Շահան Գանտահարյան.Ռուսական առաջարկը բախվում է թուրքական մերժմանը


Շահան Գանտահարյան.Ռուսական առաջարկը բախվում է թուրքական մերժմանը

  • 05-11-2012 14:01:26   | Լիբանան  |  Վերլուծություն

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ ՄԱԿ-ի ու Արաբական լիգայի հատուկ ներկայացուցիչ Լախդար Իբրահիմիի հանդիպման նախօրյակին պաշտոնական Մոսկվան պարզ դարձրեց իր պատկերացումը սիրիական հանգուցալուծման ուղղությամբ: Լիակատար եւ երաշխիքային հրադադարի համար միակ առաջարկը, ըստ Մոսկվայի, ՄԱԿ-ի դիտորդների եւ խաղաղապահ ուժերի տեղակայումն է Սիրիայի տարածքում։ Թեեւ Ռուսաստանի փոխարտգործնախարարն ու նախագահի Միջին Արեւելքի հարցերով խորհրդականը վերջնական տեսք չի տվել ռուսական առաջարկին, այսուհանդերձ, երբ ասվում է, թե Մոսկվան պատրաստակամ է դիտարկել Սիրիայում ՄԱԿ-ի դիտորդների եւ խաղաղարարների տեղակայման հարցը, նշանակոմ է, որ ոչ թե դիտարկումից անդին պատրաստ է միայն քննարկելու, այլ նաեւ այդ գծով առաջարկ անելու եւ աշխատելու, որ այդ առաջարկը վերածվի որոշման: Ռուսական այս առաջարկը բախվում է թուրքական մերժմանը, որը դիվանագիտական ձեւերով հրապարակայնորեն մերժում է այն, եթե ոչ անպայման հակա-առաջարկ, գեթ փոխ-առաջարկ ներկայացնելով: Անկարան եռակողմ ձեւաչափով կայանալիք համաձայնության մեջ է տեսնում Սիրիայի հանգուցալուծումը. այստեղ մանրամասնված է նաեւ եռակողմի բովանդակությունը` Թուրքիա, Ռուսասատան եւ Իրան: Դիվանագիտական բառապաշարով այս առաջարկը իր հերթին արձագանգ է գտել Ռուսաստանից: Մոսկվան սկզբունքորեն համաձայն է ձեւաչափի այս բաղադրությանը, սակայն, ըստ ռուս դիվանագետ ներկայացուցչի, գոյություն ունեն ձեւաչափի տարբեր տարազներ` Թուրքիա- Իրան-եգիպտոս եւ Թուրքիա-Եգիպտոս-Սաուդյան Արաբիա: Միաժամանակ, նկատվում է միջազգային ընտանիքի այլ առնչված կողմերի համեմատական կրավորականությունը, գեթ առ երեւույթ: Հարցի լուծման հստակ առաջարկներ չեն հնչում այս կամ այն կողմից եւ հայտարարությունները մնում են կարգախոսային բովանդակության սահմաններում: Հունիսին էր, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամները հատուկ հաղորդագրությամբ նախատեսել էին ձեւավորել անցումային կառավարություն: Անցումային կառավարության անտեսանելիությունն է փաստորեն, որ մշտական անդամներից մեկին մղում է նոր առաջարկով հանդես գալու: Նախադրյալները հուշում են, որ ռուսական առաջարկը միջազգային ընտանիքի կողմից կարող է քննարկման առարկա դառնալ: Ի վերջո, զինվորական բախումներով հատկանշվող հակամարտության գոտիների համար նախատեսված ընթացակարգ է խաղաղապահ ուժերի առաքումը, մանավանդ քաղաքացիական ընդհարումների դեպքում։ Չի բացառվում, որ որեւէ հակամարտության լուծում նաեւ, ըստ միջազգային համաձայնության, հանձնվի միջնորդական առաքելություն իրականացնող կողմերին: Այս եւս օրինաչափ է իբրեւ պրակտիկա եւ միջազգային պայմանագրի հիման վրա կիրառելի որոշում: Այս դեպքում սակայն միջնորդական ձեւաչափի բաղադրության անորոշությունը եւ առաջարկողի կողմից տարբեր պատկերացումներ հրապարակ նետելը չի օգնում, որ սկզբունքի շուրջ համաձայնություն գոյանա: Ռուսական արձագանգը այդ մասին է վկայում` «համաձայն, բայց...»: Մոսկվայի եւ Անկարայի պատկերացումները կարող են նույնիսկ իրար լրացնել, եթե անշուշտ ընդհանուր համաձայնությունը կայանա: Զինվորական տեղակայումներին զուգահեռ միջնորդական առաքելությունները կարող են աշխատել: Եւ կամ միջնորդները կարող են խաղաղապահ ուժերի տեղակայման անհրաժեշտության հանգել ու դիմել միջազգային ընտանիքին: Այս բոլորը դեռ ճանապարհ ունեն անցնելու: Հստակ է, որ սիրիական խնդիրը հայտնվել է երկու հիմնական ուղղությունների առանցքներում։ Իսկ Մոսկվան եւ Անկարան դեռեվս չեն համաձայնել խնդրի լուծման ընդհանուր սկզբունքների շուրջ: Շահան Գանտահարյան «Ազդակ»-ի գլխավոր խմբագիր
Նոյյան տապան  -   Վերլուծություն