առաջ, Հայաստանի եւ Լեհաստանի հանրապետությունների նախագահների՝ Սերժ Սարգսյանի եւ Բրոնիսլավ Կոմորովսկու հավանությանն է արժանացել 2013-2014թթ. երկու երկրների պատկերասրահների միջեւ համագործակցության ծրագիրը: Միջոցառումը բացեց Ազգային պատկերասրահի տնօրեն, պրոֆեսոր Փարավոն Միրզոյանը եւ գոհունակությամբ նշեց, որ երկու պատկերասրահների միջեւ համագործակցությունը կշարունակվի: ՀՀ-ում Լեհաստանի հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Զիշլավ Ռաչինսկին իր ելույթում գոհունակությամբ նշեց, որ 2014թ-ի ծրագիրը խթան կհանդիսանա երկու երկրների մշակույթների ներկայացմանը:Համագործակցության ծրագրին իրենց գոհունակությունը հայտնեցին նաեւ Սոպոտի քաղաքապետ Յանցեկ Կառնովսկին եւ Սոպոտի պետական պատկերասրահի տնօրեն Զբիտնեւ Բրատցկին, տեղեկացնելով, որ 2014թ-ին երկու հանճարեղ նկարիչներ Հովհաննես Այվազովսկու եւ Թեոդոր Ակսենդովիչի ստեղծագործությունների ցուցադրությունը կկայանա Սոպոտի պետական եւ ՀՀ Ազգային պատկերասրահներում: Ցուցահանդեսի բացման կարմիր ժապավենի կտրելու պատիվը տրվեց Սոպոտի քաղաքապետ Յ. Կառնովսկուն: Ապա ներկաները հնարավորություն ունեցան ըմբոշխնել գեղանկարիչ Ռիշարդ Ստրիեցի կտավներին, գծանկարներին ու գրաֆիկական աշխատանքներին, որոնցում պատկերված էին Գդանցկի տեսարժան վայրերը, չքնաղ բնությունն ու կենդանիները: Տեղեկացնենք, որ 67 տարեկանում իր մահկանացուն է կնքել արվեստագետը, որի գծանկարներն ու գրաֆիկական աշխատանքները ցուցադրվել են ոչ միայն Լեհաստանում, այլեւ ամբողջ աշխարհում: Հայաստանի Ազգային պատկերասրահում կազմակերպած ցուցահանդեսը նաեւ նվիրված էր Ռիշարդ Ստրիեցի ծննդյան 80 եւ մահվան 15 ամյակներին: Ցուցահանդեսին ներկայացված հարյուրից ավելի աշխատանքներում գերիշխում էին արվեստագետի ոգեշնչումը անցյալ ժամանակաշրջանի , միջերկրական մշակույթով հագեցած` գոթիկայի ոճով ներծծված յուրօրինակ աշխատանքները; Մարիետա Մակարյան
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play