Հայկական մշակույթը աշխարհի ամենահին ու հարուստ մշակույթներից է


Հայկական մշակույթը աշխարհի ամենահին ու հարուստ մշակույթներից է

  • 16-10-2012 14:35:52   |   |  Մշակույթ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 16-ին ուղերձ է հղել Ստեփանակերտում մեկնարկած Պոեզիայի միջազգային փառատոնի մասնակիցներին: Ուղերձում ասված է. << Հարգելի բարեկամներ, Ուրախ եմ ողջունել պոեզիայի միջազգային փառատոնի բոլոր մասնակիցներին եւ հյուրերին: Մենք չափազանց կարեւորում ենք փառատոնի անցկացումն Արցախում եւ մեծ սիրով ենք մեր հինավուրց հայկական հողում հյուրընկալում աշխարհի տարբեր երկրներից ժամանած հանրաճանաչ բանաստեղծներին: Հայկական մշակույթը հանդիսանում է աշխարհի ամենահին ու հարուստ մշակույթներից մեկը, որտեղ միշտ իր ուրույն տեղն է զբաղեցրել բանաստեղծական արվեստը: Գրչի հայ տաղանդավոր վարպետները ստեղծել են այնպիսի մնայուն ու մեծարժեք գործեր, որոնք դարձել են ոչ միայն հայկական, այլեւ համաշխարհային պոեզիայի գոհարները: Այսօր էլ, իրականացնելով գրավոր խոսքի կերտման եւ մշակութային ավանդույթների պահպանման ու զարգացման կարեւոր առաքելությունը, գրողներն իրենց ստեղծագործություններով ոգեշնչում են հարազատ ժողովրդին, կրթում ու դաստիարակում սերունդներին` սերմանելով ինչպես ազգային, այնպես էլ համամարդկային արժեքները: ԼՂՀ իշխանությունները բարձր են գնահատում գրողի եւ գրականության դերը մեր իրականության մեջ եւ պատրաստակամ են այսուհետ էլ հնարավորինս աջակցել նրա զարգացման գործին: Այս տեսանկյունից ենք հենց կարեւորում նման միջոցառումների անցկացումը մեր հանրապետությունում, ինչը լավ հնարավորություն է նաեւ նոր կապերի հաստատման, Արցախը աշխարհին ավելի ճանաչելի դարձնելու համար: Թանկագին բարեկամներ, մաղթում եմ բոլորիդ արդյունավետ աշխատանք եւ նորանոր ստեղծագործական հաջողություններ>>:Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play