Հայաստանի ՏՀՏ ոլորտի լուծումները կներկայացվեն Թբիլիսիում կայանալիք ՏՏ տարածաշրջանային միջոցառմանը


Հայաստանի ՏՀՏ ոլորտի լուծումները կներկայացվեն Թբիլիսիում կայանալիք ՏՏ տարածաշրջանային միջոցառմանը

  • 29-10-2012 13:57:23   | Վրաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Հայաստանի ՏՀՏ ոլորտի լուծումները կներկայացվեն ս.թ. նոյեմբերի 15-17 Թբիլիսիում կայանալիք 5-րդ ամենամյա Տեղեկատվական տեխնոլոգիաների տարածաշրջանային միջոցառմանը (GITI), որը բաղկացած է կոնֆերանսից, ցուցահանդեսից եւ մրցանակաբաշխությունից: Նախատեսվում է, որ հայկական պատվիրակությունը կներառի մասնավոր հատվածի եւ պետական գործակալությունների մոտ 35 ներկայացուցիչներ: Մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետն է հոկտեմբերի 29-ը: Հայաստանյան ընկերությունների մասնակցությունը միջոցառմանը կազմակերպում եւ համակարգում է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ): Միությունը նախատեսում է նաեւ մասնակից ընկերությունների համաֆինանասավորում: Միջոցառմանը կարող են մասնակցել եւ պատվիրակության մեջ ներգրավվել այն հայկական կազմակերպությունները, որոնք հայտ կներկայացնեն մրցանակաբաշխության որեւէ անվանակարգում, հանդես կգան գործարար ներկայացմամբ կոնֆերանսի թեմաներին համապատասխան, կներկայացնեն միջոցառմանը մասնակցելու հստակ ծրագիր, ինչպես նաեւ կպատրաստեն մարքեթինգային նյութեր` հայկական ՏՏ անկյունը պատշաճ ներկայացնելու համար: 2008 թվականից Հայաստանը մասնակցում է Տեղեկատվական տեխնոլոգիաների տարածաշրջանային միջոցառմանը` նպատակ ունենալով խթանել Հայաստանի ՏՀՏ ոլորտի առաջխաղացումը` որպես հուսալի եւ արդյունավետ միջավայր ներդրողների համար, ապահովել «Made in Armenia» բրենդի առաջխաղացումը, ձեռք բերել նոր գործընկերներ: Մինչ այժմ միջոցառմանը մասնակցած կազմակերպություններից են «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնը, «Լայմ Տեխ», «Էսենշլ Սըլյուշնս», «Իքս-Թեք», «Սի Էյջ Էս Վերիսել Սերվիս», «Իդրամ», «Հայկական ծրագրեր», «Էկենգ» ընկերությունները, ՀՀ Կառավարությանն առընթեր Պետական Եկամուտների Կոմիտեն եւ այլն: Հիշեցնենք, որ «Համագործակցություն մրցունակության, ինովացիայի եւ կիբերանվտանգության համար» կարգախոսը կրող Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Տարածաշրջանային Միջոցառման նպատակն է ստեղծել եւ խթանել Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի, Բալթյան երկրների, Կովկասի եւ Միջին Արեւելքի երկրների պետական եւ մասնավոր հատվածների, ասոցացիաների եւ ՏՀՏ ոլորտի այլ ընկերությունների միջեւ համագործակցությունը` նպաստելու նորարարությունն ու մրցունակությունը: Միջոցառման կամակերպիչներն են Վրաստանի ՏՀՏ Գործարար Խորհուրդը եւ Վրաստանի Էլեկտրոնային կառավարության զարգացման պետական հանձնաժողովը:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play