ՀՀ սփյուռքի նախարարն այցելեց «Կիլիկյան» դպրոց


ՀՀ սփյուռքի նախարարն այցելեց «Կիլիկյան» դպրոց

  • 22-10-2012 18:00:00   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Հոկտեմբերի 22-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելեց շուրջ 3 շաբաթ առաջ Հայաստանում բացված սիրիական կրթական ծրագրով դասավանդվող «Կիլիկյան» դպրոց: Մինչեւ ուսումնական գործընթացին ծանոթանալը նախարարը խորհրդակցություն անցկացրեց դպրոցի տնօրինության, Երեւանի քաղաքապետարանի մասնագետների, ուսուցիչների եւ Կիլիկյան բարեսիրական միության ղեկավարների մասնակցությամբ: Ներկաները նախարարին տեղեկացրին, որ ապահովված են բոլոր անհրաժեշտ պայմանները, երեխաները դասերն անցկացնում են վերանորոգված դասասենյակներում, ֆիզկուլտուրայի դասերը կայանում են կահավորված մարզադահլիճում, իսկ Սոֆի Դեւոյանի շնորհիվ անվճար հաճախում են պարի դասերի: Ներկայումս դպրոցում սովորում է 1-9-րդ դասարանցի 265 աշակերտ, դասավանդում են Սիրիայից Հայաստան եկած ուսուցիչներ, արդեն իսկ բազմացվել եւ աշակերտներին են տրվել համապատասխան դասագրքերը: Նախարար Հակոբյանը հետաքրքրվեց դասավանդման եւ ուսման որակով՝ կարեւորելով առանց թերացումների դասապրոցեսի կազմակերպումն ու աշակերտների՝ ուսման նկատմամբ տրամադրվածությունը: «Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր փորձեցին օգտակար լինել այս նախաձեռնությանը: Մեր ուսուցչուհիներն այսօր հերոսական գործ են անում, նվիրյալ աշխատանք, որպեսզի ոչ մի աշակերտ խորթություն չզգա: Բնականաբար մենք չէինք կարող անտեսել սիրիահայերի ցանկությունը ունենալ սիրիական ծրագրով դպրոց: Այս դպրոցի բացումն առաջին հերթին ՀՀ նախագահի քաղաքական կամքի դրսեւորումն էր: Եվ երբ կարգավորվի իրավիճակը Սիրիայում, մեր հայրենակիցները որոշեն գնալ հետ, երեխաները որեւէ դժվարություն եւ ուսումնական բացթողում չեն ունենա՝ ի շնորհիվ նրանց համար կազմակերպված դպրոցի»,-նշեց ՀՀ Սփյուռքի նախարարը: Այնուհետեւ նախարարը շրջեց դասասենյակներում, զրուցեց երեխաների հետ, լսեց նրանց տպավորությունները հայաստանյան կյանքի, ժամանցի ու կենսակերպի վերաբերյալ, ինչպես նաեւ՝ ծանոթացավ նրանց ընտանիքներին հուզող տարաբնույթ խնդիրներին:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play