Այցելություն ԼՂՀ 87-րդ Ընդհանուր Ժողովի շրջանակում


Այցելություն ԼՂՀ 87-րդ Ընդհանուր Ժողովի շրջանակում

  • 15-10-2012 15:19:35   |   |  Բարեգործություն
Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Հայաստանում գումարվող 87–րդ Ընդհանուր ժողովի պատվիրակներն ու հյուրերը, գլխավորությամբ ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի, հոկտեմբերի 14–ին մեկնեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Եռօրյա այցելության ընթացքում ՀԲԸՄ պատվիրակները կծանոթանան ԼՂՀ սոցիալ-տնտեսական կյանքին, ՀԲԸՄ-ի կողմից իրագործված ծրագրերին, հանդիպումներ կունենան հասարակայնության հետ եւ կայցելեն Շուշի ու Գանձասար: Հոկտեմբերի 15–ին տեղի ունեցավ ՀԲԸՄ պատվիրակների հանդիպումը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի եւ կառավարության անդամների հետ, որտեղ քննարկվեցին տարիների ընթացքում համատեղ իրագործված եւ ապագա ծրագրերը: ՀԲԸՄ-ի 87-րդ ընդհանուր ժողովի առիթով Ստեփանակերտում հայտարարվեց նաեւ ՀԲԸՄ նոր կրթական կենտրոնի ստեղծման մասին: Կենտրոնն իր մեջ կներառի Հայաստանի ամերիկյան համալսարանի հատուկ դասընթացների բաժինը: Այս ծրագրով Լեռնային Ղարաբաղի ուսանողները հնարավորություն կունենան հաճախելու արդիական մեթոդներով անցկացվող մասնագիտական դասընթացներին՝ անգլերեն լեզվի կատարելագործման ու Հայաստանի ամերիկյան համալսարանի ընդունելության քննությունների (TOEFL) նախապատրաստության գծով: Այդ ծրագրով դասընթացներ կանցկացվեն նաեւ կառավարման, տուրիզմի զարգացման, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ այլ ոլորտների գծով: ՀԲԸՄ նոր կրթական կենտրոնում կգործի նաեւ «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, որը արվեստի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների հանդեպ հետաքրքրություն ունեցող Արցախի երիտասարդությանը կտրամադրի յուրատեսակ ուսումնական փորձառություն: Այցելության ավարտին ՀԲԸՄ-ի պատվիրակները ներկա կգտնվեն Լեռնային Ղարաբաղի կամերային նվագախմբի համերգին: Նվագախումբը 2004 թ. ստեղծվել է ՀԲԸՄ-ի անմիջական նախաձեռնությամբ ու վայելում է նրա հովանավորությունը: ՀԲԸՄ-ն սփյուռքում հետեւողականորեն աջակցել է Արցախի անկախության ու ինքնորոշման իրավունքի ճանաչմանը եւ Արցախի տնտեսության վերականգնմանը: ՀԲԸՄ-ն աջակցել է նաեւ ԼՂՀ կառավարության պաշտոնյաների վերապատրաստման հատուկ դասընթացների ծրագրին: ՀԲԸՄ Արցախի վերաբնակեցման ընդհանուր ծրագրի շնորհիվ վերականգնվել ու վերաբնակեցվել է Հադրութի շրջանի Նորաշեն գյուղը: Անցած տարիներին միությունը ԼՂՀ-ում իրականացրել է մարդասիրական, կրթական եւ մշակութային բազմաթիվ ծրագրեր` բնակելի շենքերի ու դպրոցների շինարարություն ու վերանորոգում: Միության բարերարներն ու անդամները մասնակցել են Արցախի հզորացմանն ուղղված համահայկական ծրագրերին: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար դիմել ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչություն. agbuarm@agbu.am, +374-010-512251: Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (Armenian General Benevolent Union) սփյուռքի հնագույն, համաժողովրդական եւ համահայկական կազմակերպությունն է: Հայկական խոշորագույն այս կազմակերպությունը հիմնադրվել է Կահիրեում: ՀԲԸ Միության հիմնադիր-նախագահը մեծանուն ազգային գործիչ Պողոս Նուպար փաշան է: «Միութիւնը զօրութիւն է» նշանաբանով առաջնորդվող ՀԲԸ Միությունն իր էությամբ համահայկական կազմակերպություն է: Աշխարհի 26 երկրներում գործող 145 շրջանակային հանձնաժողովների, մասնաժողովների, Երիտասարդ արհեստավարժների հանձնաժողովների, կենտրոնների ու գրասենյակների, 36 միլիոն ԱՄՆ դոլար կազմող տարեկան բյուջեի եւ ազգային գործունեության հարուստ կենսափորձի շնորհիվ ՀԲԸ Միությունն այսօր հանդիսանում է սփյուռքի համահայկական խոշորագույն կազմակերպությունը: ՀԲԸՄ նախագահն է Պերճ Սեդրակյանը:
Նոյյան տապան  -   Բարեգործություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play