Հանգանակվեց 250,000 ԱՄՆ դոլար ի նպաստ սիրիահայության օգնության ֆոնդին


Հանգանակվեց 250,000 ԱՄՆ դոլար ի նպաստ սիրիահայության օգնության ֆոնդին

  • 25-10-2012 01:10:40   | Հայաստան  |  Բարեգործություն

ՀԲԸՄ 87-րդ Ընդհանուր Ժողովի ընթացքում հանգանակվեց 250,000 ԱՄՆ դոլար ի նպաստ սիրիահայության օգնության ֆոնդին։ Հոկտեմբերի 14-21 օրերին Հայաստանում գումարված ՀԲԸ միության 87-րդ Ընդհանուր Ժողովի ավարտին տեղի ունեցած հրաժեշտի միջոցառման ընթացքում, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 20-ին, ընդառաջելով սիրիահայերի առաջնային կարիքները հոգալու նպատակով հանգանակություն կազմակերպելու կոչին, աշխարհի տարբեր երկրներից ժամանած միության պատվիրակների ու հյուրերի կատարած նվիրատվությունների շնորհիվ հանգանակվեց 250 հազար ԱՄՆ դոլար ի նպաստ սիրիահայության օգնության ֆոնդին: ՀԲԸ Միության Կենտրոնական վարչական Ժողովի օգոստոսի 3–ի որոշումով մեկ միլիոն ԱՄՆ դոլարի շտապ օժանդակության պահեստի գումար էր առանձնացվել սիրիահայության կարիքների համար: Ավելի ուշ, ՀԲԸ Միությունը կոչով դիմել էր սփյուռքահայությանը` զանգվածային ու անհապաղ օգնության ձեռք մեկնելու սիրիահայ մեր հայրենակիցներին: Նվիրատվություններ կատարելու ՀԲԸ Միության կոչին ընդառաջել են բազմաթիվ հայրենակիցներ: Համադրելով իր աշխատանքները Սիրիահայ Շտապ օգնության մարմնի հետ, որը համախմբում է համայնքի բոլոր հայկական կազմակերպությունները, Սիրիայի մեր կենտրոններում կազմակերպվում են մարդասիրական օգնության աշխատանքներ: Ի հավելումն սիրիահայությանը տեղում մարդասիրական օգնություն հասցնելու շարունակվող ծրագրին, ՀԲԸ Միությունը, ՀՀ սփյուռքի նախարարության հետ համադրում է իր աշխատանքները Հայաստանում սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող հասարակական կազմակերպության շրջանակներում: Միության տրամադրած տարածքում գործում է «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպությունը: Հայաստանում ապաստանած սիրիահայերն ամեն օր այցելում են կենտրոն, որտեղ հնարավորություն են ունենում հավաքներ անցկացնելու, ճանաչողական հանդիպումներ ունենալու, ինչպես նաեւ իրենց հուզող հարցեր քննարկելու: Կարիքավոր ընտանիքներին տրամադրվում է նաեւ անհրաժեշտ նյութական օգնություն:
Նոյյան տապան  -   Բարեգործություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play