Սիրանուշ.Մայրիկս ինձ փորձում է տանել ամեն տեղ անվասայլակով, բայց դա շատ բարդ է մեր սիրելի Երևանում


Սիրանուշ.Մայրիկս ինձ փորձում է տանել ամեն տեղ անվասայլակով, բայց դա շատ բարդ է մեր սիրելի Երևանում

  • 12-10-2012 11:04:53   | Հայաստան  |  Հասարակություն

12 - ամյա Սիրանուշի նամակը Երեւանի քաղաքապետին. «Հարգելի պարոն քաղաքապետ, Իմ անունը Սիրանուշ է: Ես 12 տարեկան եմ, սովորում եմ Գայի անվան թիվ 129 դպրոցի 5-րդ դասարանում: Նաեւ Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի աշակերտուհի եմ, դաշնամուր եմ նվագում: Ես շատ եմ սիրում երգել, նկարել, երազել, սիրում եմ ընկերներիս եւ իմ ընտանիքը: Բայց ամենաշատը ես սիրում եմ զբոսնել, այցելել տարբեր հետաքրքիր վայրեր, մշակութային եւ կրթական օջախներ: Ես հայ եմ եւ շատ եմ սիրում իմ Երեւանը: Այն այնքան գեղեցիկ եւ նոր է ինձ համար: Ես երազում եմ զբոսնել Երեւանի փողոցներով, լինել այգիներում ու պուրակներում,… Բայց, ցավոք, ինձ համար դա շատ դժվար է, քանի որ ես անվասայլակ եմ օգտագործում եւ ինքնուրույն չեմ կարողանում տեղաշարժվել: Մայրիկս ինձ փորձում է տանել ամեն տեղ անվասայլակով, բայց դա շատ բարդ է մեր սիրելի Երեւանում: Մեր փողոցները հարմարեցված չեն սայլակով տեղաշարժվելու համար: Առաջին հայացքից շատ վայրերում կան թեքահարթակներ, բայց դրանց մեծամասնությունը շատ անհարմար է: Շատ դժվար է նաեւ սայլակով տեղաշարժվել առանց մայթերի փողոցներով, շատ անգամ մայրիկս հրում է սայլակը հենց մեքենաների արանքներով, որովհետեւ մայթերը քանդված են: Մենք ամեն օր անցնում ենք DE LYUX ռեստորանի մոտով, եւ այնքան ծանր է մայրիկիս բազմաթիվ աստիճանները հաղթահարել փողոցի երկայնքով, ոչ մի թեքահարթակ չկա: Չնայած փողոցների վատ պայմաններին, մայրիկս ինձ հաճախ է տանում զբոսանքի սայլակով, եւ ես շատ եմ ուրախանում, տեսնելով գեղեցիկ պարիսպներ եւ ծաղկանոցներ, բայց տխրում եմ, երբ հասկանում եմ, որ կառուցողները կրկին մոռացել են իմ եւ իմ նման շատերի մասին, եւ ստեղծելով գեղեցիկը, ոչ միայն անտեսել են թեքահարթակները, այլ նաեւ փակել են նախկինում եղած փոքր հարմարությունները: Մենք շատ հաճախ ենք անցնում նաեւ Արաբկիրով, գնում ենք տատիկի տուն, այնտեղ շատ գեղեցիկ է ամենը, բայց մայրիկը միշտ նեղվում է, որովհետեւ միակ փոքրիկ արանքը, որով մենք միշտ անցնում էինք սայլակով, փակել են, եւ հիմա մայրիկս ամեն անգամ բարձրացնում է սայլակը անցնելու համար: Շատ վիրավորական է, երբ փողոցներում, եթե նույնիսկ կան թեքահարթակնեն, նրանց առջեւը փակած է լինում մեծ ժամանակակից մեքենաներով, եւ մայրիկը ստիպված բարձրացնում է սայլակը: Ես բացարձակ չեմ օգտվում քաղաքային տրանսպորտից, որովհետեւ այն հարմարեցված չէ սայլակների համար, միայն հատ ու կենտ տաքսիները համաձայնվում են մեզ տեղափոխել, որովհետեւ իմ սայլակը չի տեղավորվում նրանց բեռնախցիկում: Շատ բազմաթիվ են իմ ու իմ նմանների խնդիրները մեր քաղաքում, բայց ՄԵՆՔ ՍԻՐՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ԵՐԵՎԱՆԸ, ՄԵՆՔ ԵԼ ԵՆՔ ՆՐԱ ԶԱՎԱԿՆԵՐԸ, եւ մենք ակնկալում ենք, որ Այն ել մեզ կսիրի, կհիշի ու հոգ կտանի իր զավակների համար»: Հարգանքով` Սիրանուշ
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play